Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:34 09-09-2022

Փնտրել հնարավորություններ ամենուր՝ պատերազմ, կորոնավիրուս, զոհեր եւ գերիներ. ճկունության եւ լավատեսության դաս Փաշինյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անուղղելի լավատես է, մարդ, ումից կարելի է սովորել ամենավատ իրավիճակներում անգամ որեւէ «հնարավորություն» տեսնելու արվեստը: Նա ամենուր է դրական եւ լուսավոր որեւէ բան փնտրում․ 44-օրյա պատերազմ, բայց, ոչինչ, իշխանության տրամաբանությամբ՝ վերջապես Արցախյան հարցը կլուծվի, եւ հարեւանների հետ խաղաղություն կհաստատենք, չէ՞ որ 30 տարվա մեջ «նախկին թալանչի, ապաշնորհ» ղեկավարներին չի հաջողվել խաղաղություն հաստատել, արցախյան հարցը լուծել: Ու ամենեւին էական էլ չէ՝ ինչպես կլուծվի Արցախյան հարցը, իշխանությունը վստահ է, որ ինչ էլ լինի, կարեւորը «մենք մեզ պարտված չզգանք» սկզբունքի գոյությունն է: Այսինքն՝ չի լինի անկախ Արցախ, հոգ չէ, արսենթորոսյանները կհայտարարեն, որ Արցախի անկախության ճանաչման շանս չի էլ եղել, այս իշխանության շնորհիվ խիզախություն ունեցանք ճշմարտության աչքերին նայելու:

Ամեն-ամեն ինչում է մեր իշխանությունը հնարամիտ եւ դրականը տեսնող, այս առումով օրինակների պակաս չկա: 44-օրյա պատերազմի ժամանակ մոտ 4000-5000 զոհ ունեցանք, բայց իշխանությունը առաջարկում է հիշել, թե ինչպես Փաշինյանը նոյեմբերի 9-ի սարսափելի գիշերը խիզախություն ունեցավ ստորագրելու կապիտուլյացիոն փաստաթուղթը եւ փրկեց 10-հազարանոց զորքին: Բազմաթիվ գերիներ ունեցանք եւ ունենք, հոգ չէ, Փաշինյանը հպարտանում է, որ իր օրոք ամենաշատ գերիներն են վերադարձել՝ մոռանալով, որ իր օրոք գերեվարվելու ամենաշատ դեպքերն ենք ունեցել:

Ռուս-ուկրաինական պատերազմը եւ դրա մոտակա ու հեռակա ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա․ իսկ ո՞ւմ է դա հետաքրքիր, կարեւորը իշխանությունը՝ Փաշինյանի եւ Քերոբյանի գլխավորությամբ, կհպարտանա տնտեսական ակտիվությամբ, տուրիստների հոսքով: Իսկ նրանց կրտսեր եղբայր, հնարամիտ մտքերի աղբյուր Հովիկ Աղազարյանը կհայտարարի, որ գնաճն այնքան էլ սարսափելի չէ, եթե ապրանքների գները բարձրանում են և քաղաքացին կարողանում է ապրել, այդտեղ վատ բան չկա:

Եկեք չմոռանանք, որ մանիպուլյացիաների մեջ անգերազանցելի վարչապետը միշտ է եղել ճկուն, կորոնավիրուսի տարածման ժամանակ նա հայտարարել էր, թե «հիմա իսկապես եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը, այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ»: Իսկ թե ինչ տնտեսական հնարավորություններ ունեցանք եւ ինչ մարդկային կորուստներ, անիմաստ է անգամ թվարկել: Ահա թե ինչու վարչապետի ամբողջ կյանքը՝ փոքրիկ իջեւանցուց մինչեւ բուհից դուրս մնացած ուսանող, թերթի խմբագրից մինչեւ վարչապետ, հնարավորություններ փնտրելու արվեստ է. ստանալ ավելին, ստեղծել նոր հնարավորություններ, առավելագույնս օգտվել ընձեռած հնարավորություններից, եւ վերջապես շրջապատիդ վարակել այն բացառիկ հնարավորություններով, որ ինքդ ես ստեղծել կամ որի ստեղծման պատճառ ես դարձել: Իսկ իրականում դրանք ոչ թե հնարավորություններ, այլ ողբերգություններ՝ մեզ բաժին հասած:

Թերեւս պատահական չէ, որ Փաշինյանը ուր նստում, խոսում է հնարավորությունների մասին, ասել է թե՝ 7 երգ գիտի, 7-ն էլ հնարավորություններից օգտվելու մասին:

Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է, թե «ճգնաժամ» բառը չինարենից թարգմանաբար նշանակում է հնարավորություն: Նա կոչ է արել «հաղթահարել ինքներս մեզ, և կարողանալ ցանկացած ճգնաժամի մեջ տեսնել հնարավորություն և հասկանալ, որ տեղում մնալ հնարավոր չէ, որովհետև կա՛մ պիտի առաջ գնանք, կա՛մ հետ գնանք, և պետք է արձանագրել, որ պետք է առաջ գնալու հնարավորություններ փնտրել»:

«Ճգնաժամ» բառը մեր իրականությունից թարգմանած մի անուն ունի՝ Փաշինյան, եւ պետք է հաղթահարել այդ ճգնաժամը, եթե ցանկանում ենք ապրել, չարիքների եւ ողբերգությունների մեջ սփոփանքներ եւ հնարավորություններ չփնտրել, այլ ստեղծել, հզորանալ, զարգանալ…:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները