Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:11 01-02-2023

Սահմանային զորամասերի չկահավորումն ու լքված շենքերում տեղակայումը հատուկ ռազմավարություն է․ Տիգրան Խզմալյան

ՀՀ վարչապետի հետ օրերս կայացած հանդիպման ձևաչափին իմ մասնակցությունը մի նպատակ ունի՝ Հայաստանի եվրաինտեգրում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

«1,5 տարի անց արդեն ես հիմա կարող եմ հանգիստ սրտով պնդել, որ Հայաստանը երբեք ավելի մոտ չի եղել Եվրոպային՝ այս վերջին տարիների ընթացքում։ Դա ոչ միայն իմ կարծիքն է կամ չափազանցություն։ Վերջերս այդ մասին ասել էր եվրոպական բարձրաստիճան պաշտոնյա Էնրիկո Մորին։

Նա ասաց, որ ԵՄ և Հայաստանի հարաբերությունները երբեք չեն եղել այդքան լավ։ Բնականաբար, մենք շատ թանկ ենք վճարում այդ գործընթացի համար, որովհետև մենք դեռևս դուրս չենք եկել ոչ մի ֆորմալ այն թակարդներից, որոնց մեջ հայտնվել ենք այս քառորդ դարի ընթացքում։ Խոսքը գնում է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և բազմաթիվ այլ Մոսկվակենտրոն ռուսական կառույցներից։ Հիմա սկսվել է այն քաղաքական ապահարզանը, որի արդյունքները մենք ճաշակում ենք և այդ պտուղները շատ դառն են։ Ոչ մի այլ բանով չի կարելի բացատրել այդ ռուս-ադրբեջանական շրջափակումը։ Մենք հաճախ շարունակում ենք շփոթել ու այն անվանել ադրբեջանական։ Բայց շատ լավ պետք է հասկանանք, որ դա երբեք չէր արվի առանց Ռուսաստանի ո՛չ միայն համաձայնության, այլև ուղիղ դրդման։ Դա չի ասում իշխանությունը, բայց չի նշանակում, որ դա չպետք է ասեն ընդդիմությունը, մտավորականները, քաղաքացիական հասարակությունը և մեր մամուլը»,- ասաց նա։

Տիգրան Խզմալյանի խոսքով՝ վարչապետի հետ ունեցած վերջին հանդիպմանը քննարկման շեշտը դրվել է հատկապես ազգային անվտանգությանը, բանակի՝ իր բնորոշմամբ, խայտառակ վիճակի ու կարևորագույն մի շարք այլ հարցերի վրա։

«Բանակի խայտառակ վիճակ ասելով նկատի չունեմ զինվորների հանդերձանքը կամ զենքի մատակարարումը։ Ես նկատի ունեմ հրամանատարական կազմի դավաճանական կեցվածքը և՛ պատերազմի ժամանակ, և՛դրանից հետո։ Ցավոք սրտի, մեր ուժային կառույցները թունավորված ու վարակված են ռուսամոլ ու ռուսամետ բարդույթներով։ Այդ մարդիկ սովետական և ռուսական սպաներ են։ Իրենք հայկական սպաներ չեն։ Խոսքը գնում է ոչ բոլորի, բայց ճնշող մեծամասնության մասին, և դա հսկայական խնդիր է մեզ համար։

Այդ ամենը չի սահմանափակվում բանակով, բայց մենք տեսնում ենք դավաճանության մեղադրանքներով տասնյակ գործեր։ Իրականում իրենք կհասնեն հարյուրների։ Ընդ որում, իրենք ո՛չ թե Ադրբեջանի ու Թուրքիայի օգտին են գործում, ինչպես ներկայացնում է ԱԱԾ-ն, և ամենավտանգավորն այստեղ ոչ թե կիսագողական ստորին սպայական կազմի մարդիկ են, որոնք պարտքերը փակելու համար ինչ-որ բաներ են հայտնում Ադրբեջանին կամ Թուրքիային, խոսքը գնում է շատ ավելի լուրջ պետական դավաճանության մասին, որով զբաղվում էր մեր ԳՇ-ն, մեր բանակի հրամկազմը։ Մենք դա ենք քննարկել։ Մենք քննարկել ենք Արցախի հարցը, և ես, համենայն դեպս, ունեմ տպավորություն, որ միակ ուղղությունը, որով Հայաստանը շարժվում է՝ դեպի Արևմուտք է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է բանակի խնդիրներին՝ Խզմալյանին հիշեցրինք Ազատ գյուղի տարածքում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքը։ Դիտարկմանը, որ մեր զինվորների տեղակայման վայրը որևէ կերպ չի համապատասխանել սահմանված չափանիշներին, ինչն էլ հանգեցրել է այդպիսի դեպքի՝ Խզմալյանն իր դիտանկյունը ներկայացրեց։

«Սահմանային զորամասերի կահավորման ու այդ ոլորտում կատարվող աշխատանքը երբևէ չի կարող բավարար լինել, որովհետև այդ աշխատանքը դեռ նոր է սկսվում և շատ դանդաղ է ընթանում։ Այդ մասին երկու կարծիք լինել չի կարող։ Խնդիրը նաև այն է, որ նորմալ պայմաններում նման կացարանները, զորանոցները կենտրոնացված են, և Ազատ գյուղում կամ այլ վայրերում այդ կացարանները ժամանակավոր են, հարմարված տեղերում, գոմերում, լքված տեղերում։ Եվ դա արվել էր պատերազմից հետո, որպեսզի ապակենտրոնացնեն բանակը, որպեսզի դրանք թշնամու կողմից չթիրախավորվեն։ Նախկինում նրանք նաև անտառներում էին կուտակվում։

Ինչ վերաբերում է վառարանին՝ ապա, ես ինքս էլ պատերազմի օրերին նույն խնդիրներին եմ առնչվել։ ՄԵնք բոլորս գալիս էինք թաց շորերով, բուշլատները հանում, դնում ենք վառարանի կողքը, որ չորանան։ Այդ ամենը հասկանալի է։ Դա վրանային, դաշտային ժամանակավոր պայմաններ են։ Իհարկե, այդպես չպետք է լինի։ Եվ նորմալ, մոդուլային կացարաններում, որտեղ պետք է մնա բանակը, այդպես չի լինում։

Այդ գործընթացն արդեն սկսվել է։ Սահմանամերձ շրջաններում այդպիսի երևացող, կարգավորված բան դնելն ինքնասպանություն է։ Այսինքն՝ դա մարտավարություն է, դա հասկանալի բան է։ Ուրիշ հարց է, որ հրամանատարները, անգամ ստորին դասի, պետք է հասկանան, թե ինչ են անում։ Բայց իրենք սովետական դպրոց անցած ապիկար մարդիկ են։ Իրական վերնախավը պետք է լինի ռազմաքաղաքական վերնախավ, ինչպիսիք են ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Իսրայելում։ Այնտեղ բարձր պաշտոններ զբաղեցնողներն անպայման ունեն այդ ռազմական փորձը։

Մեզանում բանակը դարձել է կամ անհաջողակների, կամ կիսագողականների մի տարածք, և դա պետք է արմատախիլ անել։ Բանակում ծառայելը ոչ թե ֆորմալ պարտք, այլ վերնախավ կառուցելու լավագույն միջոցն է»,- ասաց նա։

Խզմալյանի խոսքով՝ այդ ամենը կախված է ոչ թե Պաշտպանության նախարարից, այլ հրամանատարներից, որոնք, ըստ նրա, պետք է հասկանան, թե ինչպես պահպանել զինվորի կյանքը և առողջությունը ոչ սովորական պայմաններում։ Այդուհանդերձ, բարձրացնում ենք մեկ այլ փաստ․ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանն ընդամենն ամիսներ անց կահավորվում ու ամրանում է այնտեղ, այն դեպքում, երբ Հայաստանում անգամ 2 տարի անց խոսում ենք սահմանային զորամասերի կահավորման բացակայության մասին։

«Ես չեմ վիճում Ձեզ հետ։ Դուք միանգամայն ճիշտ եք։ Ուրիշ հարց է, որ իրենք կահավորվում են, բայց եթե դա մեր տարածքում է՝ իրենք թողնելու են այդ ամենը։ Իրենք շատ բան են թողնելու։ Մենք հասկանում ենք, որ միայն բանակով չի լուծվում սահմանի և պատերազմի հարցը։ Նման բաները լուծվում են քաղաքական ճիշտ քայլերով, ռազմաքաղաքական դաշինքներով։ Մենք մինչև այժմ այդ քայլը չենք կատարել»,- ասաց նա։

ԶՈւ-երում առկա խնդիրների ու վերջին ողբերգական դեպքից հետո, ըստ Տիգրան Խզմալյանի, դեպի Արևմուտք ձգտող Հայաստանի պաշտպանության նախարարը տեսականորեն պետք է հրաժարական տար։ Իր խոսքով, սակայն, միշտ չէ, որ դա ստացվելու է։

«Եթե մենք հենց հիմա գործենք այնպես, ինչպես օրենքն է պահանջում, ապա մեր բանակում կապիտանից կամ լեյտենանտից բարձր կոչում ունեցող հրամանատար չի մնա։ Մեր ամբողջ բարձրագույն հրամկազմը, ցավոք սրտի, քրեական գործունեությամբ է զբաղված։ Զենքը, զինամթերքը, զինվորների կերակուրը, արձակուրդները, արձակուրդային տրանսպորտը, անվադողերը, յուղերը․․․ այդ ամենը տարիներով գտնվում էր կիսաքրեական, երբեմն նաև ուղիղ քրեական դաշտում։ Երևի գիտեք, թե ինչպիսի հրամանատարներ են հիմա դատվում»,- ասաց նա։

Ըստ Խզմալյանի, այդուհանդերձ, ներկայում ԶՈւ-երում առկա խնդիրները համակարգային են։ «Այդ առումով, չեմ կարծում, որ Սուրեն Պապիկյանն է այստեղ մեղավոր այդ բանի համար։ Կարծում եմ, որ եթե նա ազատություն ունենար, ապա հրաժարական կտար, պարզապես, ստեղծված իրավիճակում համարում եմ, որ նա, մեղմ ասած, վատագույն նախարարը չէ։ Համենայն դեպս, ես համոզված եմ, որ իր հետևից կոռուպցիոն քրեական գործեր չեն մնա»,- ասաց նա։

Այս ու այլ հարցերի մասին, Խզմալյանի խոսքով, իրենք վարչապետի հետ քննարկում են գրեթե ամեն ամիս, երբեմն էլ ավելի հաճախ։

«Համենայն դեպս, վերջին հանդիպման ընթացքում Փաշինյանը շատ բարձր է գնահատում այդ ձևաչափը։ Նկատեք, որ այդ ձևաչափը գրեթե կրկնակի կրճատվեց։ Մենք 12 հոգի էինք, հիմա ընդամենը 5 հոգի ենք։ Միգուցե հետագայում այդ ձևաչափն ընդլայնվի։ Ինչ սկզբունքներով՝ դեռ պարզ չէ։ Համենայն դեպս, ես դա տեսնում եմ որպես Հայաստանի եվրաինտեգրման և ապագաղութացման միջոցներից մեկը»,- ասաց նա։

Խզմալյանը ձևաչափը լքած ուժերի հեռացումը չի արդարացնում․ «Իրենց հետ ամեն ինչ պարզ է։ Մեկը գնացել է Ռուսաստան, մյուսը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել։ Երրորդը․․․ Ես իմ գործընկերների վերաբերյալ գնահատականներ չպետք է տամ, բայց լրագրողական հետաքննությամբ բավականին հետաքրքիր կարելի է տանել։ Բոլորի անունները հայտնի են։ Համեմատեք՝ ով կար, ու հիմա ով չկա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի եվրոպականացման գործում իրենց քաղաքական ուժի ներուժին՝ Խզմալյանն ասաց․ «Մենք պետք է մեզ հարց տանք՝ քանի մարդ, քանի տոկոսն է ուզում, որ Հայաստանը դառնա եվրոպական երկիր։ Մենք բոլորս կատարում ենք եվրոպական վերանորոգում, վարում ենք եվրոպական մեքենաներ, երազում ենք եվրոպական մակարդակի կրթության ու բժշկական ծառայության մասին։ Այսինքն, եվրոպան օրենքի, կարգ ու կանոնի և որակի հոմանիշ է։ Ես մեր ռեսուրսների թվերի մասին չեմ կարող խոսել, բայց, ինչպես ասացի, 1․5 տարի առաջ ես գրեթե միայնակ էի այդ ձևաչափում, որ պնդում էի Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհի անխուսափելիության մասին։ Այսօր, համաձայնեք, որ դա դառնում է պետական քաղաքականություն»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:18 Կոտայքում մայրիկի անուշադրության հետևանքով 3-ամյա երեխան կանգնել է մահճակալին, պատուհանը բացել և 3-րդ հարկից դուրս ընկել. shamshyan.com
17:51 Հրազդանում կրակոցներից զոհված քրեական հեղինակություն «Դերոյի Արսեն»-ին այսօր հուղարկավորեցին
18:15 Վերջին զանգն է մոտենում. թիվ 87 դպրոցում ուսուցիչները զբաղված են միայն սուրճ խմելով
21:00 Թռիչքի ճանապարհին մառախուղ չկար. նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին
09:00 Հաշտության հասնելու 3 գործիքները 
12:00 Սրբազանին կհաջողվի միավորել հասարակությունը. հարցում
16:40 Փաշինյանը շարունակում է իր «էշը քշել»․ ԴԱՀԿ ունեցող ավտոմեքենաների տերերը չեն կարողանում տեխզննում անել
09:57 Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը․ ներկա են նաև ընդդիմադիրները․ ՈւՂԻՂ
09:45 Lragir.am. 20 տարվա արևմտամետ, լրատվական կայքը դադարել է գործել
11:29 Բարի լույս, չեմպիոններ․ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոնական գավաթով