Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:47 01-01-2023

Մենք անկում ունենք և’ անասնապահության մեջ, և՛ բանջարաբուծության, և՛ խաղողագործության. գյուղատնտեսը ամփոփում է տարին

«Այն տվյալները, որ մենք ենք ստանում, այնքան էլ մխիթարական չեն»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խոսելով այս տարվա ավարտին գյուղատնտեսության բնագավառում գրանցված արդյունքից։

«Կառավարությունը այն սուբսիդիաները, որն արեց, կարծես թե գյուղատնտեսության համար դրանից փաստացի օգտվեցին ներկրողները։ Օրինակ՝ պարարտանյութի հետ կապված՝ հիմա արդեն սեզոնը վերջացել է, արդեն բենզինն էլ է էժանանում, դիզվառելիքն էլ է էժանանում, ով է ասում, որ չէր կարելի այն ժամանակ էժանացնել, իհարկե կարելի էր»։

Ըստ գյուղատնտեսի՝ այս գործում մեծ դեր ունեն նաև այն մարդիկ, ովքեր համակարգում են ոլորտը։ «Համենայն դեպս, Կառավարությունը մեծ գործեր ունի անելու, եթե իհարկե ցանկություն ունի այս վիճակից դուրս գալու, թե չէ այս կադրերից, որ այսօր գյուղատնտեսությանը սպասարկում են, ոչ մի լավ բան չենք սպասում»։

Ըստ գյուղատնտեսի՝ մենք արդեն պետք է պահեստավորված սերմնացու և պարարտանյութ ունենանք հաջորդ տարվա համար, որը չենք արել։

«Արդեն հաջորդ տարին ենք մտնում, պահեստավորված պարարտանյութ չունենք, սերմացուի վիճակը հարաբերական է, դիզվառելիքի գները նորից շատ բարձր են։ Մենք հիմա պետք է արդեն պատրաստ լինենք հաջորդ տարվան, բայց ոչ մի բան դեռ չենք արել։ Սա է գաղտնիքը, որ մարդիկ գալիս են Կառավարություն՝ ուղղակի աշխատավարձ ստանալու համար»։

Դիտարկմանը, որ մարդիկ այս տարի բանջարեղենի գներից դժգոհում էին՝ ասելով շատ մեծ գնաճ կա, Բերբերյանն արձագանքեց. «Բանջարեղենի հետ կապված դժգոհությունները նոր չեն, դժգոհություններ միշտ կան, քանի որ գնալով ցանքատարածությունները նվազում են, հիմա կպակասեն նաև խաղողի այգիները, այս տարվա մթերումից հետո համոզված եմ, որ կկրճատվի այգիների քանակը»։

«Մենք և՛ անասնապահության մեջ անկում ունենք, և՛ բանջարաբուծության, և՛ խաղողագործության։ Ես կարծում եմ՝ 2 տոկոս անկում ունենք։ Դա իմ տվյալներով է, չեմ ուզում կապել Կառավարության վզին, միգուցե սխալվում եմ։ Շատ տարօրինակ ձևով են այդ թվերը հավաքվում՝ էլի գյուղապետների ինստիտուտն է սկսում գործել, ոչ մի գյուղապետ էլ տեղյակ չէ, թե ինչ է իր գյուղում արտադրվում։ Այդ թվերը ամփոփվում են մարզպետարաններում, հետո գալիս են նախարարություններ, դրանք ամեն դեպքում ոչ օբյեկտիվ թվեր են, կարծում եմ»,- ասաց Բերբերյանը։

Գյուղատնտեսը նշեց նաև, որ այս տարի շատ խաղողագործներ կքանդեն իրենց այգիները, քանի որ գյուղացու համար շահույթ չկա։

«Այս տարի շատ խաղողի այգիներ կքանդվեն, որովհետև գյուղացու համար երեք անգամ ամեն ինչը թանկացել է, բայց խաղողը ձեռք էին բերում նախորդ տարվա գներով կամ մի քիչ պակաս։ Խոսելով ծիրանի իրացումից՝ Բերբերյանն ասաց․ «Իրացնելը հարաբերական է, օրինակ, ես չեմ հասկանում՝ ինչպես է Թուրքիայի կամ Ադրբեջանի մեքենան Լարսը հանգիստ հատում, մեր մեքենաները կանգնում են, դա չեմ հասկանում․ ընկե՛ր Կառավարություն, ձրիակերների՛ հավաքածու, ինչո՞վ եք զբաղված»։

Հարցին, թե որն է դրա պատճառը, Բերբերյանն արձագանքեց՝ որովհետև չեն աշխատում այդ ֆրոնտում․ «Հարաբերությունները պետք է կարգավորեն, որ Հայաստանի մեքենաներին ընդհանրապես մոտիկ չգնան։ Չեն անում, գնում են վարորդները, դրամաշորթության մասին են խոսում։ Այնպես որ այդ Լարսի անցակետը դարձել է Պուտինի թալանի կենտրոններից մեկը»։

Խոսելով հացահատիկի՝ այս տարվա բերքից՝ գյուղատնտեսն ասաց. «Այն ծրագիրը, որ ես առաջարկում էի, ասում էի՝ վարկավորեք գյուղացուն, որ գյուղացին հեկտարի հաշվարկով ստանա, իմ ծրագիրն է եղել։ Կարծես թե այս տարի հացազգիների ցանքատարածությունները պետք է 3-5 տոկոսով ավելանան։

«Ցորենը Հայաստանում ընդունված է որպես ցանքաշրջանառության գյուղատնտեսական կուլտուրա, ավելի շատ խթանվում է որպես ցանքաշրջանառության համար, մենք սակավահող երկիր ենք, ավելորդ հողեր չունենք։ Անասնապահությունում հստակ անկում է, մսի գները նայեք, ճիշտ է մի քիչ էժանացել է, բայց դա էլ գալիս է նրանից, որ ազգաբնակչությունը գնողականություն չունի, բայց ընդհանուր գլխաքանակի անկում ունեք»,- ասաց Բերբերյանը։

Խոսելով գյուղատնտեսության մեկ այլ ճյուղից՝ մեղվաբուծությունից, գյուղատնտեսն ասաց, որ մեղվաբուծությունը շատ վատ վիճակում է, և մեր այգիների բերքի հիմնական ցածր լինելը չփոշոտվածության արդյունք է։ Դիտարկմանը, որ մեղվաբուծները դժգոհում են, որ մեղրը չեն կարողանում նորմալ գներով իրացնել, Բերբերյանն ասաց.

«Չեն կարողանում իրացնել, թող էժանացնեն, պետք է մրցունակություն ստեղծենք, որպեսզի շուկայում մեղրը լինի, պետք է մրցունակություն ստեղծենք, որպեսզի շուկայում մեղրը լինի 3000 դրամ, որովհետև մեղվաբույծը այդպես խոշոր ծախսեր չունի, ոնց որ հողի մշակը»։

Հարցին, թե որն է պատճառը, որ քչերն են զբաղվում մեղվաբուծությամբ, Բերբերյանն ասաց. «Մի կողմից այն է, որ ընդհանրապես բնագավառը չի սուբսիդավորվում, և երկրորդն էլ այն է, որ այդքան մեղվապահներ չունենք, փոքր-փոքր արտադրողներ են»։