Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:16 21-02-2023

Վարդանյանը ստիպված է հաշվի նստել Արցախում առկա քաղաքական կոնյուկտուրայի հետ․ Արա Պողոսյան

«Իհարկե կուլիսներում քննարկվում է հարցը, ես որքանով որ տեղյակ եմ, չնայած նրան, որ հարցը ակտուալ է, բայց հրաժարականի հետ կապված կան տարաձայնություններ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ խոսելով Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին տարածվող լուրերից։

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի պահանջը Վարդանյանի հրաժարականով չի սահմանափակվելու, սրան հաջորդելու են նոր զիջումներ։

«Խնդիրը առաջացրել է որոշակի դիսբալանս Արցախում․ կա մի մաս, ովքեր կարծում են, որ հիմա ինչ-որ կերպ թոթափեն այդ իրավիճակը, միջանցքը բացվի, կա մի մաս, որ կարծում է, որ դա բերելու է շղթայական ռեակցիայի, ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր հասկանում են, որ այս պահին հրաժարականի միջոցով եթե կարողանան միջանցքը բացել, իրենց համար կենցաղային որոշակի հարցեր կկարգավորվեն, բայց դա միայն ժամանակավոր և դրվագային ազդեցություն է ունենալու, որովհետև ոչինչ չի խանգարելու, ըստ էության, որպեսզի Ադրբեջանը ևս մեկ անգամ և բազմաթիվ անգամներ տարբեր պատրվակներով փակի միջանցքը»,- ասաց քաղաքագետը։

Պողոսյանը նշեց նաև, որ այդ մարտավարությունը Ադրբեջանում կա և այդ մարտավարությունը Ադրբեջանում բավականին մանրակրկտորեն ուսումնասիրված է։

«Իրենց խոսույթը այն է, որ այ եթե դուք հրաժարվեք x անձից, կշահի ամբողջ Արցախը։ Ի վերջո, մենք պետք է հասկանայինք, թե ինչու էր փակվել, առանց հասկանալու մնացած քննարկումները, կարծում եմ, պրոդուկտիվ չեն լինելու։ Փակվել է որոշակի հստակ նպատակով, որին Ադրբեջանը փորձում է հասնել, դա բնապահպանական չէ, դա կոնկրետ ազդեցության լծակ ստանալու համար է։ Իսկ այդ լծակներից ամենաէֆեկտիվը կառավարական համակարգի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցության ապահովումն է»,- ասաց քաղաքագետը։

Քաղաքագետը նշեց, որ եթե դիտարկենք ադրբեջանական տեղեկատվական հոսքերը, ապա կտեսնենք, որ այնտեղ հաճախ, նույնիսկ չափից շատ անկեղծ են իրենց ցանկությունների մեջ։

«Սա է իմ մոտ մտահոգություններ առաջացրել, որ այդ x անձի գնալուց հետո հաջորդ պահանջն է լինելու, իսկ մինչև ե՞րբ ենք զիջելու, իսկ առաջին զիջմանը անպայման հաջորդելու են մյուս զիջումները։ Այստեղ, մի բան տալով, արդեն ենթագիտակցորեն հարմարվում ես զիջելու, տալու հետ, ինչի վրա նաև հաշվարկ ունի ադրբեջանական կողմը»,- ասաց Պողոսյանը։

Հարցին, թե ինչ է կարծում՝ Ռուբեն Վարդանյանը հրաժարական կտա՞, օրեր առաջ նշել էր որ չի տալու հրաժարական, Պողոսյանն ասաց. «Ցավոք սրտի, ամեն ինչ չէ, որ կախված է Ռուբեն Վարդանյանից և իր որոշումից, Արցախում կա որոշակի քաղաքական կոնյուկտուրա, որի հետ, ուզի, թե ոչ, ստիպված է լինելու հաշվի նստել։ Ադրբեջանում հույս ունեն նաև, որ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հետ կապված այդ ճնշումը նաև Երևանի կողմից կլինի, ինչի արդյունքում Վարդանյանը ստիպված կլինի հրաժարական տալ։ Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ցանկացած նոր զիջում իր հետ բերելու է էլ ավելի մեծ զիջումներ։ Այս պահին լինելու է Ռուբեն Վարդանյանը, հաջորդին՝ Պողոս Պողոսյանը, ինչը և Ադրբեջանը բացատրելու է, իրենց լեզվով ասած, Ղարաբաղի վերաինտեգրման մասի սկիզբ, հենց այդպիսի իրավիճակների վրա է իրենց հույսը»,- ասաց քաղաքագետը։