copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:41 21-12-2022

ՀՀ բոլոր դպրոցների դռները բաց են ձեզ համար. Անդրեասյանը Գորիսում հանդիպել է արցախցի երեխաների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 21-ին այցելեց ՀՀ Սյունիքի մարզ, որտեղ Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպեց Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանում մնացած դպրոցահասակ արցախցիների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցեց նրանց հետ, նվիրեց գրքեր: Այնուհետև նախարարը երեխաների հետ միասին նայեց ներկայացումը, որը բեմադրվել էր հատուկ նրանց համար։

«Այսօրվա մեր ուժեղ լինելուց է կախված մեր հայրենիքի ապագան, մեր հետագա զարգացումը։ Այստեղ գտնվող երեխաներից և մեծահասականերից յուրաքանչյուրը մեր հզորության գրավականն է։ Դուք ձեր տոկունությամբ և մարդկային շատ բարձր որակներով ցույց եք տալիս դժվարությունները հաղթահարելու ճանապարհը։

Իսկապես շատ դժվար օրեր ենք ապրում․ այն վիճակը, որում հայտնվել են Արցախում գտնվող մեր հայրենակիցները, այլ կերպ, քան հումանիտար աղետ, հնարավոր չէ բնութագրել։

Պատկերացնում եմ, թե որքան դժվար է նաև այստեղ գտնվող երեխաների համար, որոնք հնարավորություն չունեն վերադառնալ ընտանիք և տուն։ Անկախ նրանից՝ ինչով ենք զբաղվում, բոլորիս մտքում այս օրերին այդ նույն հարցն է՝ ե՞րբ է բացվելու Արցախի ճանապարհը։ Կյանքի ճանապարհը պետք է րոպե առաջ բացվի, և ստեղծված հումանիտար աղետին վերջ տրվի։ Բայց մենք նաև գիտակցում ենք, որ իրավունք չունենք ուժեղ չլինել»,- իր խոսքում նշեց նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը ճանապարհի փակման հետևանքով կրթությունն ընդհատած երեխաներին հորդորել է հաճախել տեղի դպրոցներ․ «Հայաստանի բոլոր դպրոցների դռները բաց են ձեզ համար, խնդրում եմ, հաճախեք մոտակա դպրոցներ, վստահ եմ ձեզ սիրով կընդունեն։ Գիտեմ, դժվար է, բայց փորձեք համապատասխան դասարաններում դասերին մասնակցել, որպեսզի հետագայում բաց թողած ուսումնական նյութը ավելի հեշտությամբ լրացնեք»,- դիմելով երեխաներին՝ նշել է նախարարը և հավելել, որ կրթությունը դժվարություններին դիմակայելու և հոգեբանորեն ուժեղ լինելու արդյունավետ միջոցներից է։

Աշոտ Գաբրիելյանը, ով «Դասավանդիր Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդներից է Արցախի Մարտունի շրջանի Կոլխոզաշեն գյուղում, նշեց, որ միջազգային ծրագրի մասնակցելու համար Արցախից դուրս է եկել դեկտեմբեր 11-ին, երբ հետ է վերադարձել, Արցախը Հայաստանին և աշխարհին կապող ճանապարհն արդեն փակ է եղել:

Աշոտը ասաց, որ նա Արցախի Ասկերանի շրջանից է, և հիմա իր ընտանիքը, հարազատները, ինչպես նաև աշակերտներն Արցախում են. «Կապը կա, տրամադրությունն այնտեղ լավ է՝ չնայած նրանք էլ գիտակցում են իրավիճակի լրջությունը: Գիտենք, որ որոշ բաների պակաս կա արդեն, բայց այնտեղ պինդ են և մեզ էլ ոգևորում են: Հույս ունենք, որ շուտով ճանապարհը կբացվի, և կկարողանանք վերադառնալ և Արցախ հասցնել դեղորայք և անհրաժեշտ պարագաներ»,- ասաց նա:

Գորիսում է գտնվում նաև Ստեփանակերտի «Ասպարեզ» պարային ստուդիայի խումբը, որի ղեկավար Լարի Ավանեսյանը պատմեց, որ իրենք վերադարձել են Թբիլիսիում կայացած մրցույթից։

Արցախի ուշուի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Գրիգորյանը երկու մարզիկների հետ դեկտեմբերի 1-ից դուրս է եկել Արցախից։ Նրանք Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են Ինդոնեզիայում տեղի ունեցած պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Վարդանյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Մրցաշարն ավարտվել է դեկտեմբերի 11-ին, և մարզիչն ու մարզիկներն այժմ Գորիսում սպասում են ճանապարհի բացմանը։

ԿԳՄՍ նախարարն այցի ընթացքում շրջայց է կատարել նաև Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, այցելել Պետական գյուղատնտեսական քոլեջ, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ: