Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:17 29-11-2022

Ստեղնաշարային սպորտի գերմանագրության աշխարհի չեմպիոն է պետք լինել՝ դեսպանատանը վիզա ստանալու համար հայտը լրացնելու և օր վերցնելու համար․ Նազիկ Ասատրյան 

Oragir.News-ը ամիսներ առաջ ահազանգել էր, որ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատներ վիզա ստանալու համար մուտք գործելու համար օնլայն համակարգով ինքնուրույն գրանցվելը դարձել է գրեթե անհնարին ու նվաստացուցիչ։

Խնդրի հետ կապված մենք շարունակում ենք ահազանգեր ստանալ։ Խնդրի հետ կապված ահազանգել էր նաև տարիներ շարունակ Գերմանիայի դեսպանատուն դիմած քաղաքացիներից մեկը՝ Նազիկ Ասատրյանը։

Նա պատմեց, որ այս տարվա մայիս ամսին հերթական անգամ Գերմանիա մեկնելու համար փորձել է հարցազրույցի համար պայմանավորվածության օր վերցնել Գերմանիայի դեսպանատան կայքէջից:

«Նախ ասեմ, որ արդեն տևական ժամանակ է, ինչ պայմանավորվածություն ձեռք բերելու համար նախատեսված է շաբաթական միայն մեկ օր՝ երկուշաբթիից լույս երեքշաբթի ժամը երեքին: Մայիս-հունիս ամիսներին վեց շաբաթ շարունակ ամեն երկուշաբթի փորձել եմ օր ու ժամ վերցնել, բայց ապարդյուն. այդ ժամանակ հենց համակարգ էիր մտնում, գրվում էր՝ «Սպասեք, սերվերը ծանրաբեռնված է»։

Էդպես մոտ կես ժամ ցույց տալուց հետո՝ գրվում էր, որ տեղեր այլևս չկան: Վեց շաբաթ անջատած նյարդերով փորձեր անելուց հետո հասկացա, որ անիմաստ զբաղմունք է։ Իհարկե, վեց շաբաթ պետք չէր դա հասկանալու համար, ուղղակի արդեն հետաքրքիր էր, թե ինչ խաղ է տարվում: Այդ ընթացքում երկու անգամ նամակ եմ գրել դեսպանատուն, որտեղից էլ շաբլոն պատասխաններ էին գալիս․ «Մենք գիտենք խնդրի մասին, բայց տեղերը սահմանափակ են և այլընտրանքային գործընթաց նախատեսված չէ»:

Նա նշեց, որ նույն իրավիճակը շարունակվում էր նաև սեպտեմբերին։ «Մտածեցի՝ սեզոնային պիկն անցած կլինի, կրկին փորձեմ: Եթե մայիս-հունիս ամիսներին համակարգը կես ժամ զբաղեցնում էր և հույս տալիս, որ մա՛րդ ես, կարող է և հաջողես, սեպտեմբերից սկսած համակարգը փակվում է՝ բացվելուն պես. առավելագույնը մեկ-երկու րոպե անց գրվում է, որ տեղեր այլևս չկան: Անցած գիշերն այս առումով ռեկորդային էր՝ համակարգը դուրս է շպրտել՝ դեռ այնտեղ ոտք չդրած: Թե Հայաստանից, թե Գերմանիայից անհնար է եղել այս ամիսների ընթացքում օր վերցնել:

Շաբաթներ առաջ մի օր բացել էր համակարգը ու, թվում էր, թե հնարավոր է օր վերցնել, բայց դա միայն թվում էր. մեկ ու կես րոպեում կարճ հայտադիմումը լրացնելուց հետո պարզվում էր, որ ուշացել ես: Դե, քանի որ այս հարցում ստեղնաշարային սպորտի գերմանագրության աշխարհի չեմպիոն էր պետք, ես խնդրեցի Գերմանիայում ապրող զարմուհուս՝ իմ փոխարեն լրացնել հայտը. առաջին անգամ քառասուն վայրկյան, երկրորդ անգամ՝ քսանհինգ վայրկյան անց համակարգը փակվել էր՝ «տեղեր այլևս չկան» մակնշմամբ:

Թե ովքե՞ր են գերմանագրության աշխարհի այդ ծպտյալ ռեկորդակիրները, այդպես էլ առեղծված է մնում: Այդ առեղծվածն էլ հասու է միայն դեսպանությանն ու տուրիստական գործակալություններին, որոնք էլ վաճառում են այդ տեղեր. 15-25 հազար դրամով, վերջերս նաև 100 հազար դրամ թիվն էր շրջանառվում:
Դեսպանությունը, եթե անգամ այս կոռուպցիոն սխեմայի մեջ ընդգրկված չէ, ապա շատ լավ տեղյակ է:

«Դեսպանատունը շատ լավ տեղյակ է խնդրից, այլընտրանքային պրոցես նախատեսված չէ»,- իրենց շաբլոն պատասխանն է: Այսինքն՝ խնդիրը գիտենք, բայց լուծելու միտք էլ չունենք, քանի որ սենց մեզ ձեռնտո՞ւ է: Դիմողները շատ են, չե՞նք հասցնում: Արհեստական խոչընդոտը ստեղծել ենք ու հերոսաբար էլ չե՞նք հաղթահարելու: ԱՄՆ դեսպանությունն էլ ունի սահմանափակ տեղեր, դրա համար էլ մի տարի առաջ ենք հարցազրույցի օր վերցնում, էհ, դուք էլ բացեք ձեր համակարգը ու թող մարդ 2026 թվականի ապրիլի 27-ի համար հարցազրույցի օր վերցնի»:

Ասատրյանը պատմեց, որ այս հարցով նամակներ է գրել Բունդեսթագի Գերմանահայկական ֆորումի նախագահին, Գերմանիայի ԱԳՆ-ին: «Բունդեսթագից պատասխանել են, որ հարցը քննարկել են ու ուսումանասիրում են: Թե դեռ ինչքան են ուսումնասիրելու, հայտնի չէ: Խորքային ուսումասիրելու բան էլ չկա, ուղղակի պետք է մի երկու անգամ փորձել մուտք գործել համակարգ ու ամեն ինչ կընկնի տեղը»:

Նա նաև նշեց, որ Գերմանիայի արտաքին գերատեսչությունից էլ ավտոմատ պատասխան է եկել, եթե Ձեր հարցի պատասխանը չկա մեր «Հաճախ տրվող հարցերի» ցանկում, ապա կուսումասիրենք հարցը ու կպատասխանենք: «Սպասենք, մի ամիս էլ սրանց սպասենք, միևնույն է՝ արդեն ոչ մի տեղ չենք շտապում»:

Նա նաև ընդգծեց, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը նույնպես տեղյակ է այս ամենից։

«Փոխանակ դեսպանությանը մտահոգի սա, հարցը բարձրացնի հյուրընկալ երկրի ԱԳՆ-ում, տարատեսակ անհիմն արդարացումներ են գտնում: Ասենք, ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու, էս վիճակը ծայրաստիճան ստորացուցիչ է: Ձեզ բացարձակ չի՞ հուզում, թե ոնց են վարվում ձեր երկրի քաղաքացիների, ձեր պետության հետ: Ու էս հարցում միայն գործակալություններին մեղադրելը՝ զավեշտ է: Այստեղ գլխավոր մեղավորը դեսպանությունն է՝ իր ներդրած ծայրաստիճան տխմար համակարգով: Ակնհայտորեն՝ միտումնավոր ներդրած: Ի դեպ, ես չեմ պատրաստվում խթանել կոռուպցիան ու «սև շուկայից» տեղ գնել:

Նրա դիտարկմամբ՝ խնդիրը միայն Գերմանիայի դեսպանատան հետ կապված չէ նույն իրավիճակը նաև այլ Եվրոպական երկրների դեսպարատներին դեպքում է նկատել։ «Վերջերս ֆեյսբուքում նաև Ֆրանսիայի դեսպանատան տեղեր էին վաճառում, սակարկելով, բանով, ինչպես հարկն է: Վաճառողը մի բան էլ մունաթ էր գալիս, թե էժան եմ ասում, ուրիշները շատ ավելի թանկ են վաճառում:

Ասեմ նաև, որ մի քանի տարի առաջ Գերմանիայի դեսպանատունը լավագույնն էր, ամենայն անկեղծությամբ: Սա ասում եմ որպես մարդ, որը մոտ տասն անգամ եղել է Գերմանիայում, Գերմանիայի դեսպանատնից բազմիցս վիզա է ստացել, օգնել է մի քանի տասնյակ մարդու՝ հարցազրույցի օր վերցնելու, օրը փոխելու, չեղարկելու հարցերում ու այդ ամենն արվել է ընդամենը էլեկտրոնային նամակ գրելու միջոցով:

Հիմա, գրում ես՝ օրը փոխելու խնդրանքով, ընդ որում, արդեն ասացի՝ ոնց ու որտեղից ձեռք բերված օրը, ասում, որ մարդը պիտի մասնակցի Բժշկական գիտաժողովի, ուղղակի ավելի շուտ պիտի Գերմանիայում լինի, տեղն էլ կա, գործընկերն իր օրը զիջում է տվյալ մարդուն, որ գոնե էդ մարդը գնա ու հասցնի մասնակցել իր մասնագիտական գիտաժողովին, դեսպանատունը պատասխանում է՝ էլեկտրոնային փոստով օր չենք տրամադրում, օր չենք փոխում, նման բովանդակության նամակներին էլ անտեսելու ենք: Լավ, էլեկտրոնային փոստով չեք անում, բա ի՞նչ տարբերակով եք անում. գանք նստենք Չարենցի 29 հասցեում, դեսպանատան դարպասների առջև՝ մոտ երեք-չորս օր, էդ տարբերակով կլինի՞, օրը կփոխե՞ք»:

Ասատրյանը նշեց, որ Գերմանիայի դեսպանատնից պայմանավորվածության օր վերցնելը բարդացավ այն դեպքից հետո, երբ դեսպանությանը թույլ չտրվեց Շենգենյան վիզաների տրամադրումը փոխանցել «ՎիզաՄետրիկ» ընկերությանը, որը ռուս-թուրքական կոնսորցիում էր: «Առավել բարդացավ հետկովիդյան շրջանում, երբ կովիդով պայմանավորված սահմանափակումները վերացան: Այդ օրվանից ի վեր գրեթե մարդ չի եղել, որը սեփական ձեռամբ կարողացել է դեսպանատան կայքից օր վերցնել»:



Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 

Ձեզ գուցե հետաքրքրի