Ամիսներ առաջ
Oragir.News-ն անդրադարձել էր Հայաստանում օտարերկրյա դեսպանատներ վիզա ստանալու համար մուտք գործելու նպատակով օնլայն համակարգով ինքնուրույն գրանցվելու հետ կապված խնդիրներին։
Հարցազրույցի համար օր ամրագրելու անհնարինության և նվաստացուցիչ իրավիճակի մասին մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը՝ Նազիկ Ասատրյանը, պատմել էր, որ 2022 թ-ի մայիսից ամեն շաբաթ երկուշաբթիից լույս երեքշաբթի ժամը երեքին ապարդյուն կերպով փորձում է համակարգ մտնել, սակայն ամեն անգամ նույն պատասպանն է ստանում․ «Սպասեք, սերվերը ծանրաբեռնված է»։
Նա նշել էր, որ իրավիճակի մասին նամակներով դիմել էր, գրել Բունդեսթագի գերմանահայկական ֆորումի նախագահին, Գերմանիայի ԱԳՆ-ին: Բունդեսթագը Ասատրյանի նամակի հետքերով դիմել էր Գերմանիայի ԱԳՆ, որտեղից էլ պատասխան նամակ են ուղարկել:
Oragir.News-ի հետ զրույցում Ասատրյանը նշեց, որ ԱԳՆ-ից պատասխանել էին, որ համաճարակով պայմանավորված՝ Երևանում ԳԴՀ դեսպանատան դիմումների մշակումը տևական ժամանակ խստորեն սահմանափակվել է եղել, ինչն էլ կուտակումների պատճառ էր դարձել։
Արդյունքում, այդ սահմանափակումների չեղարկումից հետո Հայաստանում զգալիորեն աճել է վիզաների պահանջարկը։ «ԱԳՆ-ից վստահեցրել էին, որ դեսպանությունը ջանքեր է գործադրում վիզաների պահանջարկը բավարարելու համար, սակայն ներկայում այն գերազանցում է վիզաների գրասենյակի հնարավորությունները։
Բացի այդ՝ Իրանի բազմաթիվ քաղաքացիներ ներկայում վիզայի դիմումներ են ներկայացնում Երևանում, իսկ ուկրաինական պատերազմին զուգահեռ Երևանում կտրուկ ավելացել է նաև ՌԴ քաղաքացիների կողմից վիզաների պահանջարկը։ Սա լրացուցիչ բեռ է վիզաների գրասենյակի համար:
Նախարարությունից նաև վստահեցնում են, որ անձնակազմի և դիմումների ընդունման կարողությունների ընդլայնումը հնարավոր չէ կարճաժամկետ հեռանկարում՝ շինարարության պատճառով: Շինարարությունը նախատեսված է միջնաժամկետ հեռանկարում իրավիճակը մեղմելու համար»։
Ասատրյանի դիտարկմամբ՝ իրական պատճառը բոլորովին այլ է ու նախարարությունից իրական պատճառները չեն էլ թաքցնում։ «Նամակում նշվում է, որ իրավիճակին լուծում տալու համար վաղուց ծրագրվում էր վիզայի դիմումների մշակումը փոխանցել համապատասխան ծառայություններ մատուցող ընկերությանը: Նամակում մասնավորապես նշվում է․ «Դիմումների ընդունման աութսորսինգը զգալիորեն կբարձրացներ վիզաների գրասենյակի կարողությունները և ավելի լավ ծառայություն կմատուցեր դիմողների համար:
Ցավոք, աութսորսինգի իրականացումը ձախողվում է, քանի որ ՀՀ կառավարությունը գործունեության թույլտվություն չի տալիս արտաքին ծառայություններ մատուցող այն ընկերությանը, որը հաջողել էր տարածաշրջանում տենդերային ընթացակարգը»»:
ԱԳՆ պատասխանում այնուհետև նշվում էր, որ պայմանավորվածության համար օրերը պարբերաբար բացվում են հնարավորությունների շրջանակում, բայց դրանք սովորաբար արագ սպառվում են, հատկապես տուրիստական գործակալությունների կողմից:
«Վերջիններս առաջարկում են հարցազրույցի համար օրերի ավելի արագ ամրագրում՝ ավտոմատ լրացման բոտերի միջոցով, որոնց դեմ որևէ իրավական միջոց չկա: Այս իրավիճակը չի գոհացնում նաև վիզաների գրասենյակին, ուստի դեսպանատունը փորձում է հակազդել դրան՝ օգտագործելով «քափչաներ», ինչպես նաև ի թիվս այլ բաների, կրթելով դիմողներին։
