Բաքվի վիճակը բարդ է, մերն՝ առավել․ խնդիր լուծելու համար սուբյեկտը պիտի ուժեղ լինի․ Մհեր Հակոբյան
copy image url

Բաքվի վիճակը բարդ է, մերն՝ առավել․ խնդիր լուծելու համար սուբյեկտը պիտի ուժեղ լինի․ Մհեր Հակոբյան

Ներքին 2 տարի առաջ - 18:24 04-11-2022
Իրանն Ադբեջանի հետ սահմանին նոր զորավարժություններ է սկսել, Թուրքիան և Ադրբեջանը երեկ պայմանավորվեցին, որ թուրք հրահանգիչները պիտի շարունակեն աշխատել Ադրբեջանական զինվորականների հետ։ Սա մկանների հերթական ցուցադրո՞ւմ է, թե՞ ավելի ծանր իրադարձությունների վկայություն։ Oragir.News-ի այս հարցերին է պատասխանում ռազմական պատմաբան, իրավագետ Մհեր Հակոբյանը։

«Տարածաշրջանի վերաձևման հերթական դրսևորումն է․ Ադրբեջանը փորձում է իր շահերի պաշտպանությունն ապահովել Թուրքիայի հետ դաշնակցությամբ, Թուրքիան էլ իր հերթին փորձում է իր թյուրքական ծրագրերն իրագործել։ Միանշանակ, այս իրադարձությունները կապված են իրար հետ։ Եվ սա պայմանավորված է նաև նրանով, որ Ռուսաստանի դիրքերն են տարածաշրջանում թուլանում, իսկ, ինչպես ասում են «սուրբ տեղը դատարկ չի մնա», այդ տեղը փորձում է զբաղեցնել Թուրքիան։ Միջնորդավորված Թուրքիայով՝ առաջանում է այստեղ Արևմուտքը, թեպետ Արևմուտքի և Թուրքիայի հարաբերությունները միշտ էլ իրենց նրբություններն ունեն»,- ասաց Հակոբյանը։

Իրավիճակը, կարծես փակուղային լինի․ մի կողմից Հայաստանում ու Արցախում են ռուսական զորքերը՝ խաղաղապահ-սահմանապահ առաքելությամբ, բայց մենք շարունակում ենք կտոր-կտոր կորցնել մեր հայրենիքը, մյուս կողմից էլ Ռուսաստանին կարող է հակակշռել Արևմուտքը, որ, սակայն, դաշնակիցն է մեզ հետ փաստացի պատերազմող երկրի եղբոր՝ Թուրքիայի։ Ի՞նչ է սպասվում մեզ, և ի՞նչ անել։

Մհեր Հակոբյանը վստահ է, որ բավական վտանգավոր դրության մեջ ենք, և այս աշնանային լուսավոր օրերից պիտի չխաբվենք․ «Ուկրաինական պատերազմում Ռուսաստանի հաջողություն-անհաջողությունը անդրադառնալու է մեզ վրա, և հիմա արդեն անդրադառնում է։ Լավ է, որ Արևմուտքը Հայաստանի տարածքում էլ ակտիվ է, և քանի որ Արևմուտքի և Էրդողանի հարաբերություններն էլ միանշանակ չեն, փորձ է կատարվում Արևմուտքի միջոցով հակակշռել թուրք-ադրբեջանական նկրտումներին։

Բարդ խաղ է գնում, իհարկե, մեր վիճակն է ամենաբարդը, բայց այնպես չէ, որ պաշտոնական Բաքվի վիճակը թեթև է։ Այնտեղ էլ բարդ հարաբերություններ են Ռուսաստանի հետ։ Վերջին բանակցություններում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես Ռուսաստանի ասածների հետ համաձայն եմ, գնացեք՝ Բաքվին համոզեք։ Պարզ է, որ Ռուսաստանը գնալու է, Բաքվին համոզի, իր շահերը առաջ մղի, իսկ իր շահերն էլ հակասելու են Ալիևի որդեգրած սկզբունքներին։

Օրինակ, Ալիևն ասում է՝ Ղարաբաղի հարց չկա, իսկ Ռուսաստանն ուզում է, որ Ղարաբաղի հարց լինի, առնվազն նրա համար, որ իր զորքերն այնտեղ ամրանան։ Այսինքն՝ ռուսական և ադրբեջանական շահերը շատ խիստ հակասության մեջ են։ Այս իրավիճակում Հայաստանը մի կողմ է քաշվում, ասում՝ գնացեք, դուք իրար հետ պարզաբանեք։ Բայց դա նաև վատ է, քանի որ փաստորեն, մեր հայրենիքի, մեր հողի համար, մեր 120 հազար հայրենակիցների համար բանակցում ու պայքարում են ուրիշները։ Մենք ամենաշատը կարող ենք օգտվել նրանից, որ այդ պայքարողներից մեկն ուժեղ է և իր շահերի համատեքստում արցախահայության շահերն էլ է պաշտպանում»։

Եվս մի ազդակ կա, ըստ մեկնաբանի, որ Բաքվի վիճակը լավ չէ․ դա նրանց պաշտոնական մեդիայի ոճն է, որով հետևում են Իրանում ընթացող ապստամբական շարժումներին՝ կարծես հույսով ու անհամբերությամբ սպասելով, թե երբ է այն փլվելու։ «Իրանի հետ էլ բարդ են հարաբերությունները՝ մանավանդ, որ Իսրայելն Ադրբեջանը ընկալում է՝ որպես Իրանի դեմ գործելու հարթակ։ Ադրբեջանն էլ, դա հասկանալով, Թուրքիայի հետ սերտացնում է հարաբերությունները, որպեսզի նաև Իրանի հարվածներին դիմանա։ Բաքվի վիճակն, այո, բարվոք չէ, իսկ մեր վիճակն էլ առավել ծանր է, քանի որ առավել թույլ և վատ կառավարվող սուբյեկտն ենք»։

Երբ մենք մեր ընթերցողներին պատմում ենք այս ամենի մասին, վերջում ի՞նչ կարող ենք իրենց ասել, ի՞նչ անել՝ ունենալով այս ողջ ինֆորմացիան, ինչպե՞ս շարունակել ապրել, ո՞րը կարող է լինել իրենց դերը պատմական այս պահին։ «Ինչքան էլ աշխարհաքաղաքական փոթորիկներ լինեն, անկասկած է, որ եթե սուբյեկտն ուժեղանա, իր խոսքն էլ առավել ծանրակշիռ կլինի։ Դա նաև վերաբերում է մեր քաղաքացիների մարտունակության բարձրացմանը։ Եթե, օրինակ, շաբաթ-կիրակի երիտասարդ աղջիկ-տղա պիտի նստեն ու ֆեյսբուքում լրահոսը թերթեն, շատ ավելի լավ կլինի, մեկ-երկու ժամ գնան և կրակել սովորեն, ավտոմատ քանդել-հավաքել, բուժօգնություն։ Սուբյեկտը պիտի ուժեղ լինել։ Եթե հիմա մենք ուժեղ լինեինք, մեր հատուկ ջոկատները մտնեին թշնամու կողմից օկուպացված տարածքներ, թշնամին զենք-զորք թողներ մեր տարածքներում-փախչեր, Ալիևի հետ բանակցողն էլ բոլորովին այլ դիրքերից կխոսեր։ Հիմա Իսրայելն իր խնդիրներն ինչպե՞ս է լուծում․ գրավել է Հոլանի բարձունքները, Սիրիայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքները վերցնում է, ասում՝ ի՞նչ եք ասում, ասեք, ես իմ խնդիրը լուծել եմ։ Ուժե՛ղ պետք է լինել, գաղտնիքների գաղտնիքը դա է»,- ամփոփեց ռազմական պատմաբանը։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին

Ձեզ գուցե հետաքրքրի