copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:37 22-09-2022

Չենք կարող գետնի վրա տեղի ունեցող պատերազմում հաղթել, եթե պարտվում ենք մշակութային պատերազմում․ Արցախի սուրբ Հակոբավանքը կվերականգնվի


Սեպտեմբերի 26-ին Մատենադարանում կանցկացվի «Սուրբ Հակոբավանքի վերականգնում և համայնքի զարգացում» խորագրով համաժողով։

Oragir.news-ի հետ զրույցում «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամի անդամ, սուրբ Հակոբավանքի վերականգնման ծրագրի համակարգող Գագիկ Հարությունյանն ասաց, որ 44 –օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի տիրապետության տակ են անցել մոտ 1500 մշակութային կոթողներ, որոնցից 150-ից ավելին կամ ոչնչացվել են, կամ վերացվել։

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանը 2021 թ-ին 1,3 մլրդ դոլար է ծախսել մշակութային կոթողները ոչնչացնելու կամ յուրացնելու համար, իսկ այս տարի նախատեսում է ծախսել ևս 1,2 մլրդ դոլար։

«Այս ամենը հաշվի առնելով մենք հասկացանք, որ ինքնության պաշտպանության, ինքնության կորստի լուրջ խնդիր ունենք։ Թեև Հակոբավանքը մնացել է մեր տիրապետության տակ, սակայն ադրբեջանցիները նաև այս վանքն աղվանացնելու ուղղությամբ են աշխատում։ Սուրբ Հակոբավանքը 4-րդ դարի հայկական լուրջ հոգևոր, մշակութային կենտրոն է եղել և հանդիսանում է մեր ինքնության և մշակույթի կարևոր բաղադրիչ։ Մենք հասկացանք, որ թշնամուց ոչնչով չենք տարբերվի, եթե թույլ տանք, որ մեր տիրապետության տակ գտնվող Հակոբավանքն էլ, որը լուրջ արժեք ունի մեր ազգի հոգևոր-մշակության կյանքում՝ թույլ տանք, որ դա ևս ավերվի, ուստի, Արցախի կառավարության նախաձեռնությամբ սկսվեց համագործակցություն ձևավորվել Հակոբավանքի շուրջ։ Արդյունքում, «ռեԱրմենիա» հարթակում դրամահավաք սկսվեց, միացան հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, Սամվել Այվազյանը, ով մի քանի վանքերի, եկեղեցիների ճարտարապետության հեղինակն է` ներկայացրեց նախագիծը։ Արցախի թեմի առաջնորդի կողմից 2022 թ-ը հայտարարվեց Հակոբավանքի վերածննդի տարի ու մենք` մի շարք անհատներով, հասարակական կազմակերպություններով լծվեցինք այդ կարևոր գործին»։

Նա տեղեկացրեց, որ նախաձեռնությանը միացել են նաև «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամը, «Արեւահովիտ» հայոց արժեհամակարգային հարթակը, ինչպես նաև շատ այլ անհատներ և կազմակերպություններ։ Նախաձեռնող խումբը պատրաստվում է իրականացնել մի շարք միջոցառումներ և ուխտագնացություններ` դեպի Հակոբավանք հետաքրքրությունը մեծացնելու, ինչպես նաև ուխտագնացության ավանդույթը վերականգնելու համար։

«Օրեր առաջ մենք ուխտագնացություն իրականացրեցինք Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող սուրբ Հակոբավանք, այսպիսով փորձելով ստանալ Սուրբ Հակոբի օրհնությունը այս կարևոր գործը ավարտին հասցնելու համար։ Այդ ուխտագնացությունից վերցրած փորձառությամբ նախատեսում ենք կիսվել բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են ուխտագնացություններով, մասնավորապես` դեպի Հակոբավանք»։
Նա ընդգծեց, որ ամսի 26-ի համաժողովը նվիրված է ոչ միայն Հակոբավանքի վերականգնման աշխատանքներին, այլև Քոլատակ գյուղի զարգացմանը։ Նույն օրը տեղի կունենա նաև սուրբ Հակոբին նվիրված Լիլիթ Սիմոնյանի հեղինակած գրքի շնորհանդեսը։ Սեպտեմբերի 26-ից հետո՝ 2-3 շաբաթ անց կազմակերպվելու է ավելի մեծ՝ 300 հոգանոց խմբի ուխտագնացություն, որին կարող են մասնակցել նաև բոլոր ցանկացողները։

«Արդեն դեկտեմբերին՝ սուրբ Հակոբի հիշատակի օրը կլինի հիմնական ուխտագնացությունը դեպի Հակոբավանք, որն ավելի մեծ մասշտաբով է նախատեսվում իրականացնել»։
Հարությունյանի դիտարկմամբ՝ սուրբ Հակոբավանքի վերածնունդը լուրջ մշակութային, հոգևոր և տնտեսական հաղթանակ է լինելու։

Նա ընդգծեց, որ Հակոբավանքը մեր նշակութային արժանապատվությունն է։
«Մենք չենք կարող գետնի վրա տեղի ունեցող պատերազմում հաղթանակ տանել, եթե պարտվում ենք մշակութային պատերազմում, իսկ Հակոբավանքի վերականգնումը մեզ 3 ուղղություններով առավելություն է տալու։ Նախ՝ հոգևոր առումով է առավելություն տալու, քանի որ մենք հոգևոր անվտանգություն ենք ապահովելու Քոլատակ գյուղի և հարակից համայնքիների համար։ Մենք նախատեսում ենք վերակագնել Հակոբավանքը միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան։ Այդպիսով, մշակության լուրջ հաղթանակ ենք ունենալու։

Միաժամանակ, մենք կունենանք նաև տնտեսական հաղթանակ, քանի որ Քոլատակ գյուղում է գտնվում ոչ միայն Հակոբավանքը, այլև Կաչաղակաբերդը, գյուղով նաև գետ է հոսում, այստեղից են նաև 16 աղբյուրներ սկիզբ առնում։ Այսինքն, Քոլատակ գյուղը ունի բոլոր նախադրյալները դառնալու տուրիստական հանգրվան։ Այս իմաստով մենք պետք է շարունակենք աշխատանքը։
Գիտեք, երբ գյուղի բնակիչներին հարցնում ես՝ ինչի կարիք ունեք, նրանք չեն ասում՝ ճանապարհներն են վատ, գազ չկա, լույս չկա, կենցաղային խնդիրներ ունենք, իրենք ասում են՝ Հակոբավանքը վերականգնենք։ Մարդիկ հավատում են, որ սուրբ Հակոբը և Հակոբավանքը ի զորու են պաշտպանել, ամրացնել մեր ոգին ու տանել դեպի ապագա հաղթանակներ»։
Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Հակոբավանքի վերականգնման համար արդեն 20 հազար դոլար հավաքվել է, ևս 20 հազար դոլար հավաքելու դեպքում Արցախի կառավարությունը խոստացել է կրկնապատկել այդ գումարը։
«Այս գումարի առկայության դեպքում Հակոբավանքում գտնվող 3 եկեղեցիներից մեկի շինարարությունը հանգիստ կկարողանանք սկսել»։