«Ճիշտն ասած՝ ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Ես չգիտեմ՝ ինչ է, կարող է՝ շատ լավ բան է, ինձ չի ասել ոչ մի բան։ Ինձ չեն բացատրել, որ այ սենց բան, այս սենց բան, կարող է շատ լավ բան է։ Ես մի անգամ ասել եմ, որ գոյություն ուներ ժամանակին «հայ համերգ», բոլորն ուզում էին միանային իրար, որը շատ լավ տարբերակ էր, որովհետև այնտեղ համերգներ էին կազմակերպում։ Բայց այսօր ես գաղափար չունեմ, թե ինչ են անում, ու ինչ մտածելակերպ կա։ Դրա համար ինձ անիմաստ է բան հարցնելը»,- ասաց Հայաստանի գուսանական և ժողովրդավարական երգի պետական անսամբլի տնօրեն Հրաչ Նազարյանն
Oragir.News-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք համաձայն են պարարվեստի ՊՈԱԿ-ների միավորմանը, թե՞ ոչ։
Բանն այն է, որ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման նախագիծն իսկական իրարանցում է առաջացրել պարարվեստի բնագավառում։ Իսկ ԿԳՄՍ-ի այս նախագիծը շատերի սրտով չէ, քանի որ միավորվելու են պարարվեստի մի քանի ՊՈԱԿ-ներ, ընդ որում՝ «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ը։ «Այս կառուցները ոչ թե փակում կամ լուծարում ենք, այլ փրկում. ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի խոսքերն են՝ օրեր առաջ տված հարցազրույցից՝ ՊՈԱԿ-ների օպտիմալացման մասին։
Բանն այն է, որ անգամ հստակ հիմնավորումներ չկան ՊՈԱԿ-ների միավորման հետ կապված, միայն նշվում է հեղինակների կողմից, որ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը և կատարողական արվեստի քարոզչությունը, ժողովրդական երաժշտական ստեղծագործություններին ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելը: Որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է դաշտում գործող և գործունեության մշտական հարթակներ չունեցող 6 մշակութային կազմակերպությունների համար աշխատանքային և ստեղծագործական բարենպաստ պայմանների ստեղծմամբ:
Ներկայում Հայաստանում գործող պետական կարգավիճակ ունեցող 6 մշակութային կազմակերպություններ չունեն իրենց հիմնական գործառույթներից բխող գործունեությունը (փորձեր և համերգներ) իրականացնելու մշտական հարթակներ և տեղակայված են այլ կառույցներին պատկանող տարածքներում։
Այսպես՝ «Հայաստանի պարի պետական անսամբլը» գործում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը՝ «Ա․Խաչատրյան համերգասրահ»-ի նկուղային հարկում, «Թ․Ալթունյանի անվ․ երգի-պարի պետական համույթը»՝ Հայաստանի երգչախմբային ընկերությունում:
Այժմ հարց․ արդյո՞ք արժե միավորել կառուցները՝ փոխնախարարի խոսքով դրանք փրկելու համար, ստացվում է այնպես, որ աչքի տեղը ունքն են հանում, ու մի բան էլ․ միաձուլման պարագայում կվերանան ՊՈԱԿ-ների բնականոն գործունեությունը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներ․ միասնական տոմսային տնտեսության վրա այն ևս կանդրադառնա, ինչպես նշվում է հիմնավորման մեջ։