Երևան +11°
Ներքին 1 տարի առաջ - 16:06 24-11-2022

Զինվորի ֆիզիկական ու հոգևոր պաշտպանությունը հավասար կարևոր են, և առանց մեկի մյուսը հնարավոր չի․ Կարո սարկավագ Ղարիբյան


Կարո սարկավագ Ղարիբյանը Հադրութի զորամասի գնդերեցն էր շուրջ մեկ տարի, երբ սկսվեց պատերազմը։ Ինքն արդեն մտերմացել էր թե զինվորների, թե սպաների հետ, վստահում էին իրեն։ «Շատ ժամանակ սպայի հետ շփումն այնպես չի ստացվում, որովհետև նրանք իրենց վերադասն են, իսկ հոգևորականի հետ այդ հարցը չկա։ Հոգևորականները՝ որպես կանոն բանակում բոլորի ընկերներն են, նաև որովհետև մեզ վրա չկա այդ պարտավորությունը՝ զեկուցել վերև»,- նշում է սարկավագը Oragir.News-ի հարցերին ի պատասխան։

Նա պատմում է, որ զինվորները դիրքերում հաճախ են մատուռներ կառուցում իրենց ուժերով։ Եվ երբ պարտադրված նահանջից հետո ձգտում են հետ վերցնել իրենց դիրքերը, նպատակն է լինում նաև հետ բերել այդ դիրքում մնացած մատուռը, քանի որ գիտակցում են, որ դա իրենց սրբությունն է, որ թշնամին առաջինը կարող է պղծել մատուռը։

Անդրադառնալով քննադատություններին, թե զինվորն ավելի լավ կլինի՝ դիրք ամրացնի, իր խրամատը կահավորի՝ սարկավագն ասում է, որ դրանք փոխկապակցված չեն․ «Դիրքի կամ զինվորի անձնական-ֆիզիկական պաշտպանությունը և հոգևոր պաշտպանությունը երկու հավասար ոլորտներ են, ու պիտի երկուսն էլ լինեն։ Առանց մեկի մյուսն ուղղակի հնարավոր չի»։

Կարո սարկավագն ասում է, որ ամեն զինվոր իր հետ պատահած հրաշքների պատմություններ ունի․ «Կռվի ժամանակ, երբ անելանելի է, երբ օգնության ոչ մի հույս չկա, ու հանկարծ մի անհայտ ձևով, չգիտես՝ ոնց, մարդիկ փրկվել են»։ Խնդրում եմ հիշել մեկ-երկու դրվագ, ու նա պատմում է, որ զորամասում եթե մեքենայով տեղ պիտի գնային, խնդրում էին, որ հոգևորականն իրենց հետ գնար․ կար վստահություն, որ եթե հոգևորականը նստած էր մեքենայում, այդ մեքենայի վրա արկ չէր ընկնելու։ Շատերն էին իրենց Սուրբ Գիրքը կրում ձախ ծոցագրպանում, և շատերի գրքերի վրա է մնացել հետքն այն գնդակի, որ կարող էր մահացու լինել, բայց կանգ էր առել՝ գրքին դիպչելով։ Արկակոծվում էր հրամանատարական կետը, ոչինչ անել չէին կարող բացի աղոթելուց․ դժվար է հավատալ, բայց արկերի տեղատարափից ոչ մի վնաս այդ կետը չէր կրել։

Շատերն են զգացել զորությունը հրաշքի, որ օգնել է իրենց ողջ մնալ՝ կրկնում է։ Հարցնում եմ՝ իսկ նրանք, որ ողջ չմնացին․․․ «Իրականում դժվար է։ Ես վստահ եմ, որ ամեն մարդ չէ, որ արժանի է հայրենիքի համար զոհվել։ Հնարավոր է մեկը ձգտի դրան, բայց․․․ Ընդհանրապես եկեղեցում փրկության հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Բայց մեր եկեղեցու առաջին սրբադասվածները հանուն հայրենիքի նահատակված մարդիկ են, ովքեր իրենց կյանքը գիտակցաբար դրել են հանուն հայրենիքի, իրենց եկեղեցու պաշտպանության համար․․․ Ու հիմա միակ մխիթարությունը ծնողի համար այն գիտակցումն է, որ դա այն ուղիղ ճանապարհն է, որ տանում է փրկության»,- ասում է սարկավագը։

Նա պատմում է, որ զոհվածների մեջ շատ են զորամասի, դիրքի ընտրյալները․ «Քիչ առաջ պատմում էի կառուցված մատուռների մասին։ Բազում դեպքեր ունենք, որ այն զինվորները, որ նախաձեռնել էին մատուռների կառուցումը, անձնազոհությամբ իրենց տասնյակ ընկերների կյանքն են փրկել, հենց իրենք են իրենց կյանքը դրել մյուսների համար։ Եվ առանց դրա հնարավոր չէ։ Եթե մենք հասել ենք այն կետին, որ հայրենիքը պիտի պաշտպանենք զենքով, պիտի գիտակցենք, որ անխուսափելի են կորուստները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված