Երևան +15°
copy image url
Ներքին Մշակույթ 1 տարի առաջ - 00:25 09-02-2023

Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն

Նոր տոմարով փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Հայ մեծ բանաստեղծը ծնվել է 1885 թվականին Գանձայում։

Տերյանի ծննդյան օրվա առթիվ ձեզ համար առանձնացրել ենք մի գեղեցիկ հուշ և հետաքրքիր մի պատմություն նրա բանաստեղծություններից մեկի մասին։

Հուշը մեզ է հասել թատերագետ Ռուբեն Զարյանի ձեռամբ։ Նրան այս պատմությունը պատմել է Գրետա Շահխաթունին, ում հետ Զարյանը ծանոթացել էր Վահան Տերյանի «Բանաստեղծությունների լիակատար ժողովածուն» կազմելու ժամանակ։

1939 թվականին Հայպետհրատ` Ռուբեն Զարյանին այցելել է «քառասունի մոտ, նիհարավուն, իր տարիքի համեմատ մաշված մի կին»` «մտավորական մարդու դրոշմը դեմքին»։ Գրետա Շահխաթունի ներկայացած կինը Շահրիար գյուղի կալվածատեր Օհանի թոռն էր։ Այն Օհանի, որին ռուսական բանակից փախչող սարդարը հանձնել էր Սարդարաբերդի բանալիները։ Իսկ Օհանը դիմավորել էր ռուսական զորքին ու բանալիները անձամբ փոխանցել Պասկևիչին։ Այս դեպքից հետո Օհանին ազնվականի կոչում էին տվել։

Նրա որդիներից մեկը գեներալ էր, մյուսը` Գրետայի հայրը` գնդապետ։ Երրորդ որդին` Վաղարշակը, Լազարյան ճեմարանի սան էր և մտերիմ էր Պերճ Պռոշյանի հետ։ Ե՛վ Վաղարշակը, և՛ նրա որդին` Արշավիր Շահխաթունին հայտնի դերասաններ էին։

Գրետան ավարտել էր համալսարանի քիմիական ֆակուլտետը, աշխատել գիտա-հետազոտական լաբորատորիաներում։ Նա Հայպետհրատում հայտնվել էր, որ Զարյանին փոխանցեր Վահան Տերյանի մի քանի անտիպ բանաստեղծություններ` նոր ժողովածուում ընդգրկելու համար։ Գրետա Շահխաթունին Տերյանի հետ հանդիպել էր 1916 թվականին Էջմիածնում, որտեղ նա որբ երեխաներին ռուսերեն էր դասավանդում։ Տերյանը Էջմիածին էր եկել Պողոս Մակինցյանի և Աշոտ Հովհաննիսյանի հետ։

Գրետան պատմում է. «Ես 18 տարեկան էի։ Նոր էի ավարտել դպրոցը։ Տերյանը երկու անգամ եկավ Էջմիածին, հիմա չեմ հիշում, թե որ գալուն է գրել։ Հիշում եմ, որ միասին գնացինք ակումբ, գրադարանում, ինչպես պատահեց, մնացինք մենակ։ Մեզ հետ էր նաև ակումբի պահակը` Աբելյանով ազգանունով մի ծերուկ։ Չեմ հիշում, թե ինչ էր ասում Տերյանը։ Խոսում էր, խոսում, իսկ ես հափշտակված լսում էի պաշտելի բանաստեղծին։ Ամաչում էի, բայց և բախտավոր էի անսահման. չէ՞ որ իմ զրուցակիցը Տերյանն էր։

Չէր սիրում, որ ինձ Գրետա են կոչում։ Ասում էր`
- Ավելի լավ է Մարգո։
Խոսելիս սիրում էր ռուսերեն խոսքեր, արտահայտություններ խառնել։ Տրիոլետը գրեց Էջմիածնում, գրադարանի ընթերցասրահում»։

Գրետա Շահխաթունին տպագրության համար Ռուբեն Զարյանին է հանձնում այս պատմության արդյունքը դարձած բանաստեղծությունը.

Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն,
Երբ հազիվ են մեզ թողել մենակ,
Երբ քեզ է պարզված հոգիս համակ,
Նստած կարդում ես «Սատիրիկոն»-
Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն...

Արդեն քնած է, Մարգո, նայիր,
Այս խեղճ ծերուկը, որին «նոքա»
Մեզ մոտ թողել են իբրև վկա-
Ես քո գերին եմ-հրամայիր,-
Արդեն քնած է, Մարգո, նայիր...

Ա՜խ, կանցնի, Մարգո, այս երեկոն
Եվ կանհետանա հավերժի մեջ.
Գեթ իմ գրքում թող մնա մի էջ,
Ուր հավետ ապրի անուշ Մարգոն.-
Ա՜խ, կանցնի, Մարգո, այս երեկոն...

Հաջորդ անգամ Գրետան կամ Մարգոն Վահան Տերյանին հանդիպել է 1917 թվականին, Թիֆլիսում։
Այս հանդիպման մասին նա պատմում է.

«Հիշում եմ Սուրխաթյանը դասախոսություններ ուներ, Տերյանի հետ միասին գնացինք լսելու։ Հիմա չեմ հիշում, թե ինչի էր դասախոսությունը նվիրված, բայց միտս է, որ խոսեց նաև Տերյանի մասին, խոսեց ներշնչված և հիացումով։ Հետո վեր կացավ Մամբրե Մատենճյանը և քննադատեց Տերյանին, քարը քարի վրա չթողեց, пух и прах:

- Դուք գուցե պատասխանեք,- դարձա ես Տերյանին։
- Хвалу и клевету приемли равнодушно и не оспаривай глупца,- եղավ նրա պատասխանը»։

Վերջում, ավարտելով իր պատմությունը Գրետան Ռուբեն Զարյանին է տվել «կարմիր թանաքով գրված թերթիկ, վրան այն բանաստեղծությունը, որ Տերյանը Սուխումիից ուղարկել է Գրետա Շահխաթունուն, համարելով սևագիր, անմշակ.

Սոնետ

Տեսնու՞մ ես, Մարգո, ինչպես արագ
Անցավ բոլորը և դարձավ հուշ.
Այժմ ո՞վ է, ասա, գրկում ըզգույշ
Իրանըդ այնքան, այնքան բարակ.
Եվ ո՞վ է լսում, ասա, անույշ,
Խոսքերըդ սիրո ու սևորակ,
Հուրերիդ խառնում մի նոր կըրակ`
Արբեցած փայլով աչքերիդ նուշ.
Ես ձմեռ օրով տեսա գարուն
Ու մայիսից վառ տեսա հունվար.
Եվ մի՞թե, մի՞թե նրա համար
Որ հյուսեմ հուշերն այս ոլորուն,
Եվ անքուն մաշեմ գիշերը զով
Քո կարոտով ու քո երազով...
Վ. Տ.



Ռուբեն Զարյանը վերցնում է բանաստեղծությունները ու հետագայում այլևս երբեք առիթ չի ունենում հանդիպել Գրետա Շահխաթունուն։ Ամփոփելով իր հուշ-պատմությունը նա գրում է. «Փխրուն էակ էր նա` համեստ, զգայուն, շնորհակալ սրտով»։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված