Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:17 19-10-2022

Նախագահին արել են բարձ, լցրել հեքիաթներով, որ դնեն ժողովրդի գլխի տակ, իրենց սև գործին չխանգարենք․ Մետաքսե Հակոբյան


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ՝ հաղորդելով երևանյան այցի մանրամասները։ Oragor.News-ի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանն այս հանդիպման մասին ասաց․ «Մեծ հաշվով Արայիկ Հարությունյանը մեզ հետ հանդիպմանն առանձնապես նորություններ չփոխանցեց, հաղորդեց վերջին մեկ տարվա խրոնոլոգիան։ Նիկոլ Փաշինյանն իրեն համոզել էր, որ փորձելու են մի բան անել․ բայց թե ի՛նչ են փորձելու անել, այդպես էլ չէր ասել, և այդպես էլ հասկանալի չի եղել, և մնացել է ենթադրություններ անել․ կարծում եմ՝ որևէ փորձ էլ ինքը չի անելու։ Հստակ այն ծրագիրն է, որ գծված է․ դրանով էլ շարունակելու է իրենց ուղղությունը՝ Արցախը տանք, փրկենք Հայաստանը»։

Հանդիպմանն Արայիկ Հարությունյանը խնդրել է իրենից դիրքորոշում չպահանջելասել, որ գնահատականներ չի հնչեցնելու։ «Դա, իհարկե, ընդունելի և ընկալելի չէ, քանի որ երեկ հավաքվել էինք, որ և՛ գնահատական տայինք, և՛ դիրքորոշում հայտնեինք, և՛ փորձեինք միասին գտնել ելքեր»։

Հարցին, թե ինչպիսին է իրենց դիրքորոշումը՝ Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Մնում ենք մեր կարծիքին, որ այս ամենի դեմ կանգնել կարող ենք միայն լայն ժողովրդական համախմբմամբ։ Գոնե սթափ մարդիկ գիտակցում են, որ հնարավոր չէ Արցախը տալով փրկել Հայաստանը․ Արցախը և Հայաստանը կամ կործանվելու են միասին, կամ փրկվելու են միասին։ Այլ տարբերակ չկա»։

Նրա խոսքով՝ պետք է լինի ժողովրդական լայն համախմբում և այս պարագայում դա պիտի սկսվի Արցախից, հասնի Հայաստան։ «Ինչպես 1988-ին մենք պիտի նորից պայքարենք մեր իրավունքների, մեր ինքնորոշման միջազգային իրավունքը հաստատելու, նորից վերահաստատելու համար։ Այս իշխանությունների ձեռամբ մենք զրկվեցինք մեր ամենամեծ ձեռքբերումից, որովհետև հենց իրենք են այդ օրակարգն ընտրել։ Եվ քանի որ մենք չենք կարողանում փոխել Նիկոլ Փաշինյանի և իր գլխավորած վարչախմբի օրակարգը, հետևաբար պիտի հեռացնենք այդ իշխանություններին, որ գնանք փրկության և խաղաղության օրակարգով։ Որովհետև այն ճանապարհը, որ իրենք ընտրել են, կործանման օրակարգն է»։

Նախագահ Հարությունյանը չի արտահայտվել այս դիրքորոշումը կիսում էր թե ոչ, բայց երբ հարցրել են իր իր դիրքորոշումը արտահայտված դիրքորոշման նկատմամբ՝ նշել է․ «Կան բաներ, որի որոշողը ժողովուրդն է»։

Հակոբյանի դիտարկմամբ՝ Արցախի նախագահի խոսքն ուներ անհոգություն հաղորդելու նպատակ․ «Հայաստանում օգտագործել էին մեր պատվիրակությանը, մեր նախագահին՝ որպես փափուկ բարձ, լցրել էին հեքիաթներով, ուղարկել, որ դնեն ժողովրդի գլխի տակ։ Այսինքն՝ նրանց ուղարկում են, որ ասեն բաներ, որ ժողովուրդն իրենց չխանգարի։ Եվ իրենք կարողանան իրենց սև գործը հասցնեն ավարտին»։

Արայիկ Հարությունյանը երաշխիքների՞ մասին է խոսել, որպեսզի հանգստացնի․ «Ոչ, որևէ երաշխիքի մասին չի խոսվել, նշել է, որ մենք ամեն դեպքում ունենք մեր ուղղությունը, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելն է, որովհետև այսօր ռուս խաղաղապահներն այստեղ են, և փաստացի ՊԲ զինվորների հետ միասին իրենք են մեր անվտնագության երաշխավորը։ Մենք մեր ուղղությունը պիտի պահենք։ ՀՀ իշխանություններն էլ խոստացել են, որ իրենք անելու են ինչ-որ բան։ Ամբողջ հարցն այն է, որ մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ է այդ ինչ-որ բանը։ Այսնքն՝ մարդը անում է մի բան մեր ճակատագրերի, մեր հայրենիքի հետ կապված, որի մասին մենք իրենից չենք տեղեկանում։ Եվ այն ստերը, որ իրենք տարածում են, թե մենք տեղյակ ենք, մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, միանշանակ, դա սուտ է։ Ըստ էության, նա որոշում է մեր ճակատագրերը միանձնյա»։

Նախագահի հետ հանդիպումից հետո «Արդարություն» կուսակցությունը գործադիր մարմնի խորհրդի նիստ է ունեցել, որտեղ սահմանվել է առաջիկա աշխատանքի օրակարգը, որով նախատեսվում է մեծ թափ հաղորդել համաժողովրդական շարժմանը։ «Մենք մեր օրակարգից հետ չենք կանգնելու․ մենք արդեն իսկ շատ ենք ժամանակ կորցրել՝ մտածելով, որ գուցե պետք է մի քայլ էլ, մի փոքր էլ սպասել, գուցե քաղաքական իրավիճակ փոխվի և Փաշինյանը չկարողանա իր ծրագրերն իրագործել, բայց արդեն տեսնում ենք, որ ժամանակն ի վնաս մեզ է աշխատում և գուցե հաշված ամիսներ կամ օրեր են մնացել, և շատ արագ պետք է ինքնակազմակերպվել»։

Հայկական ժողովրդական շարժման համակարգողներն արդեն իսկ երեկ ստացել են հանձնարարականները, և քանի որ քիչ-քիչ աշխատելու ժամանակ չկա, ըստ Հակոբյանի, պիտի միանգամից հզոր մի ալիք բարձրացնեն, որն էլ պիտի ողողի փողոցները, հասնի Հայաստան։ Հակոբյանի խոսքով՝ երեկվանից արդեն մեկնարկել է ռեսուրսների հաշվարկը․ շարժման կազմակերպիչ-մասնակից լինելու պատրաստակամություն ունեցողները ցուցակագրվում են, որպեսզի ըստ առկա ռեսուրսների արդեն իսկ սկսվի աշխատանքը հանրության հետ։

Հարցին, թե Արցախի որ քաղաքական ուժերի հետ են համագործակցում, Մետաքսե Հակոբյանը դեռ լիարժեք պատասխան չուներ։ «Երբ խոսում ենք միասնականության մասին, կարծես Արցախի բոլոր ուժերի համար՝ թե իշխանական, թե ընդդիմադիր, նույն բանն են ասում՝ բոլորի համար նույնն են կարմիր գծերը՝ Արցախի ինքորոշման իրավունքն է, մեր անկախությունը։ Բայց շատ դեպքերում յուրաքանչյուրն ոզում է իր տեսակետն առաջ տանել, և երբեմն ստացվում է այնպես, որ միասնականությունը խախտվում է։ Բայց այս պահին «Արդարություն» կուսակցությունը հաստատապես, նաև՝ խորհրդարանական ընդդիմությունը, այս տեսակետի կրողն ենք։ Թեպետ նրանք դեռ հայտարարություն չեն տարածել, սակայն ասել են, որ աջակցելու են այս շարժմանը։ Մոտ օրերս ամեն ինչ կերևա։ «Միասնական հայրանիք»-ից որևէ ազդակ չենք տեսնում մեզ միանալու․ նրանք, կարծես իրենց ծրագիրն ունեն։ Մենք ասում ենք, որ այստեղ կուսակցական որևէ բան չի կարող լինել, պիտի վայր դնենք ամեն կուսակցական բան, որ շարժումը կայանա։ Նրանք չեն արձագանքում։ «Ազատ հայրենիք»-ն էլ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել, միանալու առումով որևէ ազդակ չկա, սակայն մենք շարունակում ենք աշխատել բոլորի հետ, փորձում ենք համոզել բոլորին, որ այս պահին չի կարող լինել իշխանություն-ընդդիմություն-կուսակցական որևէ ուղղություն-շահ։ Պետք է վայր դնել կուսակցական բոլոր ամբիցիաները և միանալ շարժմանը»։


Կարմեն Մարտիրոսյան