Երևան +18°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:08 01-06-2022

Հունիսի 1-ի ճռճռան շնորհավորանքներից դուրս․ ճի՛շտ դաստիարակենք երեխաներին, որ պետություններ չկործանեն

Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Չորս կողմից կհնչեն ճռճռան ելույթներ, շնորհավորանքներ, կենացներ, պաշտոնյաները, քաղաքական եւ հանրային գործիչները սիրատոչոր լուսանկարներ կհրապարակեն երեխաների հետ՝ «տեսեք, տեսե՜ք՝ ինչքան ենք մենք սիրուն մանուկներին», մի քիչ կրեատիվները իրենց մանկության լուսանկարներից կհրապարակեն՝ փորձելով սեր եւ գորովանք արթնացնել, թե «մենք էլ ենք մանուկ եղել՝ անգամ ժիր եւ սիրունիկ»։ Պաթոսախեղդ կլինենք, ձեռքի հետ, ինչո՞ւ ոչ, գունավոր, վառ միջոցառումներ կլինեն, իսկ արդեն հաջորդ օրը ամեն ինչ կլինի առաջվա պես։ Կշարունակենք ապրել՝ կենացից կենաց հիշելով երեխաներին, ոչինչ չանելով նրանց անվտանգ, ապահով, խաղաղ մանկությունը ապահովելու համար՝ նրանց կրթության, առողջության պահպանման իրավունքը ամենուր ոտնահարելով, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության ենթարկելով, նրանց հայրենիքից զրկելով․․․

Իսկ ովքե՞ր են այս «մեղսագործները»․ իհարկե, մեծահասակները, այսինքն՝ նախկին երեխաները, որոնք այսօր դարձել են ղեկավար, առաջնորդ, մեծ եւ միջին տրամաչափի որոշումներ կայացնող․․․ Իսկ ինչո՞ւ նրանք չեն սիրում երեխաներին կամ սիրում են երեխաներին հունիսի 1-ից հունիսի 1, կենացից կենաց, որովհետեւ նրանց եւս չեն սիրել, որովհետեւ նրանք լավ մանկություն չեն ունեցել, նրանք սեր, հոգատարություն, պարկեշտություն չեն տեսել։ Բոլոր դժբախտությունների բանալին պետք է փնտրել մանկության մեջ, հասուն տարիքում ի հայտ են գալիս մանուկ հասակում ստացած տրավմաները, չբավարարված ամբիցիաները, չստացած ուշադրությունը եւ հոգատարությունը։

Այնպես որ, եթե նույնիսկ այսօր մենք որոշում կայացնող մեծահասակ չենք կամ անկարող ենք մեր երեխաներին ծովից ծով Հայաստան թողնել, խաղաղ եւ բարեկեցիկ մի բուռ հայրենիքն էլ վատ չէր լինի, ապա գոնե կարող ենք ճիշտ դաստիարակել մեր երեխաներին՝ ապահովելով ներդաշնակ մանկություն, տալով լավ կրթություն, սերմանելով իրական հայրենասիրություն եւ մարդկային լավ որակներ։ Իսկ սա առաջին հերթին կարող ենք անել սեփական օրինակով, անել ոչ թե եւ ոչ միայն հանուն մեզ եւ մեր երեխայի, այլ հանուն հասարակության եւ պետության, որովհետեւ վաղը, մյուս օրը հենց ձեր երեխան կարող է դառնալ առաջնորդ, որոշում կայացնող՝ ըստ այդմ՝ հաղթանակների եւ հաջողությունների սիմվոլ կամ պարտությունների եւ աղետների պատճառ։

Ձեզ գուցե հետաքրքրի