Թեև վերոնշյալ կետերը չեն կարող անհապաղ աջակցություն լինել ձեր իրավիճակում, մենք հուսով ենք, որ մեր պարզաբանումը կարող է լրացուցիչ լույս սփռել դեսպանատան ներկա խնդիրների վրա»:
Ասատրյանը նաև նշեց, որ նախարարությունից առաջարկել էին կրկին կապվել իրենց հետ՝ ՀՀ կառավարության դերի մասին որևէ լրացուցիչ տեղեկություն ունենալու դեպքում։ «Ստացվում է՝ ԱԳՆ-ն ինձնից է պատասխան ակնկալում աութսորսինգային կազմակերպության վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշման փոփոխության մասին։ Իրականում իրավիճակը կտրուկ վատացավ, երբ ՀՀ կառավարությունը թույլ չտվեց դեսպանությանը դիմումների մշակումը փոխանցել վիզաների կենտրոն:
Գերմանիայի ԱԳՆ հարցման պատասխանում գուցե միտումնավոր, գուցե պատահաբար չի հիշատակել այն մասին, որ այն ընկերությունը, որին դեսպանատունը ցանկանում էր պատվիրակել դիմումների մշակումը, ռուս-թուրքական կոնսորցիում էր:
Ենթադրում եմ, որ ՀՀ իշխանությունը VisaMetric ընկերության կողմից անձնական տվյալների մշակումն արգելափակելու ծանրակշիռ պատճառներ ուներ»:
Ասատրյանը հիշեցրեց, որ ՀՀ արդարադատություն նախարարությունը նախաձեռնել էր ուսումնասիրություն՝ Visa Management ընկերության գործունեության համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:
Դա 2018 թվականի գարնան էր: Երբ համաճարակով պայմանավորված ճանապարհորդական սահմանափակումները հանվեցին, վիճակն ավելի վատացավ:
Ենթադրում եմ, որ դա շատ հարմար առիթ էր ու հարմար ժամանակ՝ այդ ընթացակարգը գրեթե անհնարին դարձնելու համար, առավել ևս, դրա համար այն ժամանակ ունեին լեգալ հիմքեր։ Եվ ես կարող եմ անգամ թույլ տալ ինձ ենթադրելու, որ այն ինչ կատարվում է ներկայում, որոշակի առումով «սաբոտաժ» է Հայաստանի նկատմամբ՝ վերոհիշյալ գործարքը արգելափակելու պատճառով։
Եվ ևս մեկ ենթադրություն. Գերմանիան երբեք նման վերաբերմունք չէր ցուցաբերի այլ երկրների հանդեպ. նկատի ունեմ՝ «առաջին կարգի» երկրների։ Ես չեմ հոգնի կրկնել, որ եթե այս խառնաշփոթի փոխարեն համակարգը բաց լիներ, ապա իրավիճակը միանգամայն այլ կլիներ։
Ես չեմ զլանա ու վերստին կբերեմ ԱՄՆ դեսպանատան օրինակը, որտեղ կարող ես պայմանավորվածություն ձեռք բերել ամիսներ ու անգամ տարիներ առաջ:
Հետևաբար՝ ինչո՞ւ ես չեմ կարող պայմանավորվածություն ձեռք բերել, ասենք, 2023 թվականի նոյեմբերի համար:
Դե միևնույն է, մայիսից մինչ օրս փորձում եմ պայմանավորվածություն ձեռք բերել, եթե, օրինակ՝ դեկտեմբերին ազատ օր լիներ, դեկտեմբերի համար օր կվերցնեի»:
Ասատրյանը պատմեց նաև, որ այս դիտարկումները նաև նամակի տեսքով ուղարկել է Բունդեսթադ։ «Ասացի, որ կցանկանայի նշել վերոհիշյալ կետերն ու վերջ դնել հողմաղացների դեմ իմ պայքարին: Ասացի նաև, ինձ այլ ելք չի մնում, քան պայմանավորվածության օր գնել «սև շուկայում» կամ դիմել որևէ Շենգեն պետության դեսպանատուն՝ վիզա ստանալու և ուղիղ Գերմանիա մեկնելու համար»։
Հիշեցնենք, որ «սև շուկայում» դեսպանատանը տեղ ամարգրելու համար տուրիստական գործակալությունների կողմից մեկ անձի համար սահմանած գները հասնում են մինչև 100 հազար դրամի։