Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:50 12-10-2022

Մեր «վոյաժը» ձեր բոյկոտին վնաս չի․ ընդդիմադիրներից ովքեր են հոկտեմբերին մեկնելու գործուղումների

Թեև խորհրդարանական ընդդիմության օրակարգում խորհրդարանական աշխատանքների մասնակցության վերաբերյալ փոփոխություն չկա, և խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտել ԱԺ աշխատանքները, սակայն այդ բոյկոտը շարունակում է չվերաբերել արտասահմանյան գործուղումներին։

Մասնավորապես, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար խորհրդարանական պատվիրակության հետ հոկտեմբերի 23-27-ը Բարսելոնա կգործուղվի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի հետ հոկտեմբերի 9-12-ը Թեհրանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստին մասնակցելու համար հոկտեմբերի 23-28-ը Ստրասբուրգ կմեկնի ընդդիմադիրներից Արմեն Գևորգյանը:

Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը այս օրերին խորհրդարանական պատվիրակության հետ Մոսկվայում է «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակներում:

Հոկտեմբերի 22-28-ը Օտտավա (Կանադա) կգործուղի նաև Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Oragir.news-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից պարզաբանում խնդրեց այն մասին, թե որքանով են իրենք արդյունավետ գնահատում գործուղումների արդյունավետությունը և արդյոք նպատակահարմար չեն գտնում խորհրդարանական աշխատանքի բոյկոտը տարածել նաև օտարերկրյա գործուղումների վրա։

Խամոյանը պատասխանեց, որ գուծուղումների առնչությամբ ընդդիմությունը հայտարարություն է տարածել և լրացուցիչ ասելիք չունեն։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ այլ երկրներում, որտեղ կան ժողովրդավարական մեխանիզմներ, եթե ընդդիմությունը բոյկոտում է, ապա պետք է պաշտոնապես հայտարարի, թե աշխատանքների որ մասն է բոյկոտում, որ մասը չի բոյկոտում։

«Հնարավոր է, որ ընդդիմությունը բոյկոտում է որևէ միջոցառում, բայց մասնակցում է մեկ այլ միջոցառման։ Կոնկրետ պատվիրակությունների աշխատանքը խորհրդարանական աշխատանքի մի մասն է, եթե պաշտոնապես հայտարարված է, որ բոյկոտում են խորհրդարանական աշխատանքը, բնականաբար, հասկանալի է, որ չպետք է նաև գործուղումներին մասնակցությունը բոյկոտվի։ Սակայն, այս դեպքում, միգուցե, պետական շահն է թելադրում, որ օրինակ ՌԴ մեկնած պատվիրակության մեջ լինեն և իշխանության, և ընդդիմադիր պատգամավորներ։

Թերևս ընդդիմությունը պետք է հայտարարի, թե ինչու է որոշում կայացնում մասնակցել գործուղումներին։ Ժողովրդավարական մեխամիզմի պահանջն այն է, որ ընդդիմությունը հայտարարի, թե որ ժամկետից մինչև երբ չի մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, և կոնկրետ, որ գործընթացին չի մասնակցում։

Եթե նման պաշտոնական հայտարարություն լիներ, ինչը չկա, հնարավոր կլիներ հասկանալ ընդդիմության գործողությունների տրամաբանությունը, բայց եղել է միայն բանավոր հայտարարություն, որ խորհրդարան չեն գնալու, սակայն, թե ինչ մասշտաբով են բոյկոտում աշխատանքները՝ ես պաշտոնական մեկնաբանություն չեմ տեսել»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով դիտարկումներին, թե ստացվում է մյուս բոլոր աշխատանքները բոյկոտում են, իսկ օրինակ, երբ խոսքը վերաբերում է գործուղումներին, այդ աշխատանքներին մասնակցում են՝ քաղաքագետն ընդգծեց, որ նման տպավորություն կարելի է ստանալ, բայց թե ինչու են խորհրդարանական աշխատանքների մի հատվածը բոյկոտում, իսկ մյուս հատվածը՝ ոչ, դա արդեն քաղաքագիտական հարց չէ։

Ամենից շատ դիտված