Երևան +13°
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:48 02-09-2022

ՀՊՏՀ-ում կոռուպցիոն ռիսկները բարգավաճում են. ահազանգ

1978 թվականից աշխատում եմ ՀՊՏՀ-ում: Գիտամանկավարժական ողջ գործունեության ընթացքում մշտապես՝

. աշխատել եմ իմ հմտությունների, կարողությունների և ունակությունների կատարելագործման ուղղությամբ, ինչի մասին վկայում են բազմաթիվ վերապատրաստումները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, և համապատասխան վկայագրերը,

. ունեմ շուրջ յոթ տասնյակ գիտական հրապարակումներ, այդ թվում միջազգային վարկանիշ ունեցող (Scopus, Ринц),

. աշխատանքային բոլոր պարտականություններս կատարել եմ պատշաճ մակարդակով,

. վայելում եմ ուսանողների և գործընկերներիս հարգալից վերաբերմունքը:

2019թ-ին մասնակցել եմ նախկին ռեկտոր Ռ.Հայրապետյանի կողմից կազմակերպած մրցույթին և հաջողությամբ անցել եմ՝ հավաքելով համապատասխան միավորներ, ինչն ինձ հնարավորություն է տվել շարունակել աշխատանքը ՀՊՏՀ-ում:

2021թ.-ին ևս մասնակցել եմ մրցույթի, սակայն այս անգամ կազմակերպված ձևով, այսպես կոչված՝ «փակ, գաղտնի քվեարկությամբ», մերժել են իմ դիմումը: Նման մոտեցման համար առիթ է հանդիսացել այն, որ ես նախկին ռեկտոր Ռ.Հայրապետյանի աջակիցն եմ և չեմ ստորագրել Դ.Գալոյանին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի տակ:

2022թ. հունիս-հուլիս ամիսներին բազմիցս դիմել եմ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Կ.Գրիգորյանին, խնդրելով ներկայացնել, թե 2022-2023ուս.տարվա ինչ ծանրաբեռնվածություն է նախատեսել և մշտապես ստացել եմ անորոշ պատասխան (աշխատում ենք ծանրաբեռնվածության վրա և շուտով կտեղեկացնենք): Իսկ արդեն հուլիս ամսվա վերջին օրերին նշել է, որ այդ մասին կտեղեկացնեն արձակուրդից հետո (մեր արձակուրդն ավարտվում է օգոստոսի 24-ին): Մինչդեռ այդ տեղեկատվությունն ինձ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ, հետագա անելիքներս և ծրագրերս պլանավորելու համար (արդեն իսկ մտավախություն ունեի, որ ՀՊՏՀ ղեկավարությունը սուբյեկտիվ որոշում է կայացրել իմ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին):

Օգոստոսի 22-ին ՀՊՏՀ-ից ստացել եմ ծանուցագիր աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Վերոշարադրյալ բոլոր փաստերից և մեկնաբանություններից միանշանակ երևում է, որ իմ նկատմամբ կայացված որոշումը խիստ սուբյեկտիվ է և բխում է ՀՊՏՀ ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, ինչը կոռուպցիա եզրույթի դրսևորումներից է:

Սուբյեկտիվ մոտեցման մասին է վկայում նաև այն փաստը, որ ամբիոնի վարիչ Կ.Գրիգորյանը ամբիոնի ծանրաբեռնվածությունը բաշխել է սեփական հայեցողությամբ, ըստ էության հաշվի չառնելով որևէ գիտականորեն հիմնավորված չափորոշիչ (խոսքը, բնականաբար, չի վերաբերում մրցույթով անցածներին): Մինչդեռ մեր ամբիոնում 0,5դրույք դասաժամեր են ստացել մարդիկ, ովքեր ՀՊՏՀ-ում զբաղեցնում են վարչական պաշտոններ, զուգահեռաբար զբաղված են նաև վճարովի որևէ գիտահետազոտական աշխատանքում (փաստորեն ունեն 2,5 հաստիք զբաղվածություն): Ունենք նաև հիմնական դասախոս, ով մեկ դրույքով աշխատում է մեր ամբիոնում և այլ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն: Եվ ամենացավալին այն է, որ այս բոլոր գործընթացներն իրականացվել են գաղտնիության պայմաններում՝ մինչև վերջին պահը ես տեղեկացված չեմ եղել, որ դասաժամեր չեն նախատեսել: մինչդեռ որպես հիմնական աշխատող, նրանք պարտավոր էին այդ մասին տեղեկացնել երկու ամիս շուտ:

Իմ նկատմամբ խիստ ուղղորդված մոտեցման մասին է խոսում նաև այն փաստը, որ ամբիոնի մի քանի դասախոսներ այսօր պատրաստ են հրաժարվել իրենց հասանելիք ժամերից՝ 0,25 դրույքի չափով, սակայն ամբիոնի վարիչը դարձյալ մերժում է ինձ ժամեր տալ, պատճառաբանելով, որ ռեկտորը՝ հրամանով ինձ աշխատանքից ազատել է: Ընդ որում, թեև ես ունեմ աշխատանքային պայմանագիր, մինչև 2022թ. օգոստոսի 31-ը, սակայն ըստ այդ պայմանագրի ես համարվում եմ հիմնական աշխատող, քանի որ 1978թ.-ից առ այսօր՝ անընդմեջ աշխատում եմ նույն կազմակերպությունում:

Վերոնշյալ բոլոր կետերը հիմնավորված են կոնկրետ փաստաթղթերով։

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ՝ Արփենիկ Հայկի Մուրադյանից



Oragir.news-ը պատրաստ է տպագրել նաև ՀՊՏՀ-ի տեսակետը։


Ամենից շատ դիտված