Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:40 03-12-2022

Սա ամենահարմար ժամանակն էր նման սադրանքի համար․ սա նախերգանքն է, հետևանքները դեռ տեսնելու ենք․ Մետաքսե Հակոբյան

Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտնել է, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այն քաոսը, այն հոգեվիճակը, որ հիմա կա Արցախում, դրա պատասխանատուները Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչներն են․ «Գործող իշխանության պատրաստակամությունը՝ անընդհատ զիջելու, դեռ իր հետևանքներն ունենալու է, եթե անգամ հիմա բացվի փակված ճանապարհը»։

Հակոբյանի խոսքով՝ այս իրավիճակը ամենևին էլ անսպասելի չէր․ «Դեռ անցած շաբաթ հարցազրույցներից մեկում մենք կանխորոշել էինք այս օրը։ Այդ օրերին մենք աշխատանքային այցով պետք է լինեինք Երևանում, բայց հատուկ հետաձգեցինք, որովհետև կանխորոշել էինք սա, գիտեք՝ ցանկացած տառաճանաչ մարդու համար ակնհայտ էր այն, ինչ այսօր կատարվեց, դրա մասին Ադրբեջանը զգուշացնում էր դեռ ամռանը։ Այն բոլոր սադրանքները, որոնք այդ ընթացքում տեղի էին ունենում, հետո վերածվեցին սեպտեմբերյան պատերազմի, և դրանից հետո լարվածությունը շփման գծում ու Հայաստանի սահմաններին՝ սա միանշանակ հուշում էր այն մասին, ինչ էր տեղի ունենալու։

Ընդ որում՝ սա ամենահարմար ժամանակն էր նման սադրանքի համար, քանի որ համընկնում էին խաղաղության օրակարգի ու ժամկետների հետ, որ պետք է կնքվեր, ընդ որում՝ պիտի կնքվեր Ադրբեջանի պայմաններով՝ իրենց դիրքորոշմամբ լուծելով Արցախի հարցը և պահանջներ ունենալով Հայաստանի սուվերեն տարածքից։ Դրան զուգահեռ խոսում էին նաև Բերձորի միջանցքի և Սյունիքի ճանապարհի կարգավիճակների հավասարեցման մասին։ Կարծում եմ՝ սա դեռ նախերգանքն է, սրա հետևանքները հետո դեռ տեսնելու ենք, ու այդ հետոն շատ հեռու չէ։ Այնպես որ մեր համար անսպասելի չէր»։

Անդրադառնալով տեղեկատվությանը, թե բնապահպաններ են, նա նշեց, որ սա նույն է, երբ մարտին ասում էին, թե գազատարը պայթել է․ «Իհարկե, այն ժամանակ գազատարը վնասված չէր։ Մենք առաջինն այդ օրերին ասացինք, որ փական են դնելու գազատարի վրա։ Մեզ քարկոծում էին, բայց շատ կարճ ժամանակ անց պարզվեց, որ իրոք փական են դրել։ Այս թշնամուն պետք է ճանաչել, իսկ մենք լավ ենք ճանաչում։ Իհարկե, բնապահպաններ չեն, չէին կարող ուղղակի ադրբեջանցիներ գալ և ճանապարհը փակել։

Ամեն ինչ կարող է լինել՝ բացի այն, որ սովորական քաղաքացիներ են։ Ես կարծում եմ, հատուկ է արվում, որպեսզի հողը մշակող քաղաքացին կարդա ու հասկանա, որ չեն կարող բնապահպաններ լինել։ Նրանք մի հարվածով մի քանի հարց են լուծում, իրենց համար կարևոր է Արցախում քաղաքացիներին ահաբեկելով՝ հայաթափել Արցախը, հիմա նաև այս խնդիրն են լուծում»։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի