Ներքին Միտք 2 տարի առաջ - 23:00 18-10-2024

Կապիտալ և ապաստան Փարիզում. լավատեսության հիմքերը

Հանրային շփումներում կարելի է նկատել հետաքրքիր մի օրինաչափություն։ Նիկոլ Փաշինյանին սատարողները չհիմնավորված լավատեսություն են հայտնում ապագայի նկատմամբ։ Այդ լավատեսությունը թելադրվել է ՔՊ-ի կողմից 2021-ի ընտրարշավի ժամանակ, ներմուծվելով «Ապագա կա» կարգախոսը, որը ժողովրդական խոսքով ձևափոխվել է այսպես՝ «Լավ ա լինելու»։ Պարտությունից, կորուստներից հետո, ընդհանուր ընկճվածության պարագայում ո՛չ ՔՊ-ի, ո՛չ էլ նրա համակիրների կողմից այդպես էլ չի կոնկրետացվել, թե ու՞մ համար է լավ լինելու։ Այս անորոշությունը տեղի է տվել ենթադրությունների։

Հակտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը հերթական շրջայցի ժամանակ տարօրինակ ու լավատեսական հայտարարություն է արել։ «Պիտի խոստովանեմ, որ այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին: Համոզված եմ, որ սա շատերի համար տարօրինակ հայտարարություն է, և այդ մասին ես հրապարակային հայտարարում եմ առաջին անգամ՝ ընդգծելու համար միջավայրի կարևորությունը: Դա կապված է հետևյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»,- ասել է վարչապետը:

Այս տարօրինակ հայտարարության վերաբերյալ ևս հանրային խոսույթում տարածվում են ենթադրություններ, որոնցից կառանձնացնենք երեքը։ Դրանք ունեն անձնավորված առանցք։

Նիկոլ Փաշինյանի 2018-2019-ի լուսանկարներն ուշադիր դիտելիս, նրա հայացքում նկատելի է վախ։ Ենթադրելի է, որ այդ վախն ապագայի հանդեպ էր, քանի որ նա տեղեկություն կամ հիմնավոր կանխատեսում ուներ սպասվող պատերազմի, Արցախի բռնազավթման, հայաթափման, մարդկային կորուստների, տարածքների զավթման, ազգային աղետների մասին։ Այս սարսափելի պատկերները անորոշությամբ էին պատում ապագան։ Նա վախենում էր, որ կարող էր կորցնել նաև իշխանությունը, ու ստիպված ապաստան խնդրել Մոսկվայի մերձակայքում։

Սակայն աղետից ու կորուստներից հետո Փաշինյանը կարողացավ պահպանել իշխանությունը, ինչպես նրան խոստացել էին 2018-ի իշխանափոխության միջնորդները։ Եվ նա արդեն լավատեսություն է հայտնում, կարծելով, թե «Իրական Հայաստանի», «Խաղաղության խաչմերուկի» գաղափարները քարոզելով, կարող է ավելի երկար պաշտոնավարել, քան նախկինները, այսինքն՝ 10 տարուց ավելի։

Շրջանառվող երկրորդ ենթադրությունը վերաբերում է կապիտալին, այդ թվում՝ ժողովրդականությանը։ 2018-2019-ին ապագայի հանդեպ թերահավատ էր, քանի որ բավարար կապիտալ չուներ, ժողովրդականությունը հիմնված էր պոպուլիզմի վրա, որն արագ մաշվում էր։ Օլիգարխները չէին ենթարկվում, չէին մուծվում, անհիմն հույսեր ունեին, որ Նիկոլ Փաշինյանը կտապալվի, կհեռացվի։ Ներկայում որոշ օլիգարխներ անցել են նրա թրի տակով։ Ամրացել ու մեծացել են ՔՊ-ական օլիգարխները, որոնք հանրային իրական աջակցություն, էլեկտորատ կարող են ապահովել։ Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չեն բոյկոտում նիստերը, մտել են կառուցողական դաշտ, պատկերավոր ասած՝ խաղի մեջ են։ Իսկ ուկրաինա-ռուսական պատերազմը հնարավորություն է տվել զարգացնել առևտուրը ՌԴ-ի հետ, մեծ հարստություն ապահովելով գործարարներին, որոնք էլ հարստացրել են Նիկոլ Փաշինյանին։ Եվ նա արդեն այնքան կապիտալ է գեներացրել, որ կարծում է, թե լիարժեք ապահովել է իրեն։ Եվ նույնիսկ իրադարձությունների անցանկալի զարգացման և ընտրություններում պարտության պարագայում նահանջի կամ պաշտպանվելու շատ տարբերակներ ունի։

Եվ երրորդ շրջանառվող վարկածը վերաբերում է արտաքին նոր գործընկերներին։ Հիշեցնենք, որ 2018-19-ին ՔՊ-ն վարում էր ավելի վառ ռուսամետ կուրս, քան նախկինները, մերժում էր ԱՄՆ-ի, ԵՄ երկրների աջակցությունը, ներդրումային առաջարկները։ Նրանք զգուշացնում էին սպասվող պատերազմի, կորուստների մասին, սակայն ստանում էին ոչ համարժեք արձագանք։ Այս տարիներին ԱՄՆ-ն, ԵՄ-ն ՔՊ ղեկավարներին համարում էին ռուսական անուղեղ գործակալներ, որոնք երկիրը տանում են աղետի ու կորուստների։

Ներկայում Արևմուտքի վերաբերմունքը որոշակի փոխվել է։ 2024-ի ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը լավատեսություն է հաղորդում, որ Արևմուտքը թույլ չի տա, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արվի։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի լավատեսության հիմքը նրա կապիտալի աճն է, Արևմուտքի աջակցությունը, Արցախը հանձնելուց հետո ստացած թեթևությունը։ 2018-19-ին այդքան փող չուներ, իսկ հիմա այնքան ունի, որ ապագային նայում է լավատեսորեն։ 2018-19-ին սարսափում էր, որ Արցախը հանձնելուց հետո չի դիմանա աթոռին, հիմա արդեն ապագային նայում է պոզիտիվ յհայացքով։ Իսկ Արևմուտքի աջակցությունը հուսադրում է նրան, որ ընտրություններում պարտվելուց հետո կարող է ապաստան փնտրել Փարիզում։
​​
Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie