Երևան +19°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 14:11 02-08-2022

Ի՞նչ է, փող են վերցրել՝ իմ տունը քանդե՞ն, կենդանի-կենդանի ինձ իմ տան մեջ սպանե՞ն․ Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Իմ առողջական խնդիրները ավելի շատ կապված են այս շինարարության հետ, որ ինձ օր ու արև չեն տալիս։ Ամբողջ ստեղծագործական աշխարհս այս երեք տարի է՝ ո՛չ կարողանում եմ ստեղծագործել, ո՛չ կարողանում եմ հանգիստ ունենալ, էլ չեմ ասում՝ տունս քանդել են, այս հիմնական տունը վթարային է, Աստծո տված լույսը սաղ փակել են նորմերի խախտումով, հիմա ամեն անգամ ես սթրես եմ տանում, ես չեմ կարողանում իմ տան մեջ հանգիստ ապրել։ Ով չի պատկերացնում, թող գա, ապրի իմ տան մեջ պատկերացնի»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդ»-ի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ չդիմանալով իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքին։ Նա առողջական խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հարցին, թե ինչն է պատճառը՝ առողջական վիճակի վատթարացման, Մանուկյանը պատասխանեց. «Դե այս սթրեսներից էլ առաջացավ, դե միս ու արյուն եմ ի վերջո։ Գնացի դուրս՝ միջոցառման, Ռուսաստանում էի, մի փոքր խնդիրներ եղան, ես այդքան էլ ուշադրություն չէի դարձնում, հետո Ռուսաստանում հյուրանոցում պրիստուպներ, բաներ կային, անցկացրի, հետո, որ արդեն պետք է հետ գայի Հայաստան, օդանավակայանում, որ արդեն օդանավ պետք է նստեի, հանկարծակի պրիստուպ եղավ։ Ինձ թվաց, թե ես արդեն գնացի այն աշխարհ։ Բժիշկներ կանչեցին, եկան, սրսկեցին, ճնշում չափեցին, հետո նստեցի ինքնաթիռ, եկա Հայաստան։

Հայաստանի օդանավակայանում էլի շատ վատ էի, այնտեղից միանգամից գնացի սրտաբանական, ստուգվեցի, հետո եկա առաջին հիվանդանոց, ստուգեցին։ Ասացին, որ խնդիր կա, սրտի պատերն են հաստացել, պռակոլ է դուրս եկել, լեղապարկի ծորանի վրա քար կա, ու հաջորդ օրը տարան վիրահատության Մերգելյան հիվանդանոցում։ Նարկոզ տվեցին, որ այդ քարերը հանեն, ուզեցին լեղապարկը հանել, ես չթողեցի, հիմա բուժում եմ ստանում սրտի պատերի հաստացման դեմ։ Բժիշկների հսկողության տակ եմ մնում, դիետիկ բաներով ապրում եմ, մինչև տեսնեմ ինչ կլինի»։

Անդրադառնալով հարցին, թե տևական ժամանակ է՝ պայքարում էր հարևանությամբ բարձրահարկ շենքի կառուցման դեմ, ինչ արդյունքի է հասել, Մարգարյանն ասաց. «Այդ շինարարությունը մի կերպ, հազիվ կարողացել ենք դադարեցնել։ Կա դատարանի որոշում, կասեցվել է, սպասում ենք հաջորդ քայլին, բայց ոչ մի լավ բան չեմ սպասում այս երկրից և այս պետությունից, որտեղ խոսվում է արդարությունից, կոռուպցիայից, բայց իրականում ավելի շատ իշխանության խնդիր է, իշխանությունը տված է այդ մարդկանց, որ կոռուպցիան շատացնեն, իրենց բիզնեսի, իրենց փողերի մասին մտածեն՝ ո՛չ երկիր, ո՛չ պետություն, ո՛չ էլ հայրենիք։ Հնարավորությունը տրված է այդ կարգի մարդկանց։ Ես խոսում եմ օրենքից, փաստաթղթից, ապրելակերպից, խոսում եմ ստեղծագուրծությունից, հայ մարդուց, հայ հողից, իսկ իրենք ասում են, որ բանկից փող են վերցրել, դրանով ուզում են սաղին գայթակղել, ասում են, որ բանվոր են վարձել, պետությանը հարկ են տալիս և ինչ-որ վնաս են կրում։

Ես էլ իմ չափի մարդ եմ, 40-50 տարի ապրում եմ իմ երկրում, հարկ եմ տալիս, տուրք եմ տալիս, ստեղծագործում եմ, ներկայացնում եմ ավելի արժեքավոր, քան թե իրենց գործը։ Կառուցում են, թող օրենքին համապատասխան, հասարակության, հայրենիքի մարդուն վայել անեն, ի՞նչ է, փող են վերցրել՝ իմ տունը քանդե՞ն, կենդանի-կենդանի դնեն ինձ իմ տան մեջ, սպանե՞ն։ Իմ տունը մշակութային կենտրոն է, իմ ամբողջ «Սասուն» երգի պարի չորս-հինգ անսամբլները՝ իրենց այդ տարազներով, բաներով, իմ տան մեջ են, այդ տունը ոչ միայն տուն է, այլ նաև մշակութային կենտրոն է։ Բա ի՞նչ կլինեմ, կմեռնեմ․ մարդ եմ ի վերջո»։