Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:34 14-10-2022

Բաքվի կողմից «միջանցքային թեմայի» շրջանառումը նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ է. Փաշինյան

Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց. «Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության 9-րդ կետում ոչ մի տեղ և ոչ մի կերպ չի հիշատակվում միջանցք բառը։ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած զուգահեռներ համարում ենք մանիպուլյատիվ։

2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շահարկումը, ցավոք, դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը, և դա արտահայտվում է նաև նրանով, որ չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։

Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, ապա այս հարցը լիովին պարզաբանված է հաջորդ՝ 2021 թ.-ի հունվարի 11-ի Մոսկվայում եռակողմ հայտարարության մեջ։ Ավելին, եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները, որոշել է, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է, սակայն հենց Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։

Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ։

Ինչ վերաբերում է տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցմանը, ապա վերը նշված սկզբունքներով մենք պատրաստ ենք դրան ևս, և դրան խոչընդոտում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, եռակողմ հայտարարությունների տեքստի շահարկումը։

Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ նոր ճանապարհների կառուցումը Հայաստանի պարտավորությունն է, սակայն եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն այս հարցը։ Եվ մենք պատրաստ ենք նման համաձայնեցման, ավելին՝ մենք հետաքրքրված ենք դրանում, և միակ բանը, որ ակնկալում ենք Ադրբեջանից այս հարցում, կառուցողականությունն է։

Ես ցանկանում եմ նաև արձագանքել Ադրբեջանի նախագահի որոշ հայտարարությունների: Ինչ վերաբերում է ականապատմանը, դա ամբողջությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Եվ դա մեր իրավունքն է` ձեռնարկել անվտանգության ինչ-որ քայլեր` մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Նաև ցանկանում եմ ասել, որ անընդունելի են այս իրավիճակին կրոնական կոնտեքստ հաղորդելու փորձերը: Մենք գտնվում ենք շատ մտերիմ հարաբերություններում մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ, և դրա շատ վառ ապացույցն է, որ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցների մեծամասնությունը հանդիսանում են մուսուլմանական երկրներ: Մենք շատ սերտ և մոտ հարաբերություններ ունենք Իրանի և արաբական բազմաթիվ պետությունների հետ և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի ունեցել կրոնական հիմք:

Ես ուղղակի զարմացած եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից, թե Հայաստանը եվրոպական երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ: Դրանք լիովին անհիմն հայտարարություններ են, և կարծում եմ` ակնհայտ է, որ եթե լինեին նման փաստեր` Ադրբեջանը վաղուց հրապարակած կլիներ:

Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ Հայաստանն իրապես անկեղծ նպատակադրված է տարածաշրջանում խաղաղությանը: Իհարկե, դա հասարակ հարց չէ, դա շատ խորը խնդիր է, բայց ինձ թվում էր, որ և՛ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի, և՛ այլ միջազգային առաջնորդների միջնորդությամբ մեր մի քանի հանդիպումների արդյունքներով մենք ունենք ընդհանուր ընկալում, որ պետք է ձգտենք և ձեռնարկենք կոնկրետ քայլեր, որպեսզի հաստատենք խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում: Ակնհայտ է, որ դրա համար պետք են քայլեր, և Հայաստանի Հանրապետությունը, կարծում եմ, մենք դա ցույց ենք տվել, մեր կառավարությունը պատրաստ է նման քայլերի: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ այդ գործընթացում Ադրբեջանից միակ ակնկալիքը կառուցողականությունն է:

Շնորհակալություն»: