copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 06-10-2022

Անդրեասյանը գալիս է անցանկալի դատավորների ցուցակը ձեռքին, վարչապետի նկարը՝ սրտում․ դատավորների արձագանքը

Այսօր Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրեց Կարեն Անդրեասյանին և վերջինիս տեղակալ Երանուհի Թումանյանցին։

Արդեն մի քանի օր է Oragir.news-ը փորձում է մեկնաբանություններ ստանալ դատավորներից՝ Անդրեասյանի ԲԴԽ անդամ ընտրվելու առնչությամբ։ Դատավորներից շատերը պատասխանեցին մեր հարցերին, սակայն ընդգծեցին, որ այդ հարցազրույցները անշուշտ կշահարկվեն որպես իրենց նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու հիմք։ Ուստի մենք կհրապարակենք մեր զրույցների բովանդակությունն առանց որևէ դատավորի անուն հնչեցնելու՝ վերջիններիս նկատմամբ հետապնդումների լրացուցիչ առիթ չտալու համար։

Մեր ստացված տեղեկատվության համաձայն՝ դատական համակարգը շատ վատ է ընկալում Կարեն Անդրեասյանի առաջադրումը որպես ԲԴԽ անդամ։ «Մի մարդ, ով բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ 40 կոռումպացված դատավորի համակարգից հեռացնելու նպատակի մասին ինչպես անաչառ և անկողմնակալ ԲԴԽ անդամ կարող է լինել։ Երբ խնդրում ենք հրապարակել անուններ՝ ամբողջ համակարգը չստվերելու համար, նա հրաժարվում է, ապա անուն հրապարակելու պահանջները անվանում է «միամիտ խաղեր»: Բայց եթե, օրինակ, ողջ կառավարության անդամների մասին հնչի մի վարկաբեկող արտահայտություն, ապա այն կվերագրվի ողջ կառավարությանը, որքա՞նով այն դուր կգա նույն պարոն Անդրեասյանին:

Մի մանիպուլյացիա էլ սա է․ եթե անձը հրաժարվում է հրապարակել դատավոր-կոռուպցիոներների անունները, բայց ցինիկ թեթևությամբ ամեն հարմար և անհարմար առիթով ցեխ է շպրտում կայացած դատական համակարգի ուղղությամբ, նշանակում է՝ նա վտանգում է ինստիտուտներ, դատավարական ողջ համայնքը, համակարգում ընդգրկված բոլոր դատավորներին անհատապես...

Այսօր ԱԺ-ում ելույթից պարզ դարձավ, որ պարոն Անդրեասյանը իր և առհասարակ ԲԴԽ առաքելությունը տեսնում է բացառապես «դատավորներին դատելու» մեջ, կարծես իր «մանկության երազանքը իրականցած լինի»: Ի սկզբանե Խորհուրդը պարտավոր է ապահովել դատական համակարգի բնակարոն գործունեությունը, ապահովել այն պայմանները, որոնցում հնարավոր կլինի նախևառաջ գոյատևել, աշխատել ։

Դուք դա չեք ապահովել։ Դուք գործավարին տալիս եք 100 հազար դրամ, դուք օգնականին տալիս եք 150 դրամ, նորանշանակ դատավորին տալիս եք, եթե չեմ սխալվում, 400 հազար դրամ, դուք չեք տալիս որևէ սոցիալական երաշխիք, չեք տալիս որևէ տեխնիկա, միայն սղոցում եք ԱԺ ամբիոնից և նախարարական աթոռներից։

Դատական համակարգը արդեն 4 տարի է՝ աղաղակում է առկա խնդիրների մասին, իսկ դուք էլ բղավում եք ,որ բարեփոխումներ եք ձեռնարկում, թե ինչ բեփոխումների մասին է խոսքը՝ ոչ ոք չգիտի։ Այն խնդիրների մասին, որ արդեն 2-3 տարի է դատական համակարգը գոռում -գոչում է՝ դուք լուծում չեք տալիս նախագծեր շրջանառում, քննարկումներ ծավալում, բայց բարեփոխումներ չկան ...

Դրա հետ զուգահեռ կայծակնային արագությամբ ընդունվում են օրենսդրական նախագծեր հակակոռուպցիոն եռաստիճան դատարաններ ստեղծելու մասին, որոնք ի դեպ, նախնական տվյալներով՝ քննելու են տարեկան մի 20-30 հատ գործ, ավելացնում եք Վճռաբեկ դատարանի և ՍԴ դատավորների աշխատավարձը՝ փոխարենը մեկ լրացուցիր օգնականի կամ գործավարի հաստիք ավելացեք առաջին ատյանի դատարանում, և հռչակում եք, որ համակարգի իրական խնդիրների լուծման համար գումար չկա։

Ընդ որում՝ այդ քննարկումները ոչ մի տեղ չեն տանում, դատավորների առաջարկները չեն ընդունվում, բայց նշվում է, որ դատավորները ֆիզիկապես մասնակից են։ Դատարաների աշխատակազմերը փախնում են, գնում են, ասում են՝ ջհանդամ քո 100 հազարը, կգնամ բանկում 300 հազարով կաշխատեմ իրավաբան, ու ով կարող է ասել՝ մի գնա։ Կազմերը մնացել են իրենց դատավորների խաթր, 2-3 ամիսը մեկ դատարանի աշխատակիցները փոխվում են, գալիս են՝ ծավալը տեսնում են՝ հեռանում են, կադրային լուրջ խնդիր կա,․․․ բոլորը խնդիր է, բայց հիմա բոլոր այս հարցերը թողած՝ Կարեն Անդրեասյան իրեն դիրքավորելով որպես «արդարության ձայն», դարձավ ԲԴԽ անդամ ի համար պետք է թիթեռ նկարենք»։

Մեկ այլ գործող դատավոր հայտնեց. «Հիշենք, որ նախարարի պաշտոնում Անդրեասյանը շեշտակի ավելացրել է դատավորների կարգապահական վարույթների քանակը, բայց միջնորդությունների տոկոսայնությունը չի փոխվել, այսինքն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների հիմնավորվածության աստիճանը նվազել է։ Եվ ամենակարևորը՝ նախարար Անդրեասյանի կողմից հարուցված վարույթներից որևէ մեկը չի հարուցվել կոռուպցիայի հիմքով, սա մեծ Ֆիքցիա է: Անդրադառնալով, ԲԴԽ-ի կողմից այն վարույթների քննություններին, որոնք հարուցվել են Անդրեասյանի՝ նախարար աշխատելու ընթացքում, դատավորներից մեկն ընդգծեց, որ Անդրեասյանը չի կարող մասնակցել ԲԴԽ –ում այդ վարույթների քննություններին ։

«Ներկայումս ունենք ԲԴԽ անդամի թեկնածու, որը գործուղվում է Խորհուրդ՝ գործող իշխանության կողմից՝ տանելով իրեն նախարարությունում շրջապատող կազմը, անցանկալի դատավորների իրեն միայն հայտնի ցանկը՝ մի ձեռքին, վարչապետի նկարը՝ սրտում»։

Նա ընդգծեց, որ այստեղ մի հարց էլ կա․ պարոն Անդրեասյանը նախարարության աշխատակիցների հետ միասին տեղափոխվել է ԲԴԽ՝ ներկայիս դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար տիկին Թումանյանցի հետ, իր մյուս տեղակալը շրջանառվող լուրերի համաձայն՝ դառնալու է նախարար։ Իր կնոջը պատկանող մեծ փաստաբանական գրասենյակը շարունակելու է գործունեություն իրականացնել այն նույն դատարաններում, որոնց դատավորներին պարոն Անդրեսայանը եռանդագին ձգտում է «դատել»: Սա ուղղակի աբսուրդ է, ու այս իրավիճակում կոռուպցիայից է խոսվում։ Հասկանո՞ւմ եք, էլ կոռուպցիան ո՞նց է լինում :

Եվ դուք գնում եք ԲԴԽ՝ անկախ արդարադատություն իրականացնելո՞ւ նպատակով։ Դուք առաջադրված եք իշխող քաղաքական ուժի կողմից, ձեր տեղակալը, որը ըստ շրջանառվող լուրերի նշանակվելու է նախարար, նույնպես այդ ուժի առաջարկով է նախարար դառնում, այսինքն «պասերով խաղ» է սպասվում ։

Այսինքն սպասենք , չէ՞, որ զանգելու ես քո երբեմնի տեղակալին, ասելու ես՝ մի հատ սրա վրա կարգապահական վարույթ հարուցի , ինքը հարուցում բերում է, դու էստեղ արդեն «բարեփոխված» դատական օրենսգրքի նորմով 5 ձայնով՝ բոլորը գոծող իշխանության ընտրյալներ, կնիքը շրխկացնում անցնում ես առաջ, սա զավեշտ կլիներ ցանկացած ցիվիլ երկրում»:

Դատավարներն ընդգծում են, որ ակնհայտ է, որ իշխող ուժը ցանկանում է ամբողջ դատական համակարգի կազմը փոխել, կարծելով, որ սա մի գրավիչ պաշտոն է և մտածելով, որ իրենց նոր կազմերը կկարողանան այն ծավալը իրականացնել։

Մեկ այլ դատավոր էլ անդրադարձավ Անդրեասյանի՝ իր կատարած աշխատանքների ամփոփմանը։ «Էդ կետերի ուղիղ կեսը ինքը չի նախաձեռնել, բայց գրում է, թե էլեկտրոնային, թվային համակագի ներդրման մեկնարկ է տրվել, ասում է մինիև 2026 թիվ հայեցակարգ են մշակել, որը շատ ավելի լավ հայեցակարգ է, քան նախկինում եղածը։ Բադասյանը եկավ հայեցակարգ տվեց, հետո Անդրեասյանը եկավ հայեցակարգ տվեց ․․․․ հաջորդը ինչ է անելու։ Մենք արդեն մեռնում եք հասկանում եք՞»։

Դատավորներից մեկն ընդգծում են, որ ԲԴԽ-ի ստեղծման պահից ի վեր՝ ամենալավ նախագահը եղել է Գագիկ Հարությունյանը, բայց միաժամանակ նույն Գագիկ Հարությունյանը բացել է Պանդորայի արկղը, երբ հայտարարել է, որ դատական համակարգի նկատմամբ կա անվստահություն։ «Դրանից հետո սկսել են դատական համակարգի քարկոծումը, որը շարունակում է մինչ այժմ»։