Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:32 25-12-2022

Ուտրիլլոյի կտավները դեղորայք էին խելագարության դեմ

1883 թվականի դեկտեմբերի 26-ին Փարիզում ծնվեց ֆրանսիացի նկարիչ Մորիս Ուտրիլլոն։ Սուրբ Ծննդի հաջորդ օրը նա դարձավ յուրօրինակ մի նվեր իր տասնյոթամյա մոր՝ Սյուզան Վալադոնի համար։



Նախկինում կրկեսի ակրոբատ և մինչ որդու ծնվելը բնորդ ու սկսնակ նկարիչ Սյուզան Վալադոնը բավականին հայտնի էր Փարիզի գեղարվեստական ​​շրջանակներում։ Նա կեցվածք էր ընդունում Ռենուարի, Թուլուզ-Լոտրեկի, Պյուվիս դե Շավանի և Էդգար Դեգայի համար։ Թերևս նրա այս ժողովրդականությունն էր պատճառը, որ Մորիսի հոր իրական անունը այդպես էլ մնաց անհայտ։ Մորիսը յոթ տարեկան էր, երբ հայտնվեց իր խորթ հայրը` իսպանացի նկարիչ և արվեստաբան Միգել Ուտրիլլոն ու որդեգրեց տղային` նրան տալով իր ազգանունը։ Հետագայում, սակայն, նա որևէ կերպ չմասնակցեց Մորիսի կյանքին։



Սրա մասին մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերան իրեն հատուկ ցինիզմով մի անեկդոտ էր հնարել.
«Մորիսի ծնվելուց հետո Սյուզան Վալադոնը գնում է Ռենուարի մոտ, ում բնորդուհին էր եղել ինը ամիս` երեխայի ծնվելուց առաջ։ Ռենուարը նայում է նորածնին ու ասում. «Նա չի կարող իմ երեխան լինել, նրա գույնը սարսափելի է»։ Հետո Սյուզանը գնում է Դեգայի մոտ, ում աշակերտել էր նույն ժամանակահատվածում։ Դեգան ասում է. «Նա չի կարող իմը լինել, քանի որ կառուցվածքը սարսափելի է»։


Հուսահատված կինը սրճարանում պատահաբար հանդիպում է իսպանացի նկարիչներից մեկին` Միգել Ուտրիլլոին ու պատմում այս ամենը։ Միգելն ասում է, որ ինքը կարող է երեխային տալ իր Ուտրիլլո ազգանունը, բացատրելով. «Ինձ համար մեծ պատիվ է իմ անունը դնել Ռենուարի կամ Դեգայի ստեղծած գործի վրա»։

Մորիսի դաստիարակությամբ ու խնամքով զբաղվեց տատիկը։ Տղան մեծացավ` ձեռք բերելով նյարդային և բռնկվող բնավորություն։ Նա փախչում էր դպրոցից և հաճախ հայտնվում անախորժությունների մեջ: Վաղ տարիքում Մորիսը տարվեց ալկոհոլով։ Պատճառը` տատն էր, ով փոքրիկին հանգստացնելու համար վաղ մանկությունից գինի էր տալիս։ Հարբեցողությունից փրկելու համար խորթ հայրը 1900 թվականին տղային հանեց դպրոցից և տեղավորեց աշխատանքի՝ հուսալով, որ աշխատանքային խիստ գրաֆիկը թույլ չի տա Մորիսին խմել։Սակայն աշխատանքը չօգնեց։

18 տարեկանում Մորիսն առաջին անգամ հայտնվեց հիվանդանոցում՝ սպիտակ տենդի նոպայով։ Բժիշկները խորհուրդ տվեցին նկարել` այս վիճակից դուրս գալու համար։ Սյուզան Վալադոնը` ցանկանալով փրկել որդուն և շեղել նրան կախվածությունից, սկսեց որդուն սովորեցնել այն ամենը, ինչ ինքը գիտեր նկարչությունից: Այսպիսով, Մորիս Ուտրիլլոն մտավ արվեստի աշխարհ:

Վալադոնը բնավ էլ չէր պատկերացնում, որ դաստիարակչական իր այս քայլով բացահայտում է պոստիմպրեսիոնիզմի ապագա նշանավոր անուններից մեկին։ Եթե չլիներ կերպարվեստը, ապա Մորիս Ուտրիլլոն այդպես էլ կմնար հոգեբուժարանի անհայտ բնակիչ։

Նրա կտավները ոչ այլ ինչ էին, քան դեղորայք` խելագարության դեմ։



Ուտրիլլոյի առաջին փորձերը նկարչության մեջ հայտնվեցին 1902 թվականին։ Սկզբում մատիտով, ապա որոշ ժամանակ անց նա սկսեց նկարել նաև յուղաներկով։ 1903 թվականի աշնանը նկարիչն արդեն աշխատում էր բաց երկնքի տակ, նկարում շրջակա գյուղերի՝ Մոնմանիի և Պիերեֆիտի բնապատկերները։



Սյուզան Վալադոնը որդուն առաջարկել էր բավականին տարօրինակ ներկապնակ՝ բաղկացած ընդամենը հինգ գույնից՝ սպիտակ, դեղինի երկու երանգ, դարչնագույն և վարդագույն: Պարզվում է` սրանք շատ օգտակար էին Մորիսի քայքայված նյարդերի և ստեղծագործելու ձևի համար։ Քանի որ նա չուներ ինքնազսպում և ինքակազմակերպում, պետք էր նրան դնել ամուր շրջանակի մեջ։ 1907-ին` մոր հերթական ամուսնալուծությունից հետո Ուտրիլլոն կրկին հայտնվեց Մոնմարտրում ու այդ պահից սկսած նրա թեման դարձավ մոնմարտրյան բուռն կյանքն ու բնապատկերները։



1909 թվականին Ուտրիլլոն ցուցադրվեց Փարիզի Սալոնում։ 1910-ին նրա կտավներում հայտնվեցին լուսավոր ու բաց գույներ։ Նրան սկսեցին նկատել քննադատները և ճանաչել արվեստասերները։ 1913-ին բացվեց ու մեծ հաջողություն ունեցավ նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Մոնմարտրյան գեղեցիկ պեյզաժներ պատկերող Մորիս Ուտրիլլոյի ստեղծագործական կյանքում 1916-ին ծնվեց իր գլուխգործոցը, որը նա անվանեց «Խելագարություն»։



Սա Ուտրիլլոյի կտավներում եղած այն եզակի նկարներից է, որի հերոսը մարդն է, որը ճնշված է ոչ այնքան իրեն շրջապատած մուգ ու գորշ կանաչից, որքան անհասանելի արևի շողերից։ Ուտրիլլոյի այս կտավը իր վառ ու գունեղ բնապատկերների շարքում դարձավ այն սև գիծը, որտեղ խտացել էր նրա ողջ կյանքի ողբերգությունն ու ստեղծագործական դրամատիզմը։



1935 թվականին Ուտրիլոն ամուսնացավ նախկին դերասանուհի, բելգիացի բանկիրի այրի Լյուսի Պովելի հետ։ Լյուսին արագ իր ձեռքը վերցրեց ամուսնու գործերը` ազատելով նրան կենցաղային հոգսերից ու իր արվեստը վաճառելու խնդիրներից։ Զույգը առանձնատուն գնեց Փարիզի արվարձանում՝ քաղաքային գայթակղություններից հեռու, որոնք Մորիսին չլքեցին նրա ողջ կյանքի ընթացքում։ Կյանքի փոփոխությունները անդրադարձան նաև նկարչի ոճի վրա՝ գծերը մեղմացան, կոմպոզիցիան ավելի ազատ դարձավ, վառ, երբեմն նույնիսկ բոցավառ գույներ հայտնվեցին։ Սա Ուտրիլլոյի ստեղծագործության «ուշ շրջանն» էր, որը տևեց մինչև նրա մահը՝ 1955 թվականի նոյեմբերի 5-ը։



Այս շրջանում նա ունեցավ բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ։ Նրա ձևավորմամբ ներկայացումներ էին տեղի ունենում Կոմեդի Ֆրանսեզում։ Նա արժանացավ Պատվո Լեգիոնի շքանշանի, իսկ նկարները վաճառվում էին դեռ ներկը չչորացած... Սակայն մի բան անփոփոխ էր Ուտրիլոյի կյանքում։ Նա շարունակում էր մնալ ալկոհոլից կախված։ Հարբեցողության դեմ նրա մոր, խորթ հոր, ապա նաև կնոջ պայքարը անիմաստ էր։ Մշտական հսկողության պայմաններում էլ նա հասցնում էր արագ դատարկել գինու շիշը։



Մի տխուր, բայց իրավիճակը ճիշտ բնորոշող պատմություն կա Ուտրիլլոյի մասին։ Մի անգամ հերթական գինարբուքից հետո նկարիչը կառքով վերադառնում է տուն։ Կառքից իջնելով` կառապանին տալիս է մետաղադրամն ու ասում. «Ահա, քեզ մեկ ֆրանկ, խմիր իմ առողջության համար»։ Կառապանը ուշադիր զննելով Ուտրիլլոյին, տեսնելով նրա գունատ, ուռած դեմքը, կարմրած քիթը և դողացող ձեռքերը, ցինիկորեն նետում է. «Պարո՛ն, ստիպված եք գումարն ավելացնել։ Դուք այնքան անառողջ տեսք ունեք, որ մեկ ֆրանկը հաստատ չի բավականացնի»։



Մորիս Ուտրիլլոն ապրեց 71 տարի։ Նրան լավագույնս բնորոշել է ֆրանսիացի գրող Ժան Կոկտոն. «Նա իր միջից քամում էր իր հոգին այնպես, ինչպես յուղաներկը` ներկամանից և այն փոխանցում էր կտավին։ Ու կտավի վրա պատկերված փողոցն հենց իր` Ուտրիլլոյի տեսքն ուներ։ Ուտրիլլոյի, ով գնաց հավերժություն Մոնմարտրի իր իսկ վերաստեղծած փողոցներով»։

Նաիրա Եղիազարյան