copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:04 23-11-2022

Ինչ հարցեր են ներառված նոյեմբերի 24-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, արտահերթ նիստ գումարելու որոշում է կայացրել։

ՀՀ ԱԺ կայքում հրապարակված որոշման մեջ ասված է, որ արտահերթ նիստը կանցկացվի ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն։ Այսինքն, արտահերթ նիստը նախատեսվում է անցկացնել Կառավարության նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած կարգով։

Հայտնի է նաև օրակարգում ներառված հարցերի շրջանակը։ Դրանց թվում 5 հարց է ներառված՝

• «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու,

• «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու,

• «Ժամանակավոր անաշխատունակության ու մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու,

• «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումներ կատարելու,

• «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը։

Քննարկման ներկայացված առաջին օրենքում, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը բարձրացնել 2 տարով, իսկ ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետը մինչև 10 տարով երկարաձգելու հնարավորությունը տարածել նաև բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների վրա։

• Կարգավորումներ, փոփոխություններ ու լրացումներ են նախատեսվում նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողների կարգապահական հարցերի,

• ծառայողի, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված,

• պաշտոնից ազատելու դեպքի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ առկա կարգավորումներում։

Առավել համապարփակ կարգավորումներ են նախատեսվում նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի՝ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ծառայության լիազորությունների հարցերում։

Հաջորդ՝ ՀՀ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների փաթեթով առաջարկվում է տնտեսվարողին վերադարձնել դեպի ՀՀ ներմուծման և հետագայում արտահանման դեպքերում՝ ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները։ Նույն օրենքում փոփոխություններ են նախատեսվում նաև տնտեսվարող սուբյեկտների համար հարկային պայմանների կարգավորման գործընթացներում։ Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է՝

• շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս չնվազեցեցնել ՀՀ հարկային օրենսգրքում միկրոձեռնարկատիրական սուբյեկտ համարվող հարկատուներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների՝ մի շարք գծերով կատարվող ծախսերը։

• միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում անհատ ձեռնարկատերև նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող հարկվող եկամուտներից Օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից։

Արդեն 2023 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած կհամարվի «Ժամանավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ- 160 – Ն օրենքի 22-րդ հոդվածի 10․1-ին մասը։ Փոփոխությունը կգործի այն պարագայում, երբ միկրոձեռնարկություններում ներգրավված վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը կլինի հաջողրդ տարվա առաջին օր կամ դրանից հետո։

Մյուս՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նախատեսվող ընթացակարգային նոր փոփոխությամբ ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպությունները կընտրվեն ոչ միայն մրցույթով, այլև «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով։ Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու 1 կմ-ի համար ամենացածր գինն առաջարկած կազմակերպությունը։ (ներկայում դա իրականացվում է 1 ուղևորի տեղափոխման արժեքով)։ Արդյունքում, ուղևորների վճարած փոխադրավարձն ամբողջությամբ փոխանցվելու է համայնքի բյուջե։ Իսկ փոխադրողը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում սահմանված վճարը՝ անկախ տեղափոխած ուղևորների քանակից։ Ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում համայնքն օպերատորի հետ պայմանգիրը կկնքի 5-10 տարի ժամկետով՝ կախված տրանսպորտային միջոցների արտադրության տարեթվերից ու առկա չափորոշիչներից։ Նոր փաթեթով կվերանայվի նաև երթուղային ցանցերի համաձայնեցման և միասնական երթուղիների չվացուցակների ու ուղեգծերի փոփոխությունների կատարման գործընթացը և «օպերատոր» հասկացությունը։

Վերջին՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում Վերաքննիչ-վերստուգիչ ծառայության կողմից նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն սահմանող հոդվածի ժամկետը փոխվել է։

Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը 2023 թվականի հունվարի 1-ի փոխարեն կգործարկվի 2024 թվականի հունվարի 1-ից։ Սա նշանակում է, որ ադ գործառույթներն ապագայում կիրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հատկանշական է, որ ԱԺ-ում ներկայացվող հարցերի արագացված ընթացքով քննարկումներն այս անգամ ևս արդիական կլինեն։ Օրակարգում ներառված հարցերի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև ներկայացված հարցերի երկրորդ ընթերցումը։