Երևան +18°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 14:03 18-08-2022

Եթե 4 տոննա պայթուցիկ ասելով`խոսքը տրատիլի մասին է, ապա պայթյունը պիտի ընդգրկեր Երևանի կեսը․ Հայկ Նահապետյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Երբ ԱԻՆ նախարարը 4 տոննա պայթուցիկի մասին է խոսում, ապա նախ պետք է հստակեցնի, թե ինչ նկատի ունի։ Գուցե տնտեսագիտական կրթություն ստանալիս իրեն ասել են, որ այն, ինչ բռնկվում է, կայծ է առաջացնում, կրակ կամ ցնցում, պայթուցիկ է կոչվում, բայց պայթյունի ուժգնությունը չափում են, օրինակ, 4 տոննա տրատիլին համարժեք ուժգնությամբ։ Բայց եթե 4 տոննա տրատիլին համարժեք պայթուցիկ է եղել, ապա դա նշանակում է, որ պայթյունը կարող էր ընդգրկել ոչ թե միայն «Սուրմալու»-ն, այլ Երևան քաղաքի կեսը։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

«Մինչև հիմա քննչական մարմինները, ԱԱԾ-ն պետք է որ նախնական վարկած ունենային պայթյունի պատճառների վերաբերյալ։ Ընդ որում, դա պետք է հանրությանը ներկայացվեր բավարար հիմնավոր, ոչ թե ինչ-որ նախարարի կողմից, որի մասնագիտական գրագիտությունը բավական ցածր է։ Կարող էին բացատրել՝ պայթյունը ներսի՞ց է եղել, թե՞ ենթադրենք պայթուցիկ նյութեր են տեղադրված եղել, որի հետևանքով շենքը հավասարաչափ նստել է, հիմնապատերը փլուզվել են։ Սովորաբար երբ տրատիլ են դնում, սյուների մոտ են դնում, որ շենքը հավասարաչափ նստի», - հավելեց Նահապետյանը։

Նա ընդգծեց, որ եթե նախարարի ասածը իրականություն է, ապա հնարավոր է, որ 4 տոննա նյութ է եղել, որից պայթուցիկ են պատրաստում, այդ թվում՝ հրավառության միջոցներ։ «Այսինքն՝ այդ դեպքում տարածքում եղել է արտադրություն, որովհետև նյութերը սովորաբար բերում են այնտեղ, որտեղ արտադրություն է լինում։ Բայց տարածքում արտադրության մասին ոչինչ չի խոսվում։ Հետևաբար էլի հարց է առաջանում՝ 4 տոննա ասելով՝ ի՞նչ նկատի ունի, դա տրատի՞լ է, թե՞ ոչ։ Եթե տրատիլ է, ապա խորհուրդ կտամ ուսումնասիրել, թե 1 գրամ տրատիլը ինչ ավերածություն կարող է առաջացնել։ Այս դեպքում պատկերացրեք, թե ինչ կարող էր լինել Երևանի հետ 4 տոննայի պարագայում։ Իսկ եթե պայթուցիկ արտադրելու նյութեր են, ապա նաև հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ունեն մարդաշատ վայրում նյութերը, որոնցից պայթուցիկներ են պատրաստում։ Այստեղ մի խումբ պետական ապաշտոնյաներ պետք է պատասխանատվություն կրեն դրա համար»։

Նա շեշտեց, որ ամեն դեպքում իրավապահները արդեն պետք է որ որոշակի պատկերացում ունենան, թե խոսքն ահաբեկչությա՞ն, արտաքին միջամտությա՞ն մասին է, թե՞ ոչ։ «Միայն այդ դեպքում կարող ենք ենթադրել, թե ովքեր են այստեղ շահագրգիռ՝ պետություննե՞ր, թե՞ անհատներ»։

Հարցին, թե հիմնապատերի վնասվածության աստիճանը ինչ հետևությունների տեղիք է տալիս, նա պատասխանեց․ «Տեսեք, տանը կամ շենքում պայթյուն է լինում, վնասվում է շենքի կամ սենյակի մի մասը, բայց այս դեպքում ամբողջ շենքը նստել է։ Սա նշանակում է՝ հարվածային ալիքն այնքան ուժեղ էր, որ ամբողջ տարածության ու սյուների վրա ազդել է, կամ դրանք՝ պայթուցիկները, մասնագիտորեն տեղադրված են եղել շենքի բոլոր կողմերում հավասարաչափ։ Համացանցում տեսանյութ կա, թե ինչպես են ոչ պիտանի շենք են պայթեցնում։ Այդտեղ օրինակ է ներկայացված, թե շենքն ինչպես է հավասարաչափ նստում։ Հետևաբար կա՛մ ալիքը շատ հզոր է եղել, որի արդյունքում ողջ շենքն է նստել, կա՛մ տեղադրված է եղել բոլոր 4 կողմերում։ Բայց սա սուբյեկտիվ գնահատական է։ Մինչև տարածքում աշխատող մասնագետները իրենց գնահատականները չներկայացնեն, իրական հետևություններ հնարավոր չի լինի անել։ Այլ հարց է, թե ինչ հետևություններ կարվեն, նախ իրենք պետք է պայթյունի պատճառն ասեն»։

Նա ընդգծեց որ ամենամեծ բացթողումը դեպքի հանգամանքները ուսումնասիրող օպերատիվ շտաբ ձևավորելն էր, որի կազմում պետք է 4-5 նախարար կամ փոխնախարար ներգրավվեին, որպեսզի բացառվեին նման ծավալի ասեկոսեները, կեղծ ռումբերի տեղադրման ահազանգերի հետևանքով ստեղծված խուճապը կանխվեր։ «Որքան էլ ասենք, որ խուճապ չկա, բայց մարդկանց մոտ անպաշտպանության զգացողություն է առաջանում, իսկ սա հանգեցնելու է ոչ միայն արտագաղթի, այլև արտաքին ագրեսիայի դեպքում, երբ ներսում խուճապ ու վախ կա տարածված, կռվելու, պատերազմելու մոտիվացիան թուլանում է, խուճապը հակառակորդի համար հաղթաթուղթ է»։

Նա նաև նկատեց, որ ահաբեկչության մասին Հայաստանում առաջինը իրազեկեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանսւթյունը, երբ կամավորներ էին հավաքագրում՝ սպասվելիք ահաբեկչության ժամանակ ԱՄՆ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար։ «Սա նշանակում է, որ Հայաստանում ակնհայտ ահաբեկչական գործողություն կատարելու վտանգ կա, որի մասին իմացել են ԱՄՆ հատուկ ծառայությունները։ Նրանք այդ մասին նաև հրապարակավ իրազեկել են։ Ընդ որում, միայն ԱՄՆ-ն է, որ նման տեղեկատվություն է տարածվում այդ առնչությամբ։ Հիմա սա մտածելու տեղիք չի՞ տալիս։ Ընդ որում՝ ՌԴ և Իրանի դեսպանությունները որևէ կերպ տեղեկացված չեն ու իրենց քաղաքացիներին նման զգուշացումներ չեն տալիս, սա այն դեպքում, երբ այդ երկրների հատուկ ծառայությունները ևս բավական լավ են գործում։ Սա արդեն ոչ թե միտում է, այլ ակնհայտ կարմիր թել է։

Այսինքն՝ ահաբեկչության մասին խոսում է միայն ԱՄՆ-ն, հետևաբար Հայաստանում խուճապային տրամադրություններ է ստեղծում ԱՄՆ-ն։ Ես չեմ բացառում, որ այս զանգերը ու ԱՄՆ դեսպանության կողմից տարածած հայտարարությունը կլինեն օրվա իշխանությունների վրա ԱՄՆ-ի կողմից ճնշումներ իրականացնելու քաղաքականության մաս։ Հիշեք, որ երբ Հայաստան եկավ ԱՄՆ կենտրոնական հետախուզության պետը, կեղծ ահազանգերի ինտենսիվացումը և նրա այցի ժամանակագրությունը համընկնում են։ Պետք է հասկանալ, թե որ պետությունը և պետություններն են ահաբեկչությունը Հայաստանում հանրային դիսկուրսի առիթ դարձնում։ Այստեղ շրջանառվում է միայն մեկ պետության անուն։ Ընդ որում՝ դրանից հետո ԱԺԲ-ն սկսում է մեղադրանքներ հնչեցնել ՌԴ-ի հասցեին։ Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ այս առումով շահագրգիռ պետությունը ԱՄՆ-ն է»։

Ձեզ գուցե հետաքրքրի