Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:01 01-10-2022

Ցինիկաբար ստում է․ գործընթացները, որոնց ականատես ենք, Արցախի ԱԽ-ում երբևէ չեն քննարկվել․ Մետաքսե Հակոբյան

«Փաշինյանն իր հարցազրույցը հենց սկզբից սկսեց ստով։ Գործընթացներից տեղեկացված լինելու մասին խոսելիս այն շրջանակները որ ընդգրկում էր, այդ թվում՝ 3 նախագահների շրջապատող շրջանակները, վստահեցնում եմ՝ կեղծում էր, ստում էր»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Առաջին նախագահի մասով փաստել չեմ կարող, բայց 2 մյուս նախագահների շրջապատի տեղեկացվածության մասով նա ակնհայտորեն ստեց, որովհետև որևէ մեկը որևէ գործընթացից իրականում տեղյակ չէ։ Եթե անգամ տեղեկանում են, ապա կա՛մ սեփական աղբյուրներից տեղեկատվության հայթայթմամբ, կա՛մ այդ մարդու գործողությունները վերլուծելով»։

Անդրադառնալով Արցախի նախագահ Արային Հարությունյանի՝ բանակցությունների ընթացքին մանրամասնորեն տեղեկացված լինելուն՝ Հակոբյանն ասաց, որ այստեղ ևս խիստ կասկածներ ունի։

«Եթե տեղյակ է, ապա այնքանով, որքանով Նիկոլ Փաշինյանը իրեն հարկ է համարել տեղեկացրնել իրենց եզակի հանդիպումների ժամանակ։ Եթե իրականում Փաշինյանը չի ստում, ապա Արցախի նախագահը պարտավոր է պարզաբանումներ տալ գործընթացից։ Այդ դեպքում՝ ակնհայտ է, որ նա Փաշինյանի հետ համատեղ է գործում, եթե տեղյակ չէ, պետք է շատ արագ հայտարարություն անի կամ գործուն քայլեր, որովհետև հայտարարություններից հոգնել ենք։ Ակնհայտ է, որ Փաշինյանը արդեն չափ ու սահմանն անցնում է, միգուցե այս գործելաոճը դեղին մամուլի լրագրող Նիկոլ Փաշինյանին հարիր գործելաոճ է, բայց երկրի առաջին դեմքի դեպքում սա արդեն ոչ միայն պատիվ չի բերում, այլև վտանգավոր է»։

Անդրադառնալով տեղեկությանը, թե Արցախի Անվտագության խորհրդում ու Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ևս տեղյակ են գործընթացից, Հակոբյանն ընդգծեց, որ եթե այդ ձևաչափում հայտարարություններ են արվում, դրանց տեղյակ է լինում նաև իրենց կուսակցության նախագահը՝ Հակոբ Հակոբյանը։

«Նման բան չի եղել երբևէ, այսինքն՝ այն գործընթացները, որ մենք հիմա տեսնում ենք, դրանց մասին Անվտանգության խորհրդում չի խոսվել, այսինքն՝ կա՛մ Արայիկ Հարությունյանը չի ասել, կա՛մ դրանցից տեղեկացված չէ նաև Արայիկ Հարությունյանը»։

Անդրադառնալով Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյանին՝ պատգամավորն արձանագրեց, որ Արցախը շատ փոքր է և բոլորի հետ շփում կա՝ և՛ նախկին նախագահների, և՛ բանակի ղեկավարների, և՛ գեներալների։

«Շատերի հետ ենք շփվում, վստահեցնում եմ՝ որևէ մեկը որևէ գործընթացից տեղեկացված չէ։ Այս ամենից բխում է, որ ցինիկաբար ստում է Հայաստանի վարչապետը»։

Պատգամավորի դիտարկմամբ՝ գործնականում Փաշինյանը հրաժարվել է Արցախից դեռ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով։

Անդրադառնալով փոխադարձաբար Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ Հակոբյանն ասաց, որ այս տարվա ապրիլին ՀՀ Աժ ամբիոնից Փաշինյանը շատ ավելի հստակ փաստեց, որ, այո՛, Հայաստանը այլևս Արցախի անվտանգության երաշխավոր չէ։

«Եթե հիշում եք, նա այդ օրը խոսում էր միջազգային հանրության մասին, թե իբրև միջազգային հանությունը պահանջում է նշաձողի իջեցում, բայց դրանից հետո մենք արձագանքներից հասկացանք, որ միջազգային հանրությունը որևէ նման պահանջ չունի։ Արձագանքներից ակնհայտ էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է շարունակվեն բոլոր այն բանակցությունները, որ եղել են մինչ 2018 թ-ը։

«Երեկ նա ի մի բերեց իր 2 տարվա գործողությունները՝ ասելով, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Արցախի հարցի հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Նա անգամ չի կիրառում «Արցախի նախագահ» եզրույթը։ Ըստ էության՝ նա երեկ ասաց այն, ինչ ասում է Ալիևը, այն է՝ չկա Արցախի հարց, չկա հակամարտություն։ Սա աբսուրդ է, նա ասում է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես գործ չունի Արցախի հետ և այդ հարցի շահառուն հենց Արցախի ժողովուրդն է։ Սա այն է, ինչ ասում է Ալիևը։ Պետություն, որի երաշխավորը եղել է Հայաստանի Հանրապետությունը՝ փաստաթղթերով ամրագրված, որը ճանաչված չէ և բանակցային գործընթացում չկա, այսօր դառնալու է բանակցող, թե ինչպես և դա ինչ սարսափելի վտանգներ է պարունակում, իհարկե, Փաշինյանն այդ մասին չի խոսում։ Եթե Փաշինյանի իշխանության գալու նպատակը այս ծրագիրն իրագործելն էր, ապա ինչու էր 2019 թ․ ամռանը Ստեփանակերտի հրապարակում կոկորդը պատռում, որ «Արցախի Հայաստան է, և վերջ», ինչու մեր 5000 հայրենակիցներին զոհեց։ Նա հիմա էլ պատրաստ է մինչև վերջ այս գործընթացն առաջ տանել, անգամ Հայաստանի սուվերեն տարածքների զիջման հաշվին, Հայաստանի սահմաններում զոհվող զինվորների կյանքի հաշվին»։

Հակոբյանը հիշեցրեց նաև, որ 2019 թ-ից իրենք աղաղակում էին, որ Փաշինյանը վերելակային բանակցությունների արդյունքում հանձնել է Արցախը, ու դեռ այն ժամանակ իրենք փաստում էին, որ Արցախի փրկության բանալին հենց Արցախում է։

«Ես շարունակում եմ այդ համոզման մնալ նաև հիմա։ Արցախում բոլորս պետք է ունենանք մեկ կարմիր գիծ ու համախմբված լինենք՝ թե՛ խորհրդարանական ուժերը, թե՛ արտախորհրդարանական ուժերը, թե՛ հասարակական կազմակերպությունները, պետք է լինի ժողովրդի լայն համախմբում, ու թեևս պետք է այստեղից սկսվի գործընթաց։ Բայց մենք ակնկալում ենք Արցախի հարցում համախմբում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Իրականում այդ աշխատանքները մենք սկսել են, մենք ակնկալում ենք, որ ժողովրդական համախմբմամբ շարժում պետք է սկսվի, որի արդյունքում Արցախի ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի։ Բոլորը պետք է վայր դնեն իրենց քաղաքական շահը և միանան ժողովրդի պահանջին։ Միայն ժողովրդական շարժման արդյունքում է հնարավոր կանգնեցնել այս գործընթացները։ Ի վերջո, միջազգային հանրությունը պետք է լսի, թե ինչ է ուզում Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովորդը, որովհետև, հիմա տեսնում միայն, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը»։