Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:53 10-10-2022

Ինչպես են պահեստազորայիններին վերապատրաստում ուժեղ պետությունները… ինչի մատերիալ է ՀՀ քաղաքացին

Հայաստանում եռամսյա հավաքների զորակոչն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․այսօր Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ մարդկանց չի տրվում ժամանակ իրենց աշխատանքային, կենցաղային կամ առողջական խնդիրներն ինչ-որ չափով կարգավորելու համար: «Ծանուցումներն ուղարկվում են, ու հաջորդ օրն իսկ պահանջում են քաղաքացուն ներկայանալ։ Մինչ այդ քաղաքացին չի կարողանում անգամ բուժզննություն անցնել։ Մարդիկ չեն կարողանում իրենց տարրական կենցաղային հարցերը ապահովել ու նոր գնալ՝ կատարելու սեփական ռազմական պարտքը»,- նշեց պատգամավորը։

Վերջին շրջանում պահեստազորայինների հավաքների հետ կապված բազմաթիվ բողոքներ են հնչում. ոչ միայն ժամանակ չի տրվում պատրաստվելու համար, այլև՝ կանչվող քաղաքացին չի պատկերացնում՝ ինչպես է ընտանիքն ապրելու իր բացակայության ամիսներին, երբ, օրինակ, ընտանիքում ինքն է միակ աշխատողը կամ խնամակալը: Առայժմ պետությունը ձգտում է ամեն կերպ չտեսնել այդ խնդիրները: Չենք զարմանում. մեր պետական կազմակերպչական համընդհանուր խառնաշփոթի մեջ սա ընդամենը մի դրվագն է:

Իսկ այս խնդրի մասին ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը սկսել է խոսել դեռ երկու տարի առաջ՝ նշելով, որ մեր երկրի համար անընդունելի է եռամսյա հավաքը: Բոլոր առումներով կողմ լինելով պահեստազորայիններին մարզելուն և մարտական պատրաստության բարձրացման ծրագրերին՝ Վարդանովը բազմիցս նշել է, որ այսպես կազմակերպելու պարագայում լավագույն նպատակով ձեռնարկված միջոցառումն էլ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ. երեք ամսով իր գործից կտրվող մասնագետը կարող է մասնագիտական հետընթաց ունենալ, միկրոբիզնեսը կարող է խեղդվել մրցակիցների մեջ, ընտանիքները կարող են լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ եռամսյա հավաքին կանչվող տղամարդը հաճախ տան միակ աշխատողն է:

Այլ հարց է նաև, թե որքանով է արդյունավետ և անվտանգ եռամսյա ռազմական դասընթացը՝ տասը-տասնհինգ տարի ֆիզիկապես պասիվ ապրած մարդու համար: ԱՏԱՆ ռազմահայրենասիրական կազմակերպության շտաբի պետ Եփրեմ Մարգարյանն էլ հարցազրույցներից մեկում նշում է, որ բազմաթիվ բանակային ծրագրերի համադրությամբ մշակված, տարբեր ֆիզիկական հնարավորությունների տեր, տարբեր տարիքային խմբերում փորձակված և իր արդյունավետությունն ապացուցած ծրագիր է ուղարկել ՊՆ դեռ ամիսներ առաջ: Սակայն հիմա, երբ մեր երկրի համար ամենակարևորը բանակի մարտունակությունն արագ վերականգնելն է, նախարարությունից այդպես էլ պատասխան չի գալիս: Ըստ ամենայնի՝ այդ ծրագիրը փոշոտվում է ծույլ ու անգետ գեներալներից մեկի սեղանին:

Եվ կրկին, ինչպես տեսնում ենք, ինչ պատին ասես, ինչ մեր օրենսդիրներին. ռազմական հավաքների մասին առավել ճկուն, մեր ազգային խնդիրներին, աշխարհագրական դիրքին ու տնտեսական վիճակին համապատասխան օրենք ընդունելու փոխարեն… տեսնում ենք՝ ինչ է քննարկվում, արվում ԱԺ-ում: Իսկ առավելագույնս փնթի կազմակերպված ռազմական հավաքները շարունակվում են՝ մեր քաղաքացիներին ուղարկելով ծանուցագրեր վերջնաժամկետից «վայրկյան» առաջ, նաև՝ ըստ չար-ընդդիմադիր լեզուների՝ հավաքները «ուժեղ երիտասարդների» համար կիրառելով՝ որպես քաղաքական դագանակ: Նաև, պարբերաբար լսում ենք, որ հավաքների այս կամ այն մասնակիցը առողջական լուրջ խնդիր է ունեցել, իսկ ՊՆ-ից հորդորում են հավատալ միայն պաշտոնական տեղեկատվությանը…

Ինչ արած, մեզ մնում է երազանքով նայել, թե ուժեղ պետություններն իրենց պահեստազորայինների հավաքներն ինչպես են կազմակերպում՝ անիրական լավատեսությամբ հուսալով, որ մի օր այս փաստերը մեր օրենսդիրներն էլ հաշվի կառնեն: Այսպես:

ԱՄՆ-ում պահեստազորում ընդգրկվելը կամավոր հիմունքներով է. պահեստազորայինները կարող են շարունակել զբաղվել իրենց առօրյա գործերով, կրթությամբ՝ միաժամանակ համարվելով ծառայության մեջ: Նրանք պարտավոր են հաճախել ուսումնամարզական ճամբար և մասնակցել հավաքներին յուրաքանչյուր ամիս մեկ անգամ՝ շաբաթ և կիրակի օրերին, և տարվա ընթացքում մեկ անգամ՝ երկշաբաթյա ծրագրի:

Աշխարհի հզորագույն բանակներից մեկը՝ Իսրայելը, պահեստազորային է համարում իր գրեթե ողջ բնակչությանը՝ թե կանանց և թե տղամարդկանց, պարբերաբար վերապատրաստման կանչելով: 2008թ-ին Կնեսեթի ընդունած Պահեստազորայինների մասին օրենքով նրանք կարող են կանչվել ամեն տարի մինչև 36 օր ժամկետով, որը Պաշտպանության նախարարը կարող է 7 օրով երկարաձգել արտակարգ իրավիճակներում (դա ևս ամրագրված է օրենքով): Սակայն եթե պահեստազորի դասընթացի օրերը համընկնում են քաղաքացու աշխատանքային կամ կրթական ժամանակացույցի հետ այնպես, որ բացակայությունը կարող է էական ազդեցություն ունենալ կարիերայի կամ ուսման վրա, ապա ռազմական վերապատրաստման օրերը փոխվում են:

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին առաջարկում է դառնալ պահեստազորային՝ տարեկան 19-27 օր տրամադրելով վերապատրաստմանը: Օրերի քանակը կախված է ինչպես այն ստորաբաժանումից, որի անդամ է պահեստազորայինը, այնպես էլ՝ քաղաքացու ցանկությունից: Հավելյալ օրեր դասընթացներինտրամադրելու դիմաց պահեստազորայինն Անգլիայում ստանում է չհարկվող բոնուսներ: Լավագույնն այն է, որ այստեղ դասընթացների ճնշող մեծամասնությունը համադրվում է առօրյա աշխատանքի-կրթության հետ. այն կազմակերվում է օրվա ավարտին ու շաբաթ-կիրակի:

Շվեյցարիայում բանակ են զորակոչվում 18-30 տարեկանները և նախնական կրթությունը՝ մոտ 18 շաբաթ (հատուկ ջոկատները՝ 23 շաբաթ) անցկացնում զորամասում, որից հետո պարտավոր են տարվա ընթացքում պարբերաբար անցնել վերապատրաստման դասընթացներ մինչև որ լրանա 245 օրը: Հիմնական վերապատրաստումն ավարտելուց հետո քաղաքացին մնում է Զինված ուժերի անդամ ինը տարի և այս ընթացքում ավարտում վեց վերապատրաստման դասընթաց՝ յուրաքանչյուրը երեք շաբաթ տևողությամբ: Վերջին վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո ազատվում է մարտական ​​հերթապահությունից: Բոլոր այն դեպքերում, երբ դասընթացը կարող է խոչընդոտել քաղաքացիական կյանքին՝ աշխատանքին, ուսմանը, մանկահասակ երեխաների խնամքն իրականացնելուն, քաղաքացին իր դիմումի համաձայն փոխում է դասընթացի օրերը: Իր դասընթացի ժամանակացույցը նա իմանում է շաբաթներ առաջ:

Կանադայում պահեստազորայինների հավաքների մասին օրենքը փոխվել է երկու տարի առաջ: Նոր քաղաքականության համաձայն՝ պահեստազորայինները պիտի վերապատրաստում անցնեն տարեկան 10 օր: Ուսուցումը ենթադրում է վերհիշել զենքի հետ վարվելը և առաջին բուժօգնությունը, առցանց դասընթացներով էլ՝ իրազեկում ատելության քարոզի մասին և բնիկ մշակույթներին նվիրված ներածական դասախոսություններ:

Չինաստանը հայտնի է իր ուսանողական-ռազմական կրթությամբ: 1955թ. ընդունված զինվորական ծառայության մասին օրենքով ավագ դպրոցի աշակերտներից և բակալավրիատի ուսանողներից պահանջվում էր զինվորական պատրաստություն անցնել: Այդ ձմռանը փորձնական ծրագրեր իրականացվեցին Պեկինի երկու համալսարաններում, իսկ արդեն հինգ տարի անց ռազմական ծրագիրը ներդրված էր 53 քաղաքների 38 բարձրագույն ուսումնական հաստատություններում և 70 ավագ դպրոցներում: 2012 թվականից գրեթե 500 համալսարան ու քոլեջ և 3000 հանրակրթական դպրոց տրամադրում են ռազմական պատրաստություն։ Բանակ զորակոչվում են տղամարդիկ 3 տարով կամ, եթե ռազմածովային կամ օդային ուժերում են՝ 4 տարով: Չինաստանն այսօր ունի 2 մլն ակտիվ զինվորական և 0.5 մլն՝ պահեստազորային:

Ամփոփելով մեկ անգամ էլ հիշեցնենք մեր սիրելի բանակի պատասխանատուներին, որ շաբաթներ առաջ այս հարցերի մասին ուղարկել ենք հարցում, որի պատասխանի համար՝ իրենց պնդմամբ անհրաժեշտ հավելյալ ժամանակի ավարտին սպասում ենք մեր հարցերի պատասխաններին: Նշեք, որ փորձառու զինվորականները հավաստում են, որ բարեփոխումների՝ իրենց առաջարկած և տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքում հղկված ծրագրերը կարող են դրվել թե զորակոչիկների և թե պահեստազորայինների հետ աշխատանքի հիմքում՝ բազմակի ավելացնելով աշխատանքի արդյունավետությունը:

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