Ներքին 1 տարի առաջ - 12:37 07-11-2022

Ունենք գիտնական անդամների չբացատրվող հրաժարականներ, ԲԴԽ գիտնական անդամները լեգիտիմ չեն. Սիրանուշ Սահակյան

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննում էր դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Մինչ վարույթի բուն քննության սկսվելը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնեց այն հիմքով, որ ինքը եղել է Արդարադատության նախարար, երբ հարուցվել էր կարգապահական վարույթ։

ԲԴԽ-ն բավարարեց միջնորդությունը։ ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի նկատմամբ բացարկ հայտարարելու մասին միջնորդություն ներկայացրեց արդեն պաշտպանության կողմը։

Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ նա ի պաշտոնե առնչվել է Ստեփանյանի նկատմամբ վարույթ հարուցելուն Արդարադատության փոխնախարարի պաշտոնում, միաժամանակ, նա նշեց, որ Թումանյանցի եւ Անդրեասյանի միջեւ կա նաև անձնական մտերմիկ կապ, քանի որ Թումանյանցն աշխատել է Անդրեասյանի հետ ՄԻՊ գրասենյակում, ապա նաեւ Անդրեասյանի փաստաբանական գրասենյակում, այնուհետև նրա հետ տեղափոխվել է նախարարություն, հետո էլ ԲԴԽ։

Նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը նշեց, որ սուտ տեղեկություններ են տարածվում, որ Թումանյանցն աշխատել է Անդրեասյանի փաստաբանական գրասենյակում։ Մինչդեռ այդ տեղեկությունը բացահայտ սուտ է։ Խորհուրդը մերժեց Սահակյանի միջնորդությունը։ Այնուհետև Սիրանուշ Սահակյանը բացարկ հայտնեց Երանուհի Թումանյանցին, Դավիթ Խաչատուրյանին եւ Վիգեն Քոչարյանին։ Նա նշեց, որ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, հետևաբար, դատավորի անկախությունն անհրաժեշտ պայման է արդար դատաքննության իրականացման համար։

«Նրանք առաջադրվել եւ ընտրվել են «Իմ քայլի», ապա ՔՊ-ի կողմից, ԲԴԽ ոչ դատավոր անդամների ընտրության առումով կարեւորվում է նրանց անկախությունը։ Թեկնածուներից որեւէ մեկը չի առաջադրվել ընդդիմադիրների կողմից եւ նրանց քաղաքական անկախությունը երաշխավորված չէ, քանի որ ընտրությանը չեն մասնակցել և նրանցից որևէ մեկի թեկնածությունը չի առաջադրվել ընդդիմության կողմից։ Փաստացի՝ ընդդիմությունը դուրս է դրվել ԲԴԽ թեկնածուների առաջադրման եւ ընտրության գործընթացներից»։

Նիստը նախագահող Ստեփան Մնացականյանն ընդհատեց Սահակյանին, խնդրելով՝ զերծ մնալ քաղաքական գնահատականից եւ մնալ իրավաբանական դաշտում։ «Ինստիտուցիոնալ առումով ոչ իրավաբան անդամը չի կարող անկախ որոշումներ կայացնել եւ սա քաղաքական գնահատական չէ, իրավաբանական գնահատական է»,- ասաց Սահակյանը։

Նա ընդգծեց, որ խորհուրդն այս կազմով չի կարող անկախ լինել։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանն ասաց, որ Սահակյանի ելույթը կարծես հատված լինել «Հայաստան» դաշինքի հանրահավաքից. «Ուզում էի ճշտել՝ սա ներկայացուցչի դիրքորոշումն է, թե նաեւ դատավորի»։

Սահակյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը նշել է անկախ դատավորների ընտրության մեխանիզմները, որոնք չեն պահպանվել։ «Իսկ հանրահավաքներին մենք չենք հետևում»։ Նախարարություն ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանն ասաց, որ քննարկման է դրվում մի հարց , որը դուրս է թե այս վարույթի շրջանակում քննարկվող հարցերից, թե հարցականի տակ է դնում ԲԴԽ կազմն առհասարակ։

Գրիգոր Մինասյանը հարցրեց Սահակյանին, թե ինչու նման միջնորդություն չի ներկայացվել Ռշտունու վարույթի քննության ընթացքում։ Սահակյանն ասաց. «Երբ քաղաքական պաշտոնից անցում է կատարվում անկախ մարմին, տեսնում ենք իրավիճակի սրացում։ Եւ հարկ ենք համարում արձագանքել իրավիճակին նաեւ հարցը բարձրացնելով միջազգային ատյաններում։

«Խմբակցությունը որեւէ կերպ չի պատասխանում հարցին, չի հիմնավորում թե ինչու բազմաթիվ հեղինակավոր իրավաբանների առկայության պայմաններում՝ ԲԴԽ անդամ ընտրվեցին քաղաքական թիմի անդամները։ Ունենք գիտնական անդամների չբացատրվող հրաժարականներ, ԲԴԽ գիտնական անդամները լեգիտիմ չեն»։

Նիստը նախագահող Ստեփան Միքայելյանը հորդորեց Սահակյանին ծանոթանալ վարույթների վերաբերյալ կայացրած որոշումների վիճակագրական տվյալներին։ Սահակյանը պատասխանեց, որ ներկա է եղել նիստի, երբ Միքայելյանը քվեարկության կարգ է խախտել։ «Ոչ ոք հրեշտակ չէ»,- պատասխանեց Միքայելյանը։

Սահակյանի միջնորդությունը մերժվեց։ «Շատ եմ սիրում կանխատեսելի արդարադատությունը, քանի որ որևէ հիմնավորում չի ներկայացվում»։

Ամենից շատ դիտված