Ուղիղ եթեր
Հունաստանի դիրքորոշումը հարգանքի է արժանանում նաև Թուրքիայի կողմից, մինչդեռ Հայաստանի քայլերը դիտարկվում են քծնանքի և շողոքորթության համատեքստում
copy image url

Հունաստանի դիրքորոշումը հարգանքի է արժանանում նաև Թուրքիայի կողմից, մինչդեռ Հայաստանի քայլերը դիտարկվում են քծնանքի և շողոքորթության համատեքստում

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 21:00 24-02-2023
Ինչպես արդեն տեղեկացրել է Oragir.News-ը, փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում երկու ավերիչ երկրաշարժեր տեղի ունեցան, որոնք երկու երկրներին էլ պատճառեցին զգալի ավերածություններ, ինչպես նաև երկրաշարժերի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ մահացան։ Միևնույն ժամանակ ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին մեկնեց Թուրքիա, իսկ փետրվարի 23-ին՝ Սիրիա։

Ցանկացած երկրի պարագայում, որի հետ Հայաստանը կունենար բնականոն հարաբերություններ, այս այցը որևէ քննադատություն չէր առաջացնի, և այն կդիտարկվեր որպես մադասիրական ժեստ։ Սակայն Թուրքիայի պարագայում իրավիճակը նույն չէր՝ հաշվի առնելով այդ երկրի քաղաքականությունը Հայաստանի, Արցախի, սփյուռքահայերի նկատմամբ, պատմական բազում խնդիրները և այլն։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Թուրքիա համապատասխանում է Հայաստանի իշխանությունների՝ այդ երկրի հետ հարաբերություններն ամեն գնով կարգավորելու քաղաքականությանը։ Ամեն դեպքում Միրզոյանի կատարած այցելությունների ժամանակ տեղի ունեցան մի քանի զարգացումներ, որոնք ակնհայտ կերպով ցույց են տալիս բարեկամ, և դեռևս ոչ բարեկամ երկրի իրական վերաբերմունքը Հայաստան պետության նկատմամբ։ Նկատենք, որ Անկարայի օդանավակայանում Արարատ Միրզոյանին դիմավորել է հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլըըչը, իսկ Սիրիայի պարագայում՝ այդ երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը: Առհասարակ դիվանագիտական արարողակարգին տիրապետող ցանկացած ոք տեղյակ է, որ երբ պաշտոնյային դիմավորում է իրենցից կոչումով ավելի ցածր պաշտոնյա, ապա դա փաստում է հարգանքի բացակայության, կամ ժամանող պաշտոնյայի երկրի պակաս կարևորության։ Ինչ վերաբերում է հարգանքին, ապա սա Հայաստանի արտաքին գործերի նախարարի նկատմամբ Թուրքիայի կողմից նման վերաբերմունքի առաջին դեպքը չէ. նախորդ տարի Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակներում Չավուշօղլուն Միրզոյանի հետ հանդիպմանը ներկայացել էր առանց փողկապի, ինչը նույնպես դիվանագիտական արարողակարգի խախտում էր և վերաբերմուքի դրսևորում։

Բացի այդ բարեկամական երկրում Հայաստանի արտգործնախարարին Դամասկոսում ընդունեց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, Միրզոյանը հանդիպումներ ունեցավ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ Թուրքիայում ամենաբարձր մակարդակի պաշտոնյան, ով հանդիպում ունեցավ վերջինիս հետ իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուն էր։

Սակայն միևնույն ժամանակ չափազանց կարևոր է, որ այս դիրքորոշումը չպայմանավորվի բացառապես Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ առկա թշնամական քաղաքականությամբ, որը վերջին շրջանում թեև որոշակի մեղմացել է, սակայն այդ երկրի նախապայմանների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շարունակվում է։ Արարատ Միրզոյանից առաջ Թուրքիա էր ժամանել նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որի երկրի և Թուրքիայի հարաբերությունները մեղմ ասած լարված են, ամիսներ առաջ Էրդողանը սպառնացել էր, որ մի գիշեր հանկարծակի կարող է ներխուժել Հունաստան, երկու երկրներն ունեն բազում խնդիրներ և այլն, սակայն Դենդիասին դիմավորել էր անձամբ իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուն։

Այս համատեքստում կարևոր է նկատել, որ Հունաստանը հակված չէ ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այդ գործընթացի շրջանակներում չի հրաժարվում իր ազգային շահերից և գերակայություններից։ Փաստացի Հունաստանի նման դիրքորոշումը հարգանքի է արժանանում նաև Թուրքիայի իշխանությունների կողմից, իսկ Հայաստանի քայլերը դիտարկվում են քծնանքի և շողոքորթության համատեքստում։

Հիշենք նաև, որ ավելի վաղ Oragir.News-ը պարզել էր, որ Հայաստանից Թուրքիա կրկնակի անգամ ավելի շատ փրկարարներ են ուղարկվել, քան դա պաշտոնապես հայտարարվել էր։ Բացի այդ Հայաստանի իշխանությունները Թուրքիային ավելի մեծ քանակի հումանիտար օգնություն էին տրամադրել, քան Սիրիային, այն դեպքում, երբ Սիրիան ավելի շատ ուներ այդ օգնության կարիքը, բացի այդ Սիրիայում բնակվում է մեծ թվով հայկական համայնք, և այդ պետությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բարեհամբույր և բարեկամական վերաբերմունքով։