Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:33 03-09-2022

Ովքեր են դատապարտված եղել մահապատժի և երբ է վերջին մահապատիժը եղել Հայաստանում

Հայաստանում վերջին անգամ մահապատիժ է իրականացվել 1991 թվականի օգոստոսի 30-ին, դատապարտվածին, որի մասին բաց աղբյուրներում ոչինչ չկա, գնդակահարվել և սպանվել է 1 կրակոցով։

Անկախ Հայաստանում, որը հռչակվել է վերջին մահապատժից ընդամենը 22 օր անց, մահապատիժ երբեք չի իրականացվել, չնայած որ եղել են մահապատժի դատապարտված անձինք։ Բանն այն է, որ մինչև 2003 թվականը Հայաստանում գործել է 1961 թվականին ընդունված ԽՍՀՄ քրեական օրենսգիրքը, որը մահապատիժ էր սահմանում մի շարք արարքների համար՝ սպանություն, պետական դավաճանություն և այլն։

Մահապատիժը Հայաստանում վերացվել է 2003 թվականին, երբ ուժի մեջ մտավ նոր Քրեական օրենսգիրքը, մահապատիժը փոխվեց ցմահ ազատազրկման, և ըստ այդմ մինչ այդ մահապատժի դատապարտվածներին պատիժը միանգամից փոխվեց ցմահ ազատազրկման։

Ստորև ներկայացնում ենք մի քանի այնպիսի օրինակ։ 1994 թվականին Գերագույն դատարանի որոշմամաբ մահապատժի դատապարտվեց Վանաձորի բնակիչ 19-ամյա Վահագն Մարուքյանը։ Մարուքյանը մեղավոր էր ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ,կանխամտածված սպանության մեջ:
Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը, սակայն նա հետագայում ասել է, որ իրեն ոստիկանությունում այնքան են ծեծել, որ ստիպված ասել է, թե ինքն է արել։

1996 թվականին մահապատժի էր դատապարտվել նաև Ստեփան Գրիգորյանը, նա, նույն սցենարով նրան 2003 թվականին նախագահ Քոչարյանի հրամանագրով ներում է շնորհվել և պատիժը փոխվել ցմահ ազատազրկման։ Գրիգորյանը մահապատժի էր դատապարտվել սպանությանը մասնակից լինելու համար, նա 2020 թվականի ապրիլի 29-ին վաղաժամկետ ազատ է արձակվել։

Նույն թվականին կրկին գնդակահարության էր դատապարտվել Աշոտ Մանուկյանը։ Նա դատապարտվել էր բանակում 3 ծառայակիցներին սպանելու համար։ Մանուկյանն ընդունել էր իր մեղքը, զղջացել, սպանվածների հարազատներն էլ ներել էին, նա 2020 թվականի հունվարին ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Կուրսընկերոջը՝ Իոսիֆ Աղաջանյանին սպանելու համար մահապատժի էր դատապարտվել նաև իրավագետ, հրապարակախոս Մհեր Ենոքյանը, նա երբեք իր մեղքը չի ընդունել՝ ասելով, որ ինքը պարզապես ներկա է եղել սպանությանը։
Երեկ Oragir.news-ն արդեն տեղեկացրել էր, որ նա տեղափոխվել է բաց կալանքի ռեժիմ։

Շուրջ 26 տարի է ինչ անազատության մեջ է Վանո Սիրադեղյանի «բանդայի գործով» մահապատժի, ապա և ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը։ Արմեն Տեր-Սահակյանի խոսքով՝ ինքը մահապատժի էր դատապարտվել ընդամենը Վանո Սիրադեղյանի դեմ ցումունք չտալու համար։

2003 թվականին Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 6 արձանագրությունը, արձանագրությունը թույլ է տալիս երկրներին պահպանել մահապատիժը ծանր պատերազմական հանցագործությունների ժամանակ։
Իսկ ահա Թիվ 13 արձանագրությունը, որը վերաբերում է մահապատժի վերացմանը բոլոր հանգամանքներում, ստորագրվել է 2006 թվականին սակայն Հայաստանը չի վավերացրել այն։

Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով առաջարկում է Հայաստանում պետական դավաճանության համար մահապատիժ Սահմանել։ Հեղինակավոր իրավաբանները միակարծիք են, որ այն հակասում է Հայաստանի միջազգային պարտավորություններին։