Երևան +21°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 13:45 15-08-2022

Դա գազարի պահեստ չէ, խախտումներ հայտնաբերելու դեպքում պահեստը պետք էր փակել, թույլ չտալ շահագործել․ Րաֆֆի Ասլանյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի համար Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, թե ինչ հոդվածներով է վարույթ նախաձեռնվել, սակայն կարծում եմ՝ այս հոդվածները դոգմա չեն, վարույթն իրականացնող մարմինը որևէ կերպ կաշկանդված չէ որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել այլ հոդվածով, եթե նրա մեղքն ապացուցվի։ Վարույթ նախաձեռնելու հոդվածները նախնական գնահատականներ են միայն։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ ընդգծելով, որ տուժողների փոխհատուցման հարցը նույնպես օրենքով ընթացք կստանա նախաձեռնված վարույթի ընթացքում։

«Փոխհատուցման հարցերը դատավարական կարգով կսահմանվեն, փոխհատուցումն իրականացնում է գործով մեղադրյալը կամ մեղադրյալները, ովքեր հետագայում դատարանի կողմից մեղադրյալ կճանաչվեն ու կդատապարտվեն, բայց այստեղ խնդիրն այլ է, ես կարծում եմ՝ պետության միջամտությունը, այնուամենայնիվ, պետք է լինի։ Խոսքը վերաբերում է ոչ միայն քրեադատավարական կարգով փոխհատուցմանը, այլև քաղաքացիների փոխհատուցման իրավունքին։ Կարծում եմ՝ այդ լուծումները կգտնեն, իսկ որպես մարդ՝ ինձ ավելի շատ հետաքրքրում է դեռևս չհայտնաբերված տուժողների ճակատագիրը և ԱԻՆ աշխատակիցների դանդաղկոտությունը։

Ես ինքս ուղիղ եթերում հետևում էի, ու անցնելուց էլ ինքս փորձեցի հասկանալ, թե ինչ են անում, բայց իմ տպավորությունն այն է, որ մարդիկ համակերպվել են, որ փլատակների տակ ողջ մնացած մարդիկ չեն հայտնաբերելու, որովհետև շատ դանդաղ են աշխատում ու քիչ քանակով են աշխատակիցներ կենտրոնացած։ Հրշեջներին, իհարկե, դժվար է որևէ բան ասել, մարդիկ աշխատեցին ու մարեցին կրակը, բայց ռեսուրսները, որ կենտրոնացվել են, խայտառակություն են։ Պետք է մեծ ռեսուրսներ կենտրոնացնել։ Եթե սեփական ուժերով ի վիճակի չեն, ապա ոստիկանության զորքերի ու կամավորականների պետք է կենտրոնացնել։ Մինչդեռ այն, ինչ տեսնում ենք, իհարկե, զարմանալի չէ, ցավալի է, որ այսպես են աշխատում։ Իհարկե ԱԻՆ-ը շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին, բայց շնորհակալություն հայտնելուց առաջ պետք է շատ արագ գործել, որպեսզի մարդկանց, ովքեր տեղում մահացած չեն, հնարավոր լինի ողջ հանել փլատակների տակից։ Այսինքն՝ այն բացթողումները, ինչ եղել են, նույն տրամաբանությամբ շարունակվում են», - ասաց Ասլանյանը։

Նա նաև ընդգծեց, որ ավագանու անդամներից մեկը հայտարարություն էր տարածել, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումներ էր արձանագրել և ակտ է կազմել․ «Եթե դա այդպես է, ապա լուրջ խնդիր է, պետք է հասկանանք, որ սա գազարի պահեստ չէ, երբ նման խախտում են հայտնաբերվում, առհասարակ պահեստը պետք է փակել, թույլ չտալ այն օգտագործել՝ մինչև խախտման հետ կապված խնդիրների ամբողջական բացահայտումը կամ դրանց վերացումը։ Հիմա աջ ու ձախ քաղաքական հայտարարություններ են անում ոչ մասնագետները, սա մերօրյա իրավիճակին բնորոշ է՝ մոռանալով մարդու կյանքի մասին»։

Նա ընդգծեց, որ եթե խախտում է հայտնաբերվել, ապա ինչու է կենտրոնում շարունակվել պահեստի շահագործումը, ինչու է թույլ տրվել, որ պահպանվեն հրավառ նյութեր։ «Ամեն դեպքում պետք է շատ արագ քրեաիրավական գնահատակներ տրվեն։ Եթե կհիշեք, օրինակ, արտերկրում, երբ նման պայթյուններ են լինում, անմիջապես հաջորդ օրը մարդիկ են կալանավորվում ու ձերբակալվում, ընդ որում՝ պաշտոնատար անձինք, բայց ես դրա հույսը չունեմ, որ մեր մոտ նույն կերպ կլինի։ Քննություն կիրականացնեն 1-2 առևտրականի ու «Սուրմալու»-ի պատասխանատուի կփորձեն քրեական հետապնդման տիրույթ բերել։

Իմ կարծիքով՝ առաջին հերթին պատասխանատվությունը պետք է լինի նպատակային, այսինքն՝ իրական պատասխանատուներին պետք է պատասխանատվության ենթարկեն, եթե այդ ամենի մեղավորը պետք է դառնա «Սուրմալու» առևտրի կենտրոնի անվտանգության գծով պետի տեղակալը կամ այն անձը, ում վրա դրվել է հրդեհային տեխնիկայի պահպանման պարտականությունը։ Պատասխանատվության պիտի ենթարկվեն պետական կառավարման ոլորտների տեսչական մարմիններից անձինք, ովքեր այս իրավիճակի համար պատասխանատու են ու թույլ են տվել, որ դյուրավառ նյութեր կուտակվեն մի վայրում, որտեղ անգամ հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն։ Այդ հատվածում անգամ հրդեհային կարոնների պահպանման նվազագույն չափանիշներ չկային»։