Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:32 07-11-2022

ԼՀԿ-ն միասնական է իշխանության հետ կեղծ ընդդիմությանը և նրանց սպասարկող լրատվամիջոցներին փոսում ծածկելու հարցում․ Խաժակյան


Նոյեմբերի 5-ին հայտարարված էր ծառատունկ, որին վարչապետի և նրա ընտանիքի հետ միասին մասնակցում էր նաև Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։ Լուսավոր Հայաստանի անդամները պատերազմից հետո կոշտ քննադատում էին իշխանության վարած քաղաքականությունը մինչև այս տարեսկիզբը, երբ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Փաշինյանի կողմից նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան։ Այժմ կուսակցության հայտնի դեմքերից մեկը հենց վարչապետի կողքին ծառ էր տնկում։ Oragir.News-ը խնդրեց մեկնաբանել՝ ինչու որոշվեց հրապարակային դրսևորել իշխանամետություն և առհասարակ հիմա ինչպես է դիրքավորված ԼՀԿ-ն։ Մեր հացերին համաձայնեց պատասխանել Դավիթ Խաժակյանը։

ԿՄ - Պարոն Խաժակյան, ի՞նչ ուղերձ եք հղում՝ իշխանության հետ մասնակցելով ծառատունկի։ Վստահաբար, եթե միայն ծառ տնկելու խնդիր դրած լինեիք, կարող էիք այլ տեղ ընտրել դա անելու համար։ Ըստ այդմ, ո՞րն էր Ձեր ուղերձը։
ԴԽ - Ծառատունկի ընթացքում մենք փոս էիք լցնում, և ուզում էինք ցույց տալ, որ այդ փոսում են ընդդիմադիրները և նրանց սպասարկող լրատվամիջոցները, և որ մենք պատրաստ ենք իշխանության հետ համատեղ այդ փոսը ծածկել։

ԿՄ - Ծառերը որոշակի խորհուրդ ունե՞ն։
ԴԽ - Ծառերը վկայում են թաղված փոսից՝ թաղված նեգատիվից հետո դուրս եկող նոր հաջողություն։

ԿՄ - Գեղեցիկ է հնչում։ Բայց, փաստորեն, կարող ենք ասել, որ Լուսավոր Հայաստանը վերցնում է իշխանամետությա՞ն դրոշը։
ԴԽ - Լուսավոր Հայաստանն ընդդիմությանը և նրանց սպասարկող կեղծ լրատվամիջոցներին քաղաքական գերեզման ուղարկելու հարցում միասնական է [իշխանության հետ – խմբ․] և վստահաբար հաջողելու է։

ԿՄ - Խոսեցիք կեղծ ընդդիմության մասին․ այո, կեղծ ընդդիմությունը սպասարկում է իշխանոււթյան սխալները, իսկ իրական ընդդիմության մասին ի՞նչ կասեք։
ԴԽ - Ցավոք սրտի, այն կեղծ ընդդիմությունը, որ զբաղեցնում է նաև խորհրդարանական մանդատները, հնարավորություն չի տալիս, որ ամեն ինչ պարզաջրվի, բայց վաղ թե ուշ դա տեղի կունենա։

ԿՄ - Ըստ Ձեզ՝ ե՞րբ կունենանք նորմալ ընդդիմություն, որ կստիպի իշխանությանը իրականում աշխատել և ճիշտ աշխատել։
ԴԽ - Նորմալ ընդդիմության համար մի քանի նախապայման է պետք՝ նորմալ քաղաքական գործիչներ, նորմալ լրագրողներ, նորմալ լրատվամիջոցներ․ ես լավատես եմ՝ բոլորից էլ կունենանք։

ԿՄ - Ե՞րբ։
ԴԽ - Երբ որ լինեն նորմալ գործիչներ, նորմալ լրագրողներ։

ԿՄ - Լուսավոր Հայաստանն, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է հիմա դիրքավորվում։
ԴԽ - Լուսավոր Հայաստանը դիրքավորվում է պետության հիմքերն ամրացնելու դերում, որտեղ մի կողմ է դրել բոլոր ներքաղաքական տարաձայնությունները։

ԿՄ - Դուք ձեզ տեսնո՞ւմ եք այն ապագա իրական ընդդիմության դերում, որի մասին նոր խոսում էիք։
ԴԽ - Լուսավոր Հայաստանը մինչև 2021 թվականի ընտրությունները եղել է խորհրդարանական ընդդիմություն, դրանից հետո մենք խորհրդարանից դուրս ենք մնացել, ընդդիմության էստաֆետը ստանձնել են այլ ուժեր, երբ կլինեն հաջորդ ընտրությունները և մենք կունենանք մեր մասնակցությունն այնտեղ, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ժողովրդի կողմից ինչ մանդատ ենք ստանում։

ԿՄ - Սկզբունքորեն, ընդդիմությունը կարող է լինել նաև արտախորհրդարանական։
ԴԽ - Դա պայմանական բաժանում է, որտովհետև հիմնական իշխանությանը փոխզսպելու և հակակշռելու դերն իրականացնում է խորհրդարանական ընդդիմությունը։

ԿՄ - Պայմանակա՞ն։
ԴԽ - Այո, ես արդեն ասացի։

ԿՄ - Շնորհակալություն, պարոն Խաժակյան։

Կարմեն Մարտիրոսյան