Երևան +16°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:36 19-01-2023

Մեր ջոջ քույրը

1919 թվականի հունվարի 20-ին ծնվել է բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։

Սիրված բանաստեղծուհու ու մտավորականի ծննդյան օրվա առթիվ ձեզ ենք ներկայացնում Կապուտիկյանի 80-ամյակի առթիվ Սոս Սարգսյանի գրած «Մեր ջոջ քույրը» հոդվածից մի հատված։



«... Սիլվան պոետ է, բայց մի բան էլ ավելի։ Մեր ապրած ժամանակի պոետն է, ուրեմն` տարեգիրն է այսօրվա ու նամակագիրն ապագայի։ Ու քանի որ կոչումը Աստծո շնորհածն է, մենք մեր խիղճը հանձնել ենք նրան և կարգել մեզ փաստաբան ու դատապաշտպան Աստծո ու աշխարհիս մեծամեծների առջև։ Էսպես է, քանի որ Հայ Պոետ` նշանակում է հայ ժողովրդի հոգու թարգման, հայոց ճակատագրի երկրվորյակ...

Ինչ էլ արել է էս աշխարհում Սիլվան` աչքը միշտ պահած ժողովրդի վրա։ Մեծ Քրոջ նման մեր կողքին անքուն գիշերներ է անցկացրել ու Մեծ Քրոջ նման անաղմուկ, զգուշորեն ծածկել է էս անհնազանդ և խենք քույր ու եղբայրներին, որ սովորություն ունեն կարմիր կովի նման տված կաթը քացով շուռ տալու, որ հաճախ, ի հեճուկս ուրիշի, իրենք իրենց վնասել գիտեն, իրենց լավն ու վատը չհասկանալ գիտեն, որ սեփական կառուցածը քանդել գիտեն, գդալ-գդալ հավաքածը շերեփով թափել գիտեն ու երբեմն էլ` կեղծ առաքյալների հետևից կգնան...

Մեծ Քրոջ նման է Սիլվան կուրծքը դեմ տվել, կանգնել ամբոխ դարձած հարյուր հազարավորների ճամփին, ճչացել է, աղիողորմ աղաչել, էն հույսով, որ սթափ միտքը տեղ կհասնի, բարձրացրած ձայնը կծածկի ամբոխի խելակորույս, մոլորյալ միաձայնությունը։ Չի վախեցել երբեք ասել, զգուշացնել, չի վախեցել կատաղած հոսանքին հակառակ գնալ, չի վախեցել գժերի ոտնատակերին տրորվելուց, որովհետև, թեկուզև տրորվեր, ոչնչանար... Հարազատ քույր ու եղբայրներն էին տրորողները... Չի երկյուղել վիրավորանքից (մեր մեծերին վիրավորել, խայտառակել էլ գիտենք), հայհոյանքից տգեղ, բամբասանքից, բանսարկություններից զանազան, մինչև անգամ դավաճան կոչվելուց, արհամարհանքից իշխանավորների...

Չէ՞ որ ինքը ճշմարիտ էր տեսնում, չէ՞ որ փորձության տարիներ էին ու սխալվելը դյուրին էր. չէ՞ որ եթե Սիլվան շնչում է, շնչում է ազգի համար, ու եթե խոսք է ասում, խոսքը տառապած մտորումներից է ծնվում, խոսք է ասում զգոնության համար, ու էդ ամենը մարդու ներաշխարհն է, ամենքի համար հոգին բաց մարդու կեցվածք...

Հա, սեփական տաքուկ բնից խեղճ մտավորականի մլավոց չէ...



Եվ չենք տեսել մենք Սիլվային երբեք թույլ կամ տկար, կամ հուսահատ, կամ նվնվան։ Չենք տեսել, չգիտենք` ո՞վ է քրոջ դարդն ու ցավը հարցնում...

Չենք խնայել քեզ, Սիլվա, ու չենք էլ խնայելու, քանզի էդ է տրված քեզ ու ծանր է, թե թեթև խաչդ, քո խաչն է...

1999, հունվար»։