Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:26 09-02-2023

Արցախը չի հանձնվի․Վահան Բադասյանը բացում է փակագծերը

«Իրավիճակը բոլոր առումներով ծանր է, որովհետև էլեկտրաէներգիայի հոսքը ընդհատվեց, ու մենք օգտվում ենք Սարսանգի ջրամբարի ՀԷԿ-ից, որը ամբողջ Արցախին չի հերիքում։ Հովհարային անջատումներ են կատարվում, գազ չկա ու բնական է, որ արցախցին պայքարում է իր հողում ապրելու իրավունքի համար և դիմանում է դժվարություններին»,- Օragir․News-ի հետ զրույցում ասաց հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ նախագահի ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

Բադասյանի խոսքով՝ ձմեռ է, ցուրտ, և պայմանները ահավոր են․ «Մյուս կողմից էլ սնունդ, դեղորայք։ Սոված չենք, բայց մի կերպ ապրում ենք։ Հիվանդներ կան, և ինչքան էլ «Կարմիր խաչ»-ը տեղափոխում է Հայաստան, խնդիրը մնում է առաջնային։ Պլանային բազմաթիվ վիրահատություններ կան, որ պայմաներից ելնելով չեն իրականացվում։ Մի խոսքով՝ բարդ իրավիճակ է»,-ասում է։

Վահան Բադասյանը կանխատեսումներ չի անում, բայց հայտնում է՝ մարդը այնպիսի էակ է, որ կարողանում է հարմարվել պայմաններին․ «Մենք հարմարվել ենք ստեղծված պայմաններին։Համարում ենք, որ գազի չլինելը ողբերգություն չէ, քանի որ գազը մարդկությանը տրվել է ժամանակի ընթացքում։ Մարդու համար առաջնայինը ջուրն է, օդը, սնունդը։ Ջերմություն արցախցին ստանում է փայտի վառարաններով։ Արցախը հարուստ է այդ առումով, անտառներ կան ու չենք նեղվի, գարունն էլ չի ուշանա»,-ընդգծում է Վահան Բադասյանը։

Տեղեկացնում է՝ հացի պակաս չկա ու առաջիկա տարում էլ հողերը պարապ չեն մնա, կա ձեթ, որը Արցախում է արտադրվում, կա միս՝ տեղական, ձու և կաթնեղեն։ Ծխախոտ չկա, բայց դա կարևորագույն խնդիր չէ՝ ըստ Վահան Բադասյանի։

«Բանջարեղեն չկա, բայց կստեղծենք։ Պատրաստում ենք, որ գարնանը վար ու ցանք սկսենք։ Կղզիացած ենք, բայց չենք լքի Արցախը։ Ադրբեջանի միակ նպատակը մեզ տեղահանելն է, բայց մենք ոչ մի պարագայում մեր հողը չենք թողնի։ Մենք ապրում ենք մեր պապական հողերի վրա, սա էլ է Հայաստան»,- հայտարարում է։

Բադասյանը ընդգծում է՝ աշխարհը մեծ սխալ է գործում, որ կարծում է Արցախը՝ Ադրբեջան է․ «Ամենավառ ապացույցն են մեր դարավոր գերեզմանները, մշակույթը, մեր պատմական կոթողները, որ ապացուցում են այս աշխարհում հազարամյակներով հայն է ապրել, և այդպես էլ պետք է լինի»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված