Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:00 19-10-2022

«Խաղաղության պայմանագիրը» եթե նույնիսկ կնքվի, խաղաղություն հաստատ չի բերելու․ մեկ-երկու ամսից ունենալու ենք նույն վիճակը․ Մհեր Հակոբյան

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը երեկ թուրքական «AHaber» լրատվականի հետ հարցազրույցում նշել է, որ չնայած ներքին ընդդիմությանը և սփյուռքի ճնշումներին՝ Փաշինյանը գործընթացը լավ է տանում։

«Ալիևը վճռական է այս հարցում։ Կարծում եմ, որ առաջիկա օրերին՝ մեր հատուկ ներկայացուցիչների հանդիպումներից հետո, նրանք դրական քայլեր կձեռնարկեն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև էլ դրական քայլեր կձեռնարկվեն։ Հայաստանի կառավարությունը գովելի քայլեր է անում, և անհրաժեշտ է, որ հայկական սփյուռքը աջակցի այդ քայլերին»,- հայտարարել է Քալընը։

Ի՞նչ կարող է նշանակել այս հայտարարությունը, ինչո՞ւ հենց հիմա որոշեց թուրքական իշխանությունն ինֆորմացիոն դաշտում իր աջակցությունը հայտնել հայկական և ադրբեջանական իշխանություններին․ այս հարցերի շրջանակում Oragir.News-ի հետ զրույցում ռազմական պատմաբան, իրավագետ Մհեր Հակոբյանը նշեց, որ իր համար ակնհայտ է, որ Ալիևին հիմա իր հանրությանը ցույց տալու «հաղթանակ խորհրդանշող թուղթ» է պետք․ Էրդողանն էլ օգնում է։

«Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը», եթե նույնիսկ կնքվի, խաղաղություն հաստատ չի բերելու․ մեկ-երկու ամիս հետո ունենալու ենք նույն վիճակը։ Խնդիրն այն է, որ մեծ ուժային տարբերություն կա հայկական և ադրբեջանական ուժերի միջև։ Մեր դիմաց մի գիշատիչ թշնամի է, որ մեր գոյությունն է դնում կասկածի տակ։ Ինքն ասում է՝ դու պիտի չապրես։ Նման սուբյեկտի հետ կնքել խաղաղություն, երբ ուժերն էլ այսպես անհավասար են, անիմաստ և վնասակար է»,- նշեց նա։

Այդ դեպքում, ի՞նչ կտա այդ թուղթը․ հարցին ի պատասխան՝ Հակոբյանն ասաց, որ Ալիևը այն կարող է ներկայացնել Ադրբեջանում՝ որպես իրական ձեռքբերում։ «Կասի՝ տեսեք, ես հասա նրան, որ Երևանը հրաժարվում է Ադրբեջանի տարածքերից․ բայց մենք փաստենք, որ պաշտոնական Երևանը երբեք էլ չի հավակնել Ադրբեջանի տարածքներին»։

Իսկ Արցախի խնդի՞րը․ հարցրեցինք․ «Դա ինքնորոշման խնդիր է։ Երևանը ե՞րբ է ասել՝ հավակնում եմ ԼՂԻՄ տարածքին։ Որքան ես եմ հասկանում, այս փաստաթուղթը լինելու է Ալիևի կողմից ներքին օգտագործման փաստարկ՝ ճնշելու դժգոհներին, մի քիչ էլ թերևս հույս է ունենալու մեզ ճնշել։ Բայց, հիշենք, երբ ուժերի հարաբերակցությունը փոխվի հօգուտ մեզ, այդ թուղթն այլևս որևէ բան չի նշանակելու։ Ու նաև վտանգավորն այն է, որ հենց այդ «խաղաղության պայմանագիրը» կնքվի, հաջորդ օրը Ադրբեջանը փոխհատուցման մասին է խոսելու։ Այսինքն՝ ասելու է՝ երեսուն տարի տարածքներս գրավել ես, դե հիմա փոխհատուցիր»,- նշեց նա։

Այսինքն՝ երբ մենք ստորագրենք, դառնալու ենք ագրեսո՞ր․ հարցրեցինք․ «Այսպես ասենք․ «խաղաղության պայմանագիր» ասվածը մեզ գրեթե ոչ մի լավ բան չի տալու, բայց ինչ-որ կործանարար ուժ էլ չի կարող ունենալու, ինչպես շատերն են ներկայացնում»,- պատասխանեց Հակոբյանը։

Նշվում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում կապիտուլյացիոն փաստաթուղթ չէ, բայց եթե հիմա՛ ստորագրվի որոշակի պայմանագիր, ապա այն արդեն լինելու է կապիտուլյացիոն․ հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն է դիտարկմանը։

