Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 16:08 24-02-2023

Պետք չէ ֆիքսվել ճանաչման ակտի պարտադիրության վրա, որովհետև պետություններ կան, որոնք ճանաչված չեն. Սիմոնյան

Տարոն Սիմոնյանը համաժողովի ընթացքում ասաց, որ Արցախի ինքնորոշման խնդրի լուծման ճանապարհների ուղղությամբ մենք հիմնական խնդիր ունենք մեկ գաղափարական մակարդակում և մեկ խիստ պրակտիկ մակարդակում։

«Ինձ թվում է, որ մենք մեզ համոզելու բան չունենք Արցախի ինքնորոշման անբեկանելիության հարցում։ Արի ու տես, որ 32 տարեկան պետություն ենք և մենք դեռևս խնդիր ունենք միջազգային իրավունքի ընկալման մակարդակում միջազգային քաղաքականություն իրականացնելիս, և շատերը քաղաքականություն իրականացնող մարդիկ, ընկալման պռոբլեմը հենց գործնականում են արտահայտում, որովհետև կարծում են, թե միջազգային իրավունքը մեծապես ուղղահայաց գործող համակարգ է և փորձում են էդ ուղղահայաց գործող համակարգում իրենցից վերև գտնել ինչ որ «գերբնական իրավունք», որ հղում կատարելով կարող են հողի վրա խնդիրներ լուծել»։

Ըստ Սիմոնյանի՝ միջազգային իրավունքը շատ ավելի հորիզոնական գործող համակարգ է. «Պետություններն իրենց ամենօրյա գործողություններով ձևավորում են միջազգային իրավունք։ Պետություններն իրենց վարքագծով, պռակտիկայով կարող են նպաստել միջազգային իրավունքի ձևավորմանը և առավելապես նաև հայտարարություններով։ Պետության ղեկավարի, գործադիր իշխանության ղեկավարի, ԱԳ նախարարի հայտարարությունները համարվում են պետության դիրքորոշումներ և ազդում են միջազգային իրավունքի անուղղակի ձևավորման վրա։

Հետևապես՝ պետք է չափազանց զգուշավորություն դրսևորենք և հույսներս չդնենք, որ օբյեկտիվ և մեզնից բարձր գտնվող միջազգային իրավունքը, անկախ մեր վարքագծից, մեր նկատմամբ պետք է հետևանքներ առաջացնի, մեր վարքագիծն ինքն է միջազգային իրավունքի արտահայտություն և ստեղծում որպես պետություն»։

Սիմոնյանը նկատեց, որ ՀՀ ներկայացուցիչները միջազգային դատական ատյանում լրիվ ուրիշ իրավական ուղղություն են տանում, որը բխում է ազգային շահերից և ունենք իրավիճակ, երբ որ քաղաքական գործիչները հայտարարություններ են անում, որոնք հակասում են դատարանում հնչեցրած Հայաստանի կարծիքից։ «Էստեղ արդեն ներելու իրավունք չունենք նմանատիպ վարքագիծ դրսևորողներին։ Ամբողջ միջազգային իրավունքի համակարգը ճկուն համակարգ է և մենք պետք է էդ համակարգի հետ աշխատենք, որպես ճկուն համակարգ»։

Սիմոնյանն ընդծեց, որ մենք ուզում ենք անպայմանորեն մեզ ինչ-որ մեկը ճանաչի, որ մենք մեզ լիարժեք զգանք. «Եթե մենք որպես ազգ, պետականություն ինքներս մեզ դրսևորում ենք որպես ազգ և որպես պետականություն, միջազգային իրավունքը հարմարվում է դրա հետ, եթե չենք դրսևորում, բնականաբար, արձագանքը բացասական է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։