Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:00 22-07-2022

Ի հաստատումն եղբայրության՝ Թուրքիան մի շարք ապրանքների դեպքում հայերի համար արտահանման զեղչեր կկիրառի

2021 թ. հունվարի 1-ից, ելնելով այն հանգմանքից, որ 2020թ․-ի 44-օրյա պատերազմում Թուրքիան ակնհայտ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, ՀՀ կառավարությունը 6 ամսով էմբարգո սահմանեց թուրքական ապրանքների նկատմամբ։ Հետո այն երկարաձգվեց ևս 6 ամսով, և ստացվեց, որ ամբողջ 2021թ․-ին արգելվել է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Այդուհանդերձ 2021թ․-ին ՀՀ է ներկրվել ավելի քան 73 մլն դոլարի թուրքական արտադրանք, իսկ ՀՀ-ից դեպի Թուրքիա՝ 443 հազար դոլարի։ Փաստացի Թուրքիայից ներկրվածը գումարային առումով ավելի քան 165 անգամ գերազանցել է այստեղից դեպի Թուրքիա արտահանվածին։

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական եղբայրական հարաբերությունների ձևավորման նպատակով անցած տարվերջին ՀՀ գործող կառավարությունը հանեց թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն, և հիմա թուրք-հայկական առևտրային հարաբերությունները ակտիվանում են մեծ արագությամբ։ 2022թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում Թուրքիայից ՀՀ է ներմուծվել 76․4 մլն դոլար թուրքական արտադրանք։ Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ից Թուրքիա է արտահանվել 320 հազար դոլարի արտադրանք՝ գումարային առումով շուրջ 84 անգամ քիչ։ Համեմատության համար նշենք, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին Իրանի հետ ՀՀ-ն ունեցել է 245․7 մլն դոլարի ապրանքաշրջանառություն, որից ավելի քան 200 մլն դոլարինը՝ ներմուծում, 45․7 մլն դոլարինը՝ արտահանում։ Ներմուծումն ընդամենը 4․3 անգամ է գերազանցել արտահանմանը՝ Թուրքիայի 84 անգամի համեմատությամբ։ Կամ մեր ռազմավարական և առևտրատնտեսական հիմնական գործընկեր ՌԴ-ից այս տարվա առաջին հինգ ամիսներին ներկրումը կազմել է գրեթե 840 մլն դոլարի, արտահանումը՝ 387, տարբերությունը՝ 2․1 անգամ։

Ամբողջ խնդիրը այն է, որ Հայաստան-Թուրքիա առևտրային հարաբերությունների պարագայում գոնե վերջին տարիներին միշտ եղել է նույն պատկերը․ ներմուծումը՝ մի քանի տասնյակ, երբեմն նաև մի քանի հարյուր անգամ գերազանցել է արտահանմանը։ Ահավասիկ, 2018թ․-ին ՀՀ-ից Թուրքիա արտահանվել է 2 մլն 528 հազար դոլարի արտադրանք, Թուրքիայից ներկրվել է 252․6 մլն դոլարի։ Ուղիղ հարյուր անգամ ավել։ 2019թ․-ին ՀՀ-ից դեպի Թուրքիա արտահանումը կազմել է 2մլն 224 հազար դոլար, ներմուծումը՝ 268 մլն 98․4 հազար դոլար։ Տարբերությունը՝ 120․5 անգամ։ 2020թ․Հայաստանից Թուրքիա է արտահանվել 500․7 հազար դոլարի արտադրանք, Հայաստան է ներմուծվել 231 մլն 489․7 հազար դոլարի արտադրանք։ Տարբերությունը՝ 462․3 անգամ։

Փաստորեն վերջին տարիների՝ մեր երկրից դեպի Թուրքիա արտահանման ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2018թ․-ին՝ 2․5 մլն դոլար։ Որպես կանոն՝ այն չի գերազանցում 1 մլն-ի սահմանագիծը։ Հայ-թուրքական առևտրային հարաբերությունները շատ նման են մեկ դարպասի վրա անցկացվող ֆուտբոլային խաղի։

Որպես կանոն՝ Հայաստանի արտահանումը դեպի Թուրքիա սահմանափակվում է ընդամենը չմշակված մորթու և մշակված կաշվի տեսականիով։

Ինչ է ներկրվում Թուրքիայից․ 2020թ․-ին, օրինակ, այդ երկրից ՀՀ է ներկրվել շուրջ 25 մլն դոլարի միրգ, ընկուզեղեն, ցիտրուսներ, 5․4 մլն-ի բանջարեղեն, 3․2 մլն-ի աղ, ցեմենտ, կրաքար, ծծումբ, 31 մլն-ի հանքային վառելանյութ, նավթ, 5 մլն-ի օճառ և մաքրող միջոցներ։ Փաստորեն՝ հիմնականում այն արտադրատեսակները, որոնց արտադրությունը ընդգծված կա նաև մեզանում։ Առաջնահերթ՝ միրգ ու բանջարեղեն։ Գյուղատնտեսական պրոդուկտ, որը Հայաստանի տնտեսության, արտադրության, զբաղվածության ու արտահանման ամենամեծ ծավալն է ապահովում՝ ցեմենտ, կրաքար, մաքրող միջոցներ։
Եվ այդ ամենն այն դեպքում, երբ չունենալով բաց սահմաններ՝ այս առևտուրը իրականացվում է միջնորդավորված, երրորդ երկրի միջոցով։ Պատկերացնել է պետք, թե առևտրի ծավալների ինչ աճ կլինի բաց սահմանների դեպքում։ Եվ բոլորովին էլ բացառել պետք չէ, որ «ի նշան մեր եղբայրության ու Հայաստանին օգնելու նպատակով»՝ Թուրքիան մի շարք ապրանքների դեպքում հայերի համար (օրինակ՝ լոլիկի, վարունգի, այլ բանջարեղեններ, չրեր և այլն) խիստ զեղչված գներ կառաջարկի։