Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:01 16-02-2023

ՀՀ-ն բարձր է գնահատում Ճապոնիայի աջակցությունը Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Հայաստանը կարևորում է Ճապոնիայի կառուցողական դերն ու հավասարակշռված դիրքորոշումը՝ հարվակովկասյան տարածաշրջանում առկա տարբեր խնդիրների կարգավորման հարցում:

Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունում Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան առիթով կազմակերպված ընդունելությանը:

Հայաստանն ու Ճապոնիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշել են նախորդ տարի: Փոխվարչապետը գոհունակությամբ արձանագրեց, որ անցած ավելի քան 3 տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ երկու ժողովուրդների և պետությունների միջև ձևավորվել է բարի կամքի և փոխըմբռնման վրա հիմնված սերտ համագործակցություն:

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և փոխգործակցության հետագա ամրապնդումը՝ հաշվի առնելով Ճապոնիայի ներդրումը տարածաշրջանում և ողջ աշխարհում՝ խաղաղության առաջխաղացման, ժողովրդավարական ինստիտուտների, աղետների կանխարգելման և բնապահպանական կարողությունների զարգացման գործում:

«Մեզ համար շատ կարևոր է Ճապոնիայի կառուցողական դերն ու հավասարակշռված դիրքորոշումը՝ հարվակովկասյան տարածաշրջանում առկա տարբեր խնդիրների կարգավորման հարցում: Բարձր ենք գնահատում Ճապոնիայի աջակցությունը ԼՂ հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչի համատեքստում մեծապես գնահատելի էր նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմից տուժածներին 3.6 մլն ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական օգնություն տրամադրելու Ճապոնիայի կառավարության 2021 թվականի որոշումը: Այժմ էլ Արցախի ժողովուրդը ձեր աջակցության կարիքն ունի»,-ասաց փոխվարչապետը:

Նա շեշտեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Լաչինի միջանցքը կյանքի ճանապարհ է Արցախում բնակվող 120 հազար մարդկանց համար, որոնք ներկայում գրեթե սպառել են առկա պարենամթերքի, դեղորայքի և էներգետիկ ռեսուրսների պաշարները:

«Իրավիճակի կարգավորումը պահանջում է միջազգային հանրության հասցեական արձագանքն ու գործնական քայլերը: Այս առումով Ճապոնիայի խոսքը ևս կարևոր է»,-նշեց Խաչատրյանը:
Հայաստանը բարձր է գնահատում Հայաստանում Չինաստանի դեսպանի այս տարվա հունվարի 10-ին արված կոչը՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև հունվարի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի և Ճապոնիայի ԱԳ նախարարի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում խնդրի շուրջ ճապոնական կողմից արտահայտված փոխըմբռնումը:

Հայաստանի կառավարությունն արժևորում է Ճապոնիայի կառավարության օգնության քաղաքականությունը, որի շրջանակներում պարբերաբար տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական օգնություն: Պաշտոնական օգնության ծավալներով Ճապոնիան Հայաստանի համար դասվում է խոշորագույն դոնոր երկրների շարքին:

«Մենք տեսնում ենք տնտեսական կապերի աճի և տարբեր ոլորտներում համագործակցության ավելի մեծ ներուժ»,-ասաց Խաչատրյանը՝ Ճապոնիայի բարեկամներին շնորհավորելով ազգային տոնի կապակցությամբ:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից