copy image url
Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:37 28-12-2022

Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը նվաստացած հայկական պետությունն է, Արցախն է՝ առանց հայերի. Տաթևիկ Հայրապետյան

2022 թվականի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները տարբեր ձևաչափերով շարունակվեցին, սակայն այդպես էլ երկու երկրներին չհաջողվեց մոտենալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Չնայած պարբերաբար հայտարարվում էր, որ կողմերը մինչև տարեվերջ մտադիր են խաղաղության պայմանագիր ստորագրել, սակայն կարող ենք փաստել, որ ընթացիկ տարում այն տեղի չունեցավ։

Անցնող տարին նշանավորվեց նաև Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությունների կոպտագույն խախտումներով, ինչպես նաև սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ուղղված ագրեսիայով։ Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության դեմ ուղղված ոտնձգություններին, ապա Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին և առհասարակ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը և մինչև այս պահը հրաժարվում է այն բացել։

2022 թվականին հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցած զարգացումների, իրականացված բանակցությունների, առաջիկա տարվա համար սպասելիքների և այլ հարցերի շուրջ Oragir.News-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ.

-Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող 2022 թվականը հայ-ադրբեջանական բանակցությունների և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերի տեսանկյունից։

-Ցավոք սրտի, ամբողջ տարին ուղեկցվել է ագրեսիայով, ագրեսիվ հայտարարություններով ու գործողություններով, սեպտեմբերին Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմով, մեծ հաշվով բանակցային գործընթացի անարդյունավետությամբ, և տարին էլ ավարտվում է, երբ Արցախը Հայաստանին կապող կենսական ճանապարհն արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Ուստի որևէ դրական բան չեմ կարող ասել, ընդհակառակը՝ Ադրբեջանը գնալով իրավիճակն ավելի է լարում ու բարդացնում։

-Տարվա ընթացքում պարբերաբար և հատկապես սեպտեմբերյան ագրեսիայից հետո հայտարարվում էր մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրության մասին, սակայն դա ամենայն հավանականությամբ այս տարի տեղի չի ունենա։ Ի՞նչ եք կարծում` սա ինչով էր պայմանավորված, և հաջորդ տարի կարո՞ղ ենք սպասել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

-Նախ եկեք հասկանանք՝ ի՞նչ է ասելը «խաղաղության պայմանագիր», և որքանո՞վ է այդ պայմանագիրը խաղաղություն բերում։ 2020 թվականի նոյեմբերին ստորագրվեց հրադադարի մասին պայմանագիր, և դրանից հետո մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել։ Հրադադարի եռակողմ հայտարարության կետերից շատերը, այդ թվում գերիների ամբողջական վերադարձը, և հատկապես Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը չի ապահովվում։ Ուստի այն պատկերացումը, թե ինչ-որ թղթի ստորագրում՝ կկրի դա «խաղաղության պայմանագիր» անվանումը, թե մեկ այլ բան, բերելու է Ադրբեջանի հետ խաղաղության՝ իրապես պատրանք է, և քանի դեռ մենք այս պատրանքները չենք հաղթահարում, մեր խնդիրները խորանում են։ Մենք պիտի հասկանանք, որ Ադրբեջանը ցանկություն չունի Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, խաղաղությունը, որը Ադրբեջանը պատկերացնում է դա նվաստացած հայկական պետությունն է, դա Արցախն է առանց հայերի, դա Սյունիքի տարածքով ճանապարհի ձեռքբերումն է, որին իրենք այլ անվանում են տալիս։ Այս պայմաններում ես չեմ կարծում, որ ինչ-որ պայմանագիր, որը պիտի ստորգրվի, խաղաղություն կբերի, ընդհակառակը՝ ցանկացած զիջում մեզ թուլացնում է, ավելի խոցելի է դարձնում, ամրագրում են իրավիճակ հօգուտ Ադրբեջանի, մեզ էլ դնում նոր բարդությունների մեջ։

Ինչ վերաբերվում է սեպտեմբերյան ագրեսիային, ասեմ որ հենց ագրեսիայի օրերին ես իմ հանրային ելույթում, ասել էի, որ այս ագրեսիայով Ադրբեջանը փակում է այս պահին որևէ թղթի ստորագրման հնարավորություն, որովհետև եթե մինչ այդ Հայաստանի ղեկավարությունը ինչ-ինչ զիջումներ արդարացնում էր պատերազմից խուսափելու նպատակով, այժմ երբ Ադրբեջանը հարձակվել է, այդ զիջումները հանրության աչքում չեն կարող արդարացվել։

-Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում հայտարարում էին նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև այսպես կոչված ուղիղ երկխոսություն սկսելու հնարավորության մասին, որն, օրինակ, Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնականի կողմից հերքվեց։ Ի՞նչ եք կարծում` առհասարակ հնարավոր է նման երկխոսության իրականացումը, և դա ի՞նչ վտանգներ է պարունակում Արցախի համար։

-Ցավոք, Հայաստանի իշխանությունները շատ հայտարարություններ են անում, որոնք այդպես էլ բովանդակություն չեն ստանում։ Իրենք ի սկզբանե վերընտրվել են Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու խոստումով և դա չեն արել, հրաժարվել են դրանից, հայտարարել են, որ նշաձող են իջեցնում, հասցրել են իրավունքների և անվտանգության մակարդակի՝ կրկին չտալով բովանդակություն, թե ինչ են դրա ներքո հասկանում։ Դրանից հետո նորից են դիրքորոշում փոխել՝ ասելով, թե պիտի մեխանիզմներ լինեն։ Բնականաբար եթե լինի երկխոսություն, դա պիտի լինի որոշակի մեխանիզմների ամրագրմամբ, բայց դեռևս այդ հարցն էլ բովանդակային համալրում չի ստանում։ Եթե մի բան առաջարկում ես, դու դրա ներքո պիտի բովանդակություն դնես, հստակ առաջարկ դնես, որ օրակարգ ձևավորես, միայն ձևակերպումը խնդիր չի լուծում։ Պետք է ասես՝ օրինակ` այս տարբերակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, օրինակ՝ այլ ձևաչափով, ինչ-որ առաջարկներ պետք է անես, որոնք մտնեն շրջանառության մեջ, դառնան քննարկման մաս։ Երբ Ադրբեջանն առաջարկում էր այդ «խաղաղության պայմանագրի» օրակարգը, ինքն իր կետերն ու բովադակությունը դրեց սեղանին, դրանով թելադրեց օրակարգ։ Քանի դեռ մենք չենք հասկացել, որ իրավիճակը փոխելու համար նաև պետք է սովորել օրակարգեր թելադրել և բովանդակություն դնել առաջարկվող օրակարգերում, անընդհատ զբաղվելու ենք Ադրբեջանի ստեղծած խնդիրները բարձրաձայնելով, փորձելով լուծել դրանք՝ կլինեն ագրեսիվ պատերազմական գործողություններ, թե այս իրավիճակը, որը հիրավի կարող է հանգեցնել հումանիտար աղետի։

-Տիկին Հայրապետյան, նախորդ շաբաթ Ադրբեջանում հետազոտության արդյունքներ էին հրապարակվել, որոնցով Ադրբեջանի բնակչությունը պատասխանել էր Փաշինյանի այն ելույթին, թե Ադրբեջանը որ սահմաններով է պատրաստ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հարցման մասնակիցների մեծամասնությունը նշել էր, որ կա՛մ առահասարակ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կա՛մ դա պատրաստ է անել 1918-1920 թվականներին գոյություն ունեցած սահմաններով։ Սա իրենից ի՞նչ ռիսկեր և վտանգներ է պարունակում Հայաստանի համար։

-Բացի Ադրբեջանի քաղաքացիների շրջանում անցկացված հարցումներից` Ալիևն իր ելույթներում բազմիցս հստակ տարածքային հավակնություններ է ներկայացրել Հայաստանի դեմ։ Երբ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սանձազերծել, ես ինքս անձամբ մի ամբողջ նյութ էի պատրաստել, որ դեռ 2013 թվականից Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ իրենք պետք է վերադառնան «‎իրենց պատմական հողեր», որը համարում են Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերը և իհարկե մայրաքաղաք Երևանը։ Իրենք այս տրամաբանությամբ սերունդ են մեծացնում, և դա մեկ-երկու հայտարարություն չի։ Դա հետևողականորեն քաղաքականություն է, որը մտնում է մարդկանց ուղեղների մեջ և դառնում է իրենց քաղաքականության մի մաս։ Ադրբեջանը բռնապետական երկիր է, չկա ազատ խոսք՝ դա Իլհամ Ալիևի և երկրի վարչակարգի հնչեցրած խոսքն է։ Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարությունն այդպես անում. որովհետև իրենց բռնապետական վարչակարգի պահպանման համար իրենց մշտապես անհրաժեշտ է ունենալ ագրեսիա և հայատյացություն։ Սա իրենց գլխավոր հենասյուներից մեկն է։

-Հաջորդ տարվա համար ի՞նչ զարգացումներ եք ակնակալում հայ-ադրբեջանական հարաբերություններում։

-Եթե մենք շարունակենք այսպիսի կրավորական պահված դրսևորել, եթե մենք չսովորենք, որ պետք է օրակարգեր թելադրենք, որոնք պետք է ունենան բովանդակություն, եթե չսովորենք, որ մենք չպետք է հրաժարվենք մեր իրավունքներից՝ առաջին հերթին Արցախի ինքնորոշման իրավունքից, ապա որևէ դրական զարգացում չի կարող լինել։ Ինքնորոշման իրավունքից հրաժարվելը շատ մեծ սխալ էր, որն արեց Հայաստանի իշխանությունը. բացատրեմ ինչու. բանակցային գործընթացի կարևոր հիմքերից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն էր, և երբ մենք դրանից հրաժարվեցինք, մենք ընդունեցինք այն, որ Ադրբեջանի այն պնդումը, որ ինքը ռազմական ճանապարհով խնդիր է լուծել։ Մենք պիտի ցույց տայինք, որ ռազմական ճանապարհով խնդիր չի լուծվում, այդ ուղղությամբ պետք է միջազգային առումով աշխատեինք, որ Արցախի համար ինքնորոշման իրավունքի իրացումը ‎էքզիստենցիալ հարց է։ Դա անգամ իրենց նախընտրական ծրագրում էր գրված, իրենք դրանով են եկել իշխանության, և այնպես չէ, որ մի օր արթնանաս խաղաղության օրակարգի ներքո, մի բան հասկանաս, հաջորդ օրը՝ մեկ այլ բան։ Ամենակարևորն այն է, որ պետությունը պետք է ունենա տեսլական, գիծ և քաղաքականություն, որովհետև Ադրբեջանը շատ կանխատեսելի է, ավելի կանխատեսելի պետություն որպես մասնագետ ես չգիտեմ։ Ընդամենը դաշտի ուսումնասիրությամբ հստակ կարող ես հասկանալ, թե մի ամիս հետո, մեկ տարի հետո, հինգ տարի հետո այդ պետությունը ինչ գործողությունների է գնալու։ Ամբողջ դաշտը հստակ ցույց է տալիս այդ պատկերը, և պետք է զբաղվես այդ ամենը հերթով և ժամանակին չեզոքացնելով` ոչ թե սպասես, որ հրդեհն առաջանա, նոր սկսես ջուր փնտրել այդ իրավիճակում։ Այդ տարբերակով հնարավոր չէ, այդպես մենք միայն բարդացնելու ենք մեր իրավիճակը։

-Որպես ադրբեջանագետ` ի՞նչ եք կարծում` Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, որքան կշարունակվի, և ինչը կստիպտի Ադրբեջանին բացել միջանցքը։

-Այս պահի դրությամբ ես իրենց կողմից միջանցքը բացելու միտում չեմ տեսնում, որովհետև իրենք չեն ստանում այն, ինչ նպատակ ունեին ստանալ։ Արցախը դիմադրությունը, դիմադրելու և միակողման զիջումների չգնալու վճռականությունը, որոշակիորեն պլանները խափանել են։ Կարծում եմ` կա՛մ Վաշինգթոնից, կա՛մ Մոսկվայից քաղաքական ամենաբարձր մակարդակով զանգը կդրդի Ալիևին, առանց որևէ բան քաղելու իրավիճակից, գոնե այս պահի դրությամբ գնալ դրա բացմանը։ Բայց ասել, որ սա երկարաժամկետ լուծում է՝ ոչ։ Երկարաժամկետ լուծումն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավիճակի իրացումն է, երբ որ դա միջազգայինորեն կամրապնդվի և դա կապահովի այդ մարդկանց անվտանգությունը՝ հակառակ դեպքում հիմա միջանցքը կփակեն, հաջորդ օրն ուրիշ գործողության կգնան և այլն։ Սա անվերջ շղթա է, և իրենք այդ բոլոր գործողություններն ունեն։





Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները