Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:26 04-10-2022

Հավաստի Աղբյուրը նշում է 1920թ․ քարտեզներով սահմանազատման մասին, իսկ այդ թվի՝ Հայաստանի ու Ադրբեջանի քարտեզները էապես տարբեր են․ Քանանյան

Ի՞նչ վտանգներ կան վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի՝ ադրբեջանական ակնկալիքները ներկայացնող հոդվածում․ այս թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցել է հասարակական գործիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։

«Չեմ կարծում, որ մենք բախվում ենք նոր, մինչ այդ չիմացած վտանգների։ Պետք է արձանագրել ի սկզբանե ակնառու և անվիճարկելի իրողություն․ անգամ միջնաժամկետ պատմական կտրվածքով Թուրքիան և Ադրբեջանը մտադիր չեն հանդուրժել տարածաշրջանում անկախ հայոց ազգային պետականության գոյությունը։ Հետևաբար, առաջին իսկ համաշխարհային անկայունության շրջանի ընձեռած հնարավորությունների պատուհանի շրջանակում նրանք ջանալու են ոչ թե տրոհել, թուլացնել, իրավազրկել, այլ պարզապես՝ որպես վերջնանպատակ, վերացնել հայոց պետական գոյությունը տարածաշրջանում և գործնականում վերջնականապես հայրենազրկել հայությանը»,- ասաց քաղաքագետն՝ ընդգծելով, որ խոսքը հենց ամբողջ Հայաստան մասին է՝ Արցախի հարցը Ադրբեջանը ներկա փուլում գործնականում համարում է լուծված։

«Ոմանց համար անհասկանալի էր, թե ինչու էին և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը շահարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բացակայությունը՝ որպես հիմք արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի գործողությունները։ Արդարացնում էին, թե սահմանազատումը կատարված չէ, հետևաբար հայտնի չէ՝ որտեղ է վերջանում Ադրբեջանը և սկսվում Հայաստանը։ Իրականում, մենք այստեղ գործ ունենք մեծագույն ձեռնածության հետ»։

Քանանյանի խոսքով՝ եթե սահմանազատումը պետք է կատարվի՝ ամրագրելով ապօրինի և հետցեղասպանական իրողությունները, ապա կասկածի տակ կարող է դրվել միայն մի քանի հարյուր մետր տարածք, սակայն այսօր տեսնում ենք, որ ադրբեջանական զինված զորամիավորումները ներթափանցում են մի քանի կիլոմետրով Հայաստանի տարածք և փորձ են անում գրավել, օրինակ, Ջերմուկ քաղաքը։ Եվ ակնհայտ է դառնում, որ խնդիրը սահմանազատումը չէ։

««Հայկական ժամանակ»-ում հրապարակված կետերը ուշագրավ են նրանով, որ առաջին անգամ խոսվում է 1920թ-ի քարտեզով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին։ Եթե, իհարկե, «Հայկական ժամանակ»-ի բերած կետերը արժանահավատ են, (մենք բոլորս գիտենք, որ այն Նիկոլ Փաշինյանի սեփական լրատվամիջոցն է, և նա գոնե անուղղակիորեն պետք է պատասխանատվություն կրի այնտեղ հրապարակվող նյութերի համար), ապա պիտի հիշենք, որ ի հեճուկս Հայաստանում տարածված պատկերացումների՝ սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանն ունի հակադիր պատկերացում»,- նշեց քաղաքագետը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը անկախություն էր հռչակել՝ որպես վերականգնում Առաջին ադրբեջանական հանրապետության և հրաժարում խորհրդային ժառանգությունից։ «Հայկական փորձագիտական դաշտը միշտ օգտագործել է այս հանգամանքը՝ ասելու, որ առաջին ադրբեջանական հանրապետության մաս չեն կազմել ոչ Նախիջևանը, ոչ Սյունիքը, ոչ Արցախը, բայց Ադրբեջանը, կարող եմ վստահեցնել, և դա շատ լավ երևում է իրե՛նց 1920 թվականի քարտեզներից, ընդհակառակը, համարում է, որ և Արցախը և Սյունիքը և Նախիջևանը, և Տավուշը, և Գեղարքունիքի մարզի կեսը՝ Սևանի արևելյան ափը, մաս են կազմում Ադրբեջանի առաջին հանրապետության»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե փաստորեն, մենք կախված ենք լինում ՌԴ գենշտաբի քարտեզներից, որ հասկանանք, թե հիմա ո՛ւմ 1920 թվականի քարտեզն է ճիշտ՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի՝ քաղաքագետը արձագանքեց․ «Ռուսաստանի գենշտաբի քարտեզներն արտացոլում են խորհրդային վարչական բաժանումը։ Մինչև վերջերս թվում էր, որ Ադրբեջանը պահանջում է, որ իր տարածքային ամբողջականությունը Հայաստանը ճանաչի հենց խորհրդային սահմաններում, բայց վերջերս Ադրբեջանը սկսել է նյարդայնանալ և շտապել․ գոնե հավակնության տեսքով պետք է հիմնավորել և արդարացնել իր այնպիսի նվաճումները, որոնք շատ ավելին են, քան գենշտաբի քարտեզները, որոնց հիման վրա խորհրդային միությունը տարանջատում էր տարբեր միութենական հանրապետությունները։ Հետևաբար, բոլորովին բացառված չէ, որ 1920 թվականի ադրբեջանական մեկնաբանությամբ քարտեզը իսկապես կարող է կամ որպես սպառնալիք, կամ արդեն լկտիացած պահանջ, դրվի Հայաստանի առջև, և առհասարակ խոսք լինի ՀՀ մի շարք մարզերի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին։ Բայց մյուս կողմից մենք հիշում ենք, որ Ադրբեջանն անընդհատ խոսում է անգամ Երևանի ադրբեջանական պատկանելության մասին։ Հիմա պարզապես իրենց հռչակագրային դրույթները քիչ-քիչ իրականացնում են (անկախ «Հայկական ժամանակ»-ում ներկայացված կետերի վավերականությունից), և ակնհայտ է, որ Ադրբեջանի գերագույն նպատակը դա է»։

Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները վաղուց են դրսևորվել․ Քանանյանը հիշեցրեց․ «Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանում բազմիցս որոշակի պաշտոնական մակարդակում կարծիք է արտահայտվել, որ «հայկական բռնազավթման պատճառած կորուստներն ու ավերածություններ այնքան շատ են», որ Ադրբեջանն իրավունք ունի կոնտրիբուցիա՝ փոխհատուցում պահանջելու և որպես փոխհատուցում նշվում է Սյունիքի մարզն ամբողջությամբ»։

Այս իրավիճակում, նրա խոսքով, Ադրբեջանը չափազանց անհանգստացած է, որ Հայաստանում կարող է ուժեղանալ այլ աշխարհաքաղաքական բևեռ։ «Քանի դեռ Հայաստանը, կոպիտ ասած, ներքուստ քայքայված և արտաքուստ աշխարհաքաղաքականորեն անտեր վիճակում է Ադրբեջանը պիտի ձգտի քամել Հայաստանից ամեն հնարավորը, այդ թվում և՝ տարածքային զիջումների տեսքով»։

Ադրբեջանի շտապողականության պատճառներից մեկն էլ, ըստ Քանանյանի, այն է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը ենթարկվել է երկրորդ հետցեղասպանական մասնատմանը և դրա երաշխավորներից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, ում պաշտոնավարումը լուրջ խնդիրների է բախվելու ամենամոտ ապագայում, իսկ ԱՄՆ-ն հստակ ցույց են տվել, որ պատրաստ են փոխարինել Ռուսաստանին Հայաստանում։ «Այս իմաստով Ադրբեջանն ու Թուրքիան պետք է շտապեն առավելագույնս քայքայելու և մասնատելու Հայաստանը, այդ թվում և՝ պատերազմական նոր գործողությունների միջոցով, քանի դեռ Ռուսաստանում իշխանության է Վլադիմիր Պուտինը, և քանի դեռ Հայաստանը աշխարհաքաղաքական վակուումում է»։

Ինչպե՞ս է դա նախատեսում անել Ադրբեջանը՝ հարձակվել-գրավել-նստելո՞ւ միջոցով, կընդունի՞ դա միջազգային իրավունքը․ այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետը հիշեցրեց, որ այսօր միջազգային իրավունքը քաղաքական իրողություններ է սպասարկում․ «Ի հեճուկս հայոց քաղաքագիտական կեղծ իրապաշտության դպրոցի, որի հիմնադիրը Լևոն Տեր-Պետրոսյանն է, ռազմակալումը լուծում է չափազանց շատ հարցեր։ Եթե ազատագրված տարածքները ժամանակին բնակեցվեին, բանակը քսանից ավելի տարիներ չթալանվեր, Հայաստանը չլիներ Ռուսաստանի գաղութ, ապա մենք, մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնելով բանակաշինությանը, դիրքերի ամրապնդմանը և պետական կառուցվածքի արդյունավետությանը, կարող էինք բոլորովին չպարտվել 44-օրյա պատերազմում․ այն, թերևս, չէր էլ սկսվի։ Հետևաբար, թերագնահատել ռազմակալման վտանգը պետք չէ, որովհետև, ի վերջո, միջազգային իրավունքի տարբեր նորմերը բավականին կոնյուկտուրային են և իրարամերժ, և հաճախ գերակայում է քաղաքական իրավիճակը տարբեր միջազգային օրենքներով ամրագրելու միտումը»։

Ըստ այդմ, քաղաքագետի խոսքով, եթե Ադրբեջանին հաջողվի որոշակի տարածքներ ռազմակալել, ապա չափազանց դժվար կլինի չեղարկել այդ ռազմակալումը։ «Սովորաբար ռազմակալումները չեղարկվում են պատերազմական եղանակով։ Հետևաբար, պետք չէ մտածել, որ եթե աշխարհը չի ճանաչի ՀՀ տարբեր տարածքների գրավումը, ապա Ադրբեջանի կողմից այդ ռազմակալումն անարժեք կլինի։ Այն ունենալու է կործանարար հետևանքներ մեզ համար»,- նշեց Քանանյանը։