Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:34 22-11-2022

Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում. լրացավ Լեոնիդ Ազգալդյանի 80-ամյակը

«Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»: Հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի խոսքերն են, ով ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում հենց այս օրը։

1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է՝ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։



Արցախյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը՝ որպես ռազմական առաջատար գործիչ, ակտիվորեն մասնակցել է հայ ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կառույցի հրամանատարությունը։ Նա կազմակերպել և ղեկավարել է Խորհրդային Հայաստանի մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերը, անձամբ մասնակցել բազմաթիվ ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նռնաձորի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի՝ Երևան ներթափանցման փորձի կանխումը։ Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։

1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։

Ազգալդյանն ասում էր. «Սա Հայաստան է և վե՛րջ…Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ո՛չ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը, ինչպես նաև մնացած հայոց հողերը…»:



Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանն Ազգայդյանի մասին ասել է. «Ինչպես Զանգեզուրն ենք պարտական մեծն Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրումը՝ երկար տարիների զինվորական լուրջ աշխատանքի շնորհիվ բոլոր մանրամասնություններով հանդերձ իր նախապատրաստած ծրագրի իրականացման արդյունքում: Նա է մեր փոքրիկ Արցախ աշխարհը հայրենիքին միացնելու նպատակով կատարված հաջող այս ռազմական գործողության պատմական հեղինակը»:

Ազգային գործիչ Գագիկ Գինոսյանը հավաստում է. «Ես չգիտեմ՝ ով է մեղավոր, որ Լեոնիդը զոհվեց, բայց մի պահ խենթանում եմ և ասում՝ երանի՜…երանի՜ որ զոհվեց ռազմի դաշտում, դարանակալ գնդակից և ոչ դարանակալ դեղահաբից: Միևնույն է նա պիտի զոհվեր, որովհետև նրան չէին ների: Չէին ների նրան հատկապես բարոյական հանճարի համար։ Բայց Լեոնիդը մահից հետո էլ առավել կենդանի է, քան բազում պաշտոնյաներ։ Բնական հարց է ծագում. ինչո՞ւ Լեոնիդ Ազգալդյանը և մյուս հայրենասերները հաջողություն չունեցան: Ցավով ուզում ենք արձանագրել ճշմարտությունը: Մեր կարծիքով՝ պատճառն այն է, որ նրանք չստեղծեցին համապատասխան կառույցներ և չհասկացան հիմնական հարցը: Հայաստանի ճակատագիրը որոշվում էր ոչ թե ռազմաճակատում, այլ քաղաքական միջանցքներում: Իսկ հզոր գերտերության գաղտնի ծառայության գործակալները զավթեցին իշխանությունը՝ ազգային ուժերին հատուկ նպատակով մղելով դեպի ռազմաճակատ: Մեր քաղաքական և գաղափարական ճակատը դեռևս չէր ձևավորվել: Ներկա խրթին հանգամանքներում արդեն կազմավորվում է մտքի ներկայացուցիչների բանակը: Եվ դա է մեր փրկությունը և լուսավոր ուղին»։

«Շփվելով հետը՝ ես զարմանում էի նրա՝ այդքան գիտակ լինելուց, աշխատանքից, նրա պատրաստվածությունից: Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում: Եվ այսօր շատ կարևոր կլիներ, որ նրա փորձը մեր բանակում ուսումնասիրեին»,- սա, ինչպես նաև այն, որ Լեոնիդ Ազգալդյանն իրենից հետո թողել է փորձառու հրամանատարների մի ամբողջ սերունդ»,- Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գնահատականն է:



Փառահեղ հայորդին զոհվեց 1992թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ։ Նա հետմահու արժանացավ ՀՀ և ԼՂՀ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանների: Լեոնիդի կիսանդրին տեղադրված է Երևանի Մաշտոցի պողոտայի իր ապրած շենքի մոտ: 1994թ. նրա դիմանկարը վրձնեց նկարիչ Տիգրան Ասատրյանը. մի նկարը նա հանձնեց ընտանիքին, իսկ մյուսը այժմ պահվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի Փառքի թանգարանում: 2019թ. ապրիլին մեկնարկել է ստորագրահավաք՝ Ազգալդյանին «Ազգային հերոսի» կոչում շնորհելու համար: 2019թ. օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի առթիվ, նա արժանացել է «Արցախի հերոսի» կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով: