Երևան +15°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 22:45 31-08-2022

Կհայտարարվի մրցույթ՝ «Ինչպես ես հանձնեցի Շուշին» թեմայով

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Շուշին հանձնողների իսկական հերթ է գոյացել, բայց թափուր տեղեր դեռ կան։ Ի սկզբանե՝ Շուշին փաստաթղթով և իր ձեռամբ հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը Շուշին հանձնելու մեջ մեղադրեց նրանց, ում անունը այդ պահին առաջինը հիշեց՝ Արթուր Վանեցյանը, որին Փաշինյանը մեղադրեց դասալքության մեջ, և Գագիկ Ծառուկյանը, որն, իբր, խոստացել էր ջոկատ ուղարկել, բայց այդպես էլ չուղարկեց։

Իհարկե, շատերի համար էր զարմանալի, թե ինչպես կարող է Արցախի բերդաքաղաք և հայ ժողովրդի հաղթանակի միջնաբերդ Շուշիի պաշտպանությունը գցել Վանեցյանի ու օլիգարխի գրպանը, երբ դրա պաշտպանությունը օրենքով վերապահված էր Զինված ուժերին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ թեև ապօրինի, բայց և այնպես իրեն էլ էր դա վերագրել, քանի որ ինքնահռչակվել էր որպես գերագույն-գլխավոր հրամանատար։ Սակայն հետագայում քննչական մարմինները հերքեցին, որ Վանեցյանը դասալիք է, մարդիկ էլ հասկացան, որ Ծառուկյանը պարտավոր չէր ջոկատներ կազմել։

Մեղավորներից հաջորդը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Օնիկ Գասպարյանն էին։

«Բա իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է։ Դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք։ Ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞։ Հիմա Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչե՛ք նրանց, հարցրե՛ք՝ ով է հանձնել Շուշին: Մեկը` Սեյրան Օհանյանը, եղել է այնտեղի պատասխանատուներից մեկը, և գլխավոր շտաբի նախկին պետը, որ հիմա իրենց թիմում է, թող կանգնի, ասի՝ ով է հրաման տվել, թող կանգնի, ասի՝ ասել են Շուշին հանձնի: Այսինքն՝ ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է», «Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար ա պատասխան տալու։ Ինքը ինձ դեռ․․․, ինձ չէ, դատարանում պետք ա բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբը ինչի ա 2 օր ուշացումով, օր ու կես ուշացումով տեղ հասել»,- հայտարարել էր Փաշինյանը։

Երեկ հերթական «Շուշի հանձնող նշանակվեց» ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը։ Նա մեղադրվում է Շուշիի պաշտպանության ժամանակ իր պարտականություններ չկատարելու մեջ, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ Այսինքն՝ մեղադրվում է Շուշին հանձնելու մեջ։ Չի բացառվում, որ Շուշին նոր հանձնողներ էլ հայտնվեն, և հանկարծ պարզվի, որ Շուշին հանձնվել է ողջ հայ ժողովրդի կողմից, և միակ անմեղը հենց Նիկոլ Փաշինյանն է․ խմբակային հանձնել են, և միայն նա ու իր որդի Աշոտն են կռվել։

Մինչ այդ էլ Ազգային ժողովը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, կարող է շարադրությունների մրցույթ հայտարարել՝ «Ինչպես ես հանձնեցի Շուշին» թեմայով, և այդ շարադրություններն էլ դատախազությունը կօգտագործի որպես ինքնախոստովանական ցուցմունքներ։