Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:24 24-12-2022

Ամանորյա զեղչեր․ ինչպես տարբերել իրական զեղչերը և ում դիմել կեղծիք հայտնաբերելու դեպքում

Անանորին ընդառաջ խանութների ցուցափեղկերին «Սև ուրբաթի» զեղչերին հաջորդել են ամանորյա զեղչերը, միայն թե քաղաքացիները շարունակում են թերահավատորեն նայել դրանց։

Oagir.News-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով հարցին, թե որքանով է հիմնավոր մարդկանց անվստահությունը այդ զեղչերի նկատմամբ, նշեց, որ միանշանակ գնահատական տալ չի կարելի, որովհետև կան բարեխիճ տնտեսվարողներ, որոնք եթե կիրառում են զեղչեր, ապա դրանք իրական զեղչեր են լինում, և կան անբարեխիղճ տնտեսվարողներ, ովքեր ամենատարբեր հնարքների են դիմում, որոնք օրենքի խախտումներ են, որից ելնելով մեր սպառողների մոտ ձևավորվում է անվստահություն։

«Այդուհանդերձ, որ չի կարելի ասել, որ քաղաքացիների անվստահությունը մասսայական բնույթ է կրում, թերևս դա է վկայում եռուզեռը, որոնք մենք տեսնում ենք «Սև ուրբաթի» օրերին, դա ապացույց է այն բանի, որ մենք ունենք իրական զեղչեր և ունենք քաղաքացիներ, որոնք հավատում են, որ այդ զեղչերը կան։ Ինչ վերաբերում է դժգոհություններին, այո՛, անպայման կան դեպքեր, երբ քաղաքացին ունի դժգոհություն և չարաշահումները բացահայելու դեպքում պետք է դիմի մրցակցության պաշտպանության հանձնաժողով»։

Նա ընդգծեց, որ հանձնաժողովին վերջերս է տրվել այդ գործիքը։

«Ես հույս ունեմ, որ հանձնաժողովը ոչ միայն հետամուտ կլինի բողոքների քննությանը, այլև սեփական մոնիթորինգները կանի՝ հասկանալու համար, թե չարաշահումը կա, թե ոչ»։

Նա ընդգծեց, որ քաղաքացին կարող է լինել պաշտպանված, եթե իրազեկ է, այսինքն՝ պետք է զեղչ նայել այն ապրանքներին, որոնց գներին ծանոթ ես։ Այսինքն, եթե գիտես, որ այս կամ այն ապրանքն արժեցել է 10 000 դրամ և վրան նշված է 20 տոկոս զեղչ, ապա դու ակնկալում ես, որ պետք է ապրանը գտնես 8000 դրամով, հակառակ դեպքում՝ դու ակնկալում ես, որ խաբում են ու զեղչը չեն տալիս։ Իսկ եթե մտնում ես խանութ ու տեսնում ես ապրանք, որի արժեքը գրված է 15 000 դրամ, զեղչված՝ 10 000, ու դու չգիտես՝ այդ ապրանքը մինչ այդ ինչ է արժեցել, ապա մոլորվելու ռիսկը մեծ է։ Դրա համար զեղչերի ժամանակ խաբված չլինելու համար պետք է մինչ դրանց կիրառումը ծանոթ լինել դրանց գների։

Նա ընդգծեց, որ եթե հանձնաժողովը 1-2 տնտեսվարողների նկատմամբ խոշոր տուգանքներ կիրառի, մյուսներն առավել զգոն կլինեն։

«Նախ, ես այն կարծիքին չեմ, որ պետք է միանգամից մահակով գործ անել, հատկապես տնտեսական հարցերի շուրջ։ Երբ մոլորություն է լինում, պետք է ունենալ 2 խախտում․ առաջինը նախազգուշացումն է, երկրորդը՝ խիստ սանկցիա, ընդ որում՝ տուգանքը պետք է շոշափելի լինի, որպեսզի տնտեսվարողը 2-րդ անգամ այդ խախտմանը չգնա։ Հավաստիացնում եմ, եթե մի քանի խոշոր ընկերության նկատմաբ խոշոր տուգանք կիրառվի, մյուսները, հասկանալով, թե դա ինչ բեռ է, նույնպես զգոնություն կցուցաբերեն, և չարաշահումները համատարած բնույթ չեն կրի»։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում մեկ շաբաթ առաջ քննարկում էր տեղի ունեցող ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու նպատակով։ Քննարկմանը մասնակցել էր տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների շուրջ 40 ներկայացուցիչ: Հանդիպմանը արձանագրվել էր, որ թեև շատ տնտեսավարողների մոտ արձանագրվել են վարքագծի էական բարելավումներ, փոխվել է մոտեցումը․ եթե նախկինում անհավանական 70, 80 տոկոս զեղչեր էին հայտարարվում, այժմ դրանք շատ դեպքերում առավել իրատեսական են: Այնուամենայնիվ, դեռևս շարունակվում են դիտարկվել որոշակի խնդիրներ, արդեն իսկ կան հարուցված վարույթներ, կիրառված պատասխանատվության միջոցներ, իրականացվում են ստուգումներ` որոշ տնտեսավարողների նկատմամբ վարույթներ հարուցելու առնչությամբ: Հանձնաժողովը մշտադիտարկումներ է արել նաև «սև ուրբաթի» շրջանակում, որոնց արդյունքներով առաջիկայում նույնպես վարույթներ կհարուցվեն:

Հանձնաժողովի մամլո խոսնակ Անի Սմբատյանը Oragir.News-ի հարցին, թե քաղաքացիներից քանի ահազագ են ստացել «Սև ուրբաթի», ինչպես նաև ամանորյա զեղչերի անիրական լինելու վերաբերյալ, պատասխանեց, որ տվյալները դեռ ամփոփված չեն։

«Երբ ամփոփվեն, կներկայացնենք հանրությանը»,-ասաց Սմբատյանը։

Ամենից շատ դիտված