Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:10 10-10-2022

ԵՄ դիտորդների թիկունքում հզոր պետություններ են՝ այցը դրական է․ իսկ մենք պիտի պատրաստվենք տարբեր սցենարների․ Մհեր Հակոբյան

Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվեցին, որ ԵՄ դիտորդական խումբ կգա տարածաշրջան՝ Հայաստան-Ադրբեջան փաստացի շփման գիծը դիտարկելու առաքելությամբ։ «Մեզ համար սա դրական է»,- Oragir.news-ի հետ զրույցում նշեց ռազմական պատմաբան, իրավագետ Մհեր Հակոբյանը։

«Որքան միջազգային հանրության ուշադրությունը, այդ թվում նաև՝ դիտորդների շնորհիվ, լինի մեր խնդրի վրա, այնքան ավելի լավ, քանի որ ակնհայտ է, որ այս դեպքում և՛ ձևական, և՛ իրավաբանական, և՛ փաստացի մակարդակներում մենք ճիշտ ենք՝ ագրեսիայի զոհ ենք, և այս պարագայում աշխարհն այս մասին պիտի հնարավորինս շատ իմանա»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իրեն մտահոգում է ընտրված փոքր ժամկետը, քանի որ նման աշխատանքն այսպես արագ կազմակերպելը որակի առումով կարող է խնդիր ունենալ․ «Բայց ավելի լավ է այսպես լինի, քան ոչինչ չլինի նաև անկախ քաղաքական ուղղվածությունից՝ հիմա ռուսամետները դեմ են, եվրոպամետները կողմ են, բայց, կարծում եմ, եվրոպական մասնակցությունը ամեն դեպքում դրական է այս կոնֆլիկտի համար»։

Դիտարկմանը, թե ընտրված երկու ամիս ժամկետը գուցե հենց այն ժամանակն է, որ մեր տարածաշրջանում կարող էին թեժանալ ռազմական գործողությունները՝ գիտենք, որ սաստիկ ձմռանը դրանք սովորաբար պասիվ փուլ են մտնում, Հակոբյանն արձագանքեց․ «Միանշանակ եղանակային գործոնը կա։ Ճիշտ է, Ալիևը լկտի և լպիրշ հայտարարություններ է անում, վարքագիծ է դրսևորում, բայց նա սահմանային լարվածությունից իր համար քամեց ամեն ինչ։ Հիմա թշնամական բանակը Ջերմուկի մոտ է, և ինքը չի կարող ասել դեմարկացիա-դելիմիտացիա չկա, առաջ ենք գնում, քանի որ ակնհայտ է, որ Ջերմուկը, Վարդենիսը հայկական իրավաբանական տարածքներն են»։

Հարցին, թե դիտորդների դիտարկումները կարո՞ղ են ստիպել Ալիևին, որ բանակը հետ քաշի՝ Հակոբյանը պատասխանեց․ «Քիչ հավանական է, բայց պիտի հաշվի առնենք, որ դիտորդների թիկունքում հզոր պետություններ են, և ընդհանրապես հաշվի չնստել նա չի կարող։ Ի վերջո, նշենք, որ Ադրբեջանն էլ այս պատերազմում բավական կորուստներ կրել է»։

Ո՞ր ուղղությամբ են զարգանում դեպքերը հարցին ի պատասխան նա նշեց, որ դա այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել․ «Ուկրաինական պատերազմի անորոշության ֆոնին տարբեր զարգացումներ տարբեր միջազգային հետևանքներ կբերեն։ Համենայն դեպս, կողմերը փորձում են հարմար դիրքավորվել․ ունեն մի քանի սցենարներ, պատրաստվում են դրանցից յուրաքանչյուրի դեպքում գործել։ Ռուս-ուկրաինական պատերազմը որոշիչ է աշխարհի անվտանգային ողջ համակարգի համար․ հիմա պատկերացնենք, որ եթե Արևմուտքն ու Պուտինն իրար հետ որևէ համաձայնության գան, մենք մեկ իրականություն կունենանք, իսկ եթե բախումն այս դաժանությամբ շարունակվի, կունենանք բոլորովին այլ իրականություն։ Բոլոր խելացի և իրենց հարգող մարդիկ պատրաստվում են տարբեր սցենարների պարագայում տարբեր իրավիճակներում գործել։ Ես կարծում եմ՝ այսօր չկա աշխարհում մեկ մարդ՝ նույնիսկ ամենաուժեղները, որ կարող են ասել, թե ինչ կլինի մյուս տարի գարնանը»։

Իսկ մենք պատրաստվո՞ւմ ենք՝ Դուք ի՞նչ եք տեսնում՝ հարցին ի պատասխան Հակոբյանը նշեց, որ չէր կամենա խորությամբ անդրադառնալ այս թեմային, բայց այն, ինչ արվում է մեզ մոտ, բավական թերի է արվում։ «Եվ մենք պիտի հիշենք, որ սա միայն ռազմական ոլորտի հարցը չէ։ Ընդհանուր կառավարման համակարգի արդյունավետությունը պետք է բարձրացնել։ Ռազմավարչական գործառույթը, ցավոք, մեր դեպքում շատուշատ թերի է գործում, որն էլ ուղիղ ազդեցություն է ունենում արդեն պաշտպանական ոլորտի վրա։ Այստեղ լրջագույն խնդիրներ կան։ Նաև կա Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունության խնդիրը․ Արցախում արդեն երկու օր է միտինգ է, դելեգացիա է Երևան գալիս, և չգիտենք, թե սա ինչով կավարտվի։ Նորից չարաբաստիկ ուկրաինական իրավիճակի ո՛ր զարգացման դեպքում Հայաստանում ինչ արտացոլում կունենա։ Հայաստանի հայտնի շրջադարձը դեպի Արևմուտք Մոսկվայում շատ խանդով է ընդունվում։ Իրենք այս պահին նեղ դրության մեջ են, բայց մենք չգիտենք՝ երբ այս իրավիճակն ուղղվի, սա ինչ արտացոլում կունենա ՀՀ-ի տարածքում։ Չգիտենք ՝ Արցախի Հանրապետության այս քայլերն ինչ ազդեցություն կունենան Երևանում»։

Կա մտահոգություն, որ ռուս-ուկրաինական հակամարտության սերմերից են նետվում Հայաստանի ու Արցախի միջև․ այս դիտարկմանն ի պատասխան՝ Մհեր Հակոբյանն ասաց, որ բացառում է, որ տեսանելի ապագայում հայերը, որ ապրում են Հայաստանում ու Արցախում բախվեն իրար հետ։ «Ես հարցը կդիտարկեմ՝ որպես պատմաբան և իրավաբան։ Մենք ուկրաինացիներ չենք, ոչ էլ՝ ռուսներ ենք։ Մենք հայ ժողովուրդ ենք, որ իր քաղաքակրթական արմատներով գալիս է հազարամյակներից։ Ուկրաինացի ժողովուրդը ամենաբարեմիտ գնահատականներով հազիվ երկու հարյուր տարվա պատմություն ունենա (իրականում՝ հիսուն-վաթսուն), իսկ հայ ժողովուրդը, հազարամյակներ առաջ արդեն միասնական ազգային գիտակցություն ուներ․ պայմանական՝ Ավարայրի կարգի ճակատամարտում Արցախի գնդերը կռվում էին Շիրակի, Գուգարքի, Տայքի և այլ նահանգների գնդերի կողքին, և դա հազար վեց հարյուր տարի առաջ էր։ Մենք կարող ենք գնալ պատմական առավել հեռուներ-խորքեր։ Այնպես որ, փաստ է՝ մենք ունենք քաղաքակրթական ամուր ողնաշար»։

Երկրորդ պատճառն, ըստ Հակոբյանի, առավել պրագմատիկ է․ Արցախն առանց Հայաստանի թույլ է՝ փոքրաթիվ բնակչությամբ, ու լոգիստիկայով էլ ամբողջապես կախված է Հայաստանի Հանրապետությունից․ Արցախում դա գիտակցում են, և դա ևս թույլ չի տա, որ սկսվի նման կոնֆլիկտ։ Փոխարենը, ըստ նրա, կարող է լինել այլ իրավիճակ՝ Արցախի քաղաքական գործընթացները մոտակա տասնամյակում կարող են ակումուլյացնել Երևանում։ «Ի վերջո, իմ տիպի մարդու համար արցախցու անվտանգությունը նույնն է, ինչ՝ Շիրակի, Վանաձորի, Տավուշի կամ Երևանի բնակչի անվտանգությունը»։

Մեր ներկայիս քաղաքականությունը՝ տեղի տալ Ալիևի ճնշումներին ու շարունակել զիջումների գնալ, ըստ Հակոբյանի, առավելագույնս վտանգավոր և անհեռանկարային է Հայաստանի համար․ «Դա լավագույնս արտացոլված է «Չարի վերջը» հեքիաթում։ Եվ դա փոքրերի համար հեքիաթ չէ, դա պատմություն է մեծերի համար այն մասին, որ չի կարելի հուսալ, թե շանտաժիստին զիջելով կհասնես նպատակիդ, որ զիջելով ունեցածդ մեկը՝ կարող ես պահել մյուսները․ այս պատմությունը ցույց է տալիս, որ մեկը կարող է պահանջել այն, ինչի իրավունքը չունի (սարն Աղվեսինը չէր), կամ էլ սպառնալ մի բանով, որ չունի (կացին էլ չուներ)։ Պիտի, վերջապես սկսենք հասկանալ դա»։

Ամփոփելով՝ Հակոբյանը հիշեցրեց, որ ցանկացած սցենարի մենք պիտի պատրաստվենք՝ բարձրացնելով մեր մարտունակությունը․ դա էլ, անշուշտ, որոշակի դիրքորոշում և գումար է ենթադրում, սակայն հենց այդ ուղղությամբ է, որ պետք է ներդրումներ կատարել․ «Մեկ զինվորի հանդերձանքը մոտավոր հաշվարկներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ՝ նոր, դիմացկուն սաղավարտներով, զրահաբաճկոններով, բարձրորակ համազգեստով՝ ծնկակալ-արմնկակալերով, որպեսզի երբ մարդը տեսնի, թե բանակն ինչպես է իրեն հանդերձավորելու, առավել վստահ ստանձնի այդ գործը։ Տասը միլիոն դոլարով կարելի է նորմալ հանդերձավորել երեք-չորս բրիգադ։ Եվ այդ ուղղությամբ աշխատելը պիտի լինի պետության քաղաքականության հիմքում»։


Կարմեն Մարտիրոսյան