«Միանշանակ ասել չի կարելի։ Շատ կարևոր են մանրուքները՝ այն ամենն, ինչ կլինի այդ փաստաթղթում։ Օրինակ, հիմա ասում են, որ ընդունում են Ադրբեջանի և ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Եթե դա ինչ-որ մեկի համար կապիտուլյացիա է, ապա ինձ համար կապիտուլյացիա չէ։ ՀՀ-ն երբեք Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել։ Իսկ նմանատիպ թուղթ կնքելուց հետո արդեն Ադրբեջանն էլ մեզ չի կարող տարածքային պահանջ ներկայացնել, չի կարող ասել, թե Արցախում ունենք զորք․ այնտեղ գտնվող զինված հայերի մասին բոլոր հարցերին ի պատասխան կարող ենք ասել՝ նրանք Արցախի Հանրապետության քաղաքացիներն են, ռուսական խաղաղապահները։ Դրանից հետո Հայաստանը կարող է պահանջել, որ իր իսկ ստորագրածին համապատասխան նա իր զորքերը հետ քաշի Ջերմուկից և վերջերս զավթած մյուս տարածքներից»։ Եվ Ադրբեջանը հե՞տ կքաշվի․ «Ոչ, մենք գիտենք, որ թղթով բան չի որոշվելու, բայց հիմա խոսում ենք թղթի մասին»։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա, ըստ Հակոբյանի, եթե մինչև 2022-ի ամառը մեզ Ադրբեջանը մեղադրում էր, թե մեր զինված ուժերն Արցախում են, ապա հիմա այնտեղ նույնիսկ կամավորներ չկան․ «Միակ խնդիրը հիմա այն է, որ այնտեղ մարդիկ ՀՀ անձնագրեր ունեն։ Դա էլ կարելի է շատ արագ կարգավորել՝ իրենց տրամադրելով Արցախի Հանրապետության անձնագրեր։ Արցախի ապագան ուղղակի կապ ունի ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձությունների հետ, իսկ այնտեղ հիմա դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում»,- ասաց Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ՝ իրականում Հայաստանին ձեռնտու է, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից, և հիմա էլ խնդիր չէ, որ որևէ հավանական պայմանագրում Արցախի մասին չհիշատակվի։ «Երբ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները լինում են բանակցային սեղանի շուրջ, ու գալիս է այն սև օրը, որ հիմա եկել է Հյաաստանի համար, այդ ժամանակ երկուսն էլ ստիպված են լինում միասին զիջել։ Իսկ հիմա Հայաստանը զիջում է, սեղմում Ադրբեջանի ձեռքը, բայց երբ Ադրբեջանը հարցնում է՝ իսկ Ղարաբա՞ղը, Երևանը պատասխանում է՝ գնա, Ստեփանակերտի հետ խոսիր»,- բացատրեց նա։

Ունի՞ Արցախն այն ուժը, որ կարողանա բանակցել իրենից քաշային կարգով այդքան մեծ Ադրբեջանի հետ․ հարցրինք։

«Բնականաբար, չունի։ Այն, ինչ մինչ այս պահն ասացինք, ձևական ճիշտն է։ Հիմա խոսենք այն մասին՝ ինչ պիտի անի նորմալ հայ ղեկավարը։ Նույնիսկ երբ կնքվի այդ պայմանագիրը, որոշ ժամանակ անց, երբ Հայաստանը կկարողանա աջակցել Արցախին, կհայտարարի իր հետևյալ դիրքորոշումը՝ ես հայ եմ, արցախահայությունը հայեր են, արցախահայերից մեկի քթից արյուն եկավ, ինձ համար ազգային հարց է, և ես աջակցելու եմ իրենց ինքնորոշման իրավունքին։ Կրկնենք․ սա այն նշված «խաղաղության պայմանագիրը» չի խախտում, սա տարածքային պահանջ չէ Ադրբեջանի նկատմամբ․ սա արցախահայության ինքնորոշման իրավունքի արտահայտումն է»։

Այսպիսով, Մհեր Հակոբյանի դիտարկմամբ՝ Ալիևին հիմա անհրաժեշտ է մի փաստաթուղթ ներքին լսարանին որպես կապիտուլյացիոն թուղթ ցույց տալու համար․ «Այն ամենն, ինչ հիմա ներկայացնում եմ, Ադրբեջանի ներքին լսարանը, բանականաբար, չի հասկանում։ Ալիևը ցույց է տալու այդ թուղթն, ասի՝ տեսեք, Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղից։ Դրանով իր կոռուպցիոն, երերացող իշխանությունն ինչ-որ չափով ամրապնդելու է, քանի որ արդեն իր փայլը կորցնում է երկու տարի առաջվա «հաղթանակը»․ մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել՝ Ստեփանակերտն ադրբեջանցիների համար անհասանելի է, այնտեղ ռուսներ են, երկու տարի անց էլ դեռ հարցականի տակ է՝ ռուսները կհեռանա՞ն, թե ոչ։ Երեք օդանավակայան են կառուցել․ այդ փոքր տարածքում երեք օդանավակայանն ի՞նչ է տալու․ այդ հատվածում ավտոճանապարհներով երթևեկելն ավելի հարմար է։ Արցախի նվաճված տարածքը Ադրբեջանի համար մեծ տնտեսական բեռ է, և հենց դրա համար էլ Ալիևին հիմա պետք է այդ ներքին ինֆորմացիոն թուղթը»։

Իսկ մեր իշխանություններն էլ, ըստ Հակոբյանի, մտածում են, թե այսպիսի մի թուղթ հենց ստորագրեն, պատերազմը կավարտվի․ «Չի՛ ավարտվելու։ Մի փոքր ժամաանակ անց Ալիևն ասելու է՝ էս հայերը, չհամակերպվելով կապիտուլյացիայի հետ, կրակում են սահմանին, ես էլ իմ երկաթյա բռունցքով պիտի իրենց պատժեմ։ Այս իշխանության իդեաֆիքսն է, թե խաղաղություն կնքեն, Արցախի բեռը թոթափեն, բանակի վրա փող չդնենք, Հայաստանը կծաղկի։ Չի՛ ծաղկի»,- նշեց նա։

Ամփոփելով՝ Մհեր Հակոբյանն ընդգծեց․ «Նախ, ես սա չեմ համարում խաղաղության պայմանագիր։ Երկրորդ՝ դժվար է ասել՝ կկնքվի, թե ոչ։ Երրորդ՝ խաղաղություն չենք ունենա, ցավոք, քանի դեռ ուժեղ չենք։ Եվ կարևորը՝ պայմաններն են, որ նշված են լինում նման թղթում»։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի