copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 14:56 28-09-2022

Հայաստանի ազդեցությունը կորել է ոչ միայն Արցախում․ այն կորչում է նաև Հայաստանի գործերի հարցում․ Ստեփան Դանիելյան

Չնայած պատերազմով պայմանավորված, Ռուսաստանի բավականին թույլ ներկա վիճակին՝ այդ երկիրը չի լքելու Արցախը։ Այնուամենայնիվ, ստիպված է որոշակի պայմանավորված քայլեր կատարել Թուրքիայի հետ, հաշվի նստել այլ իրողությունների հետ։ Oragir news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Արցախյան հարցում Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ առաջին նախագահ Լևոն Տեր - Պետրոսյանի վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ նախագահ Լևոն Տեր- Պետրսյանը Հանրային հեռուստատեսության եթերում ասել էր, որ Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանն այնտեղ որևէ խոսք ու դերակատարություն այլևս չունի։ Ըստ նրա՝ մինչև ռուս- ուկրաինական պատերազմի մեկնարկը խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում էր, որը հիմա կորել է։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզված է․ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ Ռուսաստանի հետաքրքրությունը տարածաշրջանում չի նվազել։

«Արդեն Իրանի հետ հարցն է մեծանում, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն են արդեն փորձում բանակցություններն իրենց տարածքում անցկացնել։ Բայց Ռուսաստանի համար, այնուամենայնիվ, Արցախն ազգային անվտանգությունն է։ Արցախի չլինելով՝ նրանք կորցնում են Կովկասում, հետագայում նաև Միջին Ասիայում ու Հյուսիսային Կովկասում իրենց ներկայացվածությունը։ Այս առումով պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանում մոտ 20 տոկոս կազմող թուրքական ժողովուրդների նկատմամբ գաղափարախոսական ծրագրերը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»,- ասաց փորձագետը։

Նա համաձայնեց Տեր- Պետրոսյանի դիտարկմանը, որ Հայաստանն այլևս չունի նախկին դերակատարությունն Արցախի խնդրի լուծման ու այնտեղ բնակվող հայերի անվտանգության տնօրինման հարցում։ Հավելեց․ Հայաստանի ազդեցությունը կորչում է անգամ հենց Հայաստանի գործերի հարցում։

«Ոչ իր սահմաններն է կարողանում պաշտպանել, անընդհատ միջազգային օգնություն է աղերսում, ո՛չ բանակն է կարողացել փոփոխությունների ենթարկել՝ կատարելագործել, ո՛չ էլ դիվանագիտական հասկանալի քաղաքականություն է վարել»,- ասաց Դանիելյանը։

Քաղաքագետի խոսքով, Հայաստանը որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրեր, քանի որ այդպիսով կորցնում էր միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքը՝ Արցախի հարցում։

«Մինսկի խումբը դեռևս գոյություն ունի։ Եվ Ադրբեջանը ստորագրությամբ այդ իրավունքն ուզում է վերցնել հայերի ձեռքից, միջազգային հանրությանն էլ ցույց տալ, թե այլևս Արցախյան խնդիր չկա, և հիմնական իրավունքներից Հայաստանը հրաժարվել է։ Դրա համար էլ 1994 թվականից այս կողմ, երբ Հայաստանը չի ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը՝ Ադրբեջանը այդ իրավունքը պահել է և իր համար աշխարհաքաղաքական դրական զարգացումների պայմաններում ուժային ձևով փորձել է լուծել այդ հարցը»,- հայտարարեց քաղաքագետը։

Մասնագետը մոտակա ամիսներին լուրջ փոփոխություններ է կանխատեսում ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Եվրոպայում, ռուս- ուկրաինական իրադարձությունների ու Միացյալ Նահանգների ներքին խնդիրների ֆոնին։ Հավելում է՝ այդ դեպքում Ադրբեջանը նույնպես կարող է խնդիրներ ունենալ Ռուսաստանի ու Իրանի գործողությունների հետևանքով, ինչը նոր հնարավորությունների պատուհան կբացի Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է ճգնաժամային առկա իրավիճակում Հայաստանի ներքաղաքական երկու բևեռների միավորմանը, քաղաքագետը հայտարարում է, որ դա կարող է տեղի ունենալ իրադարձությունների մասին միասնական տեսակետի առկայության դեպքում։

«Ինչի՞ շուրջ միավորվել, երբ միայն մի հոգի է ամբողջովին տիրապետում ընթացող բանակցությունների բովանդակությանը, իսկ նրա առաջարկած լուծումներն ընդունելի չեն։ Երբ ինքը հայտարարեց, որ ինչ-որ թուղթ է պատրաստվում ստորագրել, բայց ժողովրդի՝ փողոց դուրս գալուց հետո վախեցավ ու սկսեց հրաժարվել իր ասածից։ Եթե ինքն այս ընթացքում կարողանար արդիականացնել բանակը, ինչ-որ լուրջ փոփոխություններ տեղի ունենային, ու այդ բանակը լուրջ արդյունքներ ցույց տար՝ իհարկե, մենք բոլորս էլ կմիավորվեինք իշխանությունների հետ՝ թեկուզ ժամանակավորապես՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- շեշտեց Ստեփան Դանիելյանը։

Ըստ փորձագետի՝ Հայաստանի համար այդ բարդ ժամանակահատվածում ԱՄՆ-ն տարածաշրջանային ակտիվացման համար հիմնարար պատճառներ ունի։

«Ռուսաստանը հեռացնել Հարավային Կովկասից, մուտք գործել Կենտրոնական Ասիա, մասնատել Իրանը, հնարավորության դեպքում մասնատել նաև Ռուսաստանը։ Դա իր ազգային շահերից է բխում։ Այս համատեքստում էստեղ ի՞նչ գործ ունի Արցախը և արդյո՞ք այդ տրամաբանության մեջ Հայաստանը կարո՞ղ է գոյություն ունենալ։ Մի դեպքում, եթե Սյունիքից հրաժարվում են, ստեղծվում է թուրքական աշխարհ ու այդ երկրի նպատակներն իրականանում են»,- մանրամասնեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված