Երևան +19°
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:03 17-08-2022

«Սուրմալու»-ի ողբերգությունը կարող էր չլինել․ ի՞նչ են թաքցնում պետական մարմինները

Հանրությունն ուշադրությամբ հետեւում է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով քննությանը: Հարուցված քրեական գործով դեռ մեղադրյալներ չկան, սակայն խորը կասկածներ եւ մտահոգություններ կան՝ կհայտնաբերվե՞ն իրական մեղավորները եւ պատասխանատվության կենթարկվե՞ն, թե՞՝ ոչ: Մի՞թե պետությունը՝ ի դեմս իրավասու մարմինների, պաշտոնատար անձանց, որեւէ մեղավորություն չունի: Այսինքն՝ կարելի է մտածել, որ մեր երկրում այնպիսի ամենաթողություն է, որ քաղաքի կենտրոնում 4-տոննայանոց պայթուցիկ նյութերի պահեստ է եղել, իսկ պետությունը չի ունեցել անհրաժեշտ հարկադրական լծակներ, օրենսդրական մեխանիզմներ՝ այս ամենի դեմը առնելու համար:

Առնվազն «Զատիկից հետո կարմիր ձու» հայտնի խոսքն են հիշեցնում Առողջապահության նախկին նախարար Արսենի Թորոսյանի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետողորմյա հայտարարությունները, թե քննարկում էին հրավառությունները եւ հրագործական նյութերի ազատ վաճառքը արգելելու մասին օրենսդրական փոփոխություններ անելու հարցը, բայց, ավաղ, «կորոնան» խանգարեց: Ինչպես ասում են՝ մտքներիդ տեղ լիներ․ չէ՞ որ մենք քանիցս տեսել ենք, թե ինչպես է 70-հոգանոց իշխող քաղաքական մեծամասնությունը կազմ-պատրաստ րոպեների ընթացքում ու ուզած օրենքը փոխում, իսկ սա փաստորեն այդքան հրատապ չէր, նույնիսկ տոպրակների, աղամանների, սնդիկով ջերմաչափի չափ հրատապ չէր…այնպես որ այսօրվա չքմեղացումները ցինիկություն են առնվազն: Եթե օրենսդրական փոփոխություն արված լիներ, գուցե չլինեին «Սուրմալու»-ի դեպքերը:

Բայց անգամ առկա օրենսդրության պայմաններում «Սուրմալու»-ի դեպքերը կարող էին չլինել, եթե Հայաստանում ամեն մեկը զբաղվեր իր գործով, պաշտոնական լիազորությունները պատշաճ կատարեր:

Ինչի՞ մասին է լռում իշխանությունը

Բանն այն է, որ դեռեւս 2018 թ․ մարտին փոփոխություններ են արվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդ փոփոխության՝ հրագործական արտադրատեսակները, պահեստները եւս համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտ եւ պետք է գրանցվեն ԱԻՆ-ի ԱՎՕ-ների (արտադրական վտանգավոր օբյեկտների) ռեեստրում, ամեն տարի անցնեն տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Դա չանելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 1 մլն դրամի չափով, ինչպես նաեւ գործունեության կասեցում․ սանկցիայի ապահովումը ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչականն մարմնինն է:

Տեսչական մարմինը դեպքից հետո հայտարարեց, որ «Սուրմալու»-ում ստուգումներ են եղել, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ են հայտնաբերվել, սակայն ոչ մի խոսք չի ասվել առ այն, թե արդյոք փորձաքննություն անցել էր, թե՝ ոչ որպես վտանգավոր օբյեկտ: Նաեւ ԱԻՆ-ը պետք է պարզաբանի, թե արդյոք այս պահեստը հաշվառվա՞ծ էր, Հայաստանում ինչքա՞ ն հրագործական պահեստներ կան, արդյո՞ք գրանցված են, անցե՞ լ են փորձաքննություն, թե՞՝ ոչ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, չէ՞ որ օրենքի փոփոխությունից հետո արդեն 4 տարի անցել էր, կարելի էր այն կիրառել, կշեռքի նժարին մարդկանց կյանքն ու առողջությունն է: Այսինքն՝ եթե այս օրենքի մասին տեղյակ լինեին եւ կիրառեին համապատասխան իրավասու մարմինները եւ անձինք, «Սուրմալու»-ում ստուգումներ անելուց հետո կարձանագրեին, որ փորձաքննություն չի անցել, կարգադրագիր կտային, կկասեցնեին շահագործումը, տուգանք կնշանակեին 1 մլն դրամի չափով, եւ կշահագործվեր միայն թերությունները վերացնելուց հետո:

Այս ամենը, սակայն, մեր տեղեկություններով չի իրականացվել, ոչ հաշվառել են, ոչ փորձաքննություն է իրականացվել։

Ո՞վ է մեղավոր՝ ԱԻ՞Ն-ը, թե Տեսչակա՞նը եւ ինչի՞ համար

Հաշվառվա՞ծ էր արդյոք «Սուրմալու»-ի պահեստը, թե՞՝ ոչ, անցե՞լ էր փորձաքննություն որպես վտանգավոր օբյեկտ, ի՞նչ էր պարզվել․ վերոհիշյալ հարցերի պատասխանները ստանալու համար Oragir.news-ը կապ հաստատեց ԱԻՆ և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ։ ԱԻՆ լրատվական ծառայության ղեկավար Հայկ Կոստանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք «Սուրմալու»-ում հրավառ նյութերի պահեստը հաշվառված էր ԱԻՆ-ում։ Կոստանյանը պատասխանեց, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն տեսչական մարմինը։

«Տեսչական մարմինն է պատասխանատու, մեր գերատեսչությունը հաշվառում իրականացնելու գործառույթ չունի։ Միայն տեսչական մարմինը կարող է պատասխանել այդ հարցին»։

Նկատենք, սակայն, որ վտանգավոր օբյեկտների հաշվառումը, որի շարքում է դասվում նաեւ հրավառ նյութերի արտադրանքը, ԱԻՆ-ի ԱՎՕ-ում է իրականացվում։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի փորձագետ Արմեն Հովակիմյանը Oragir.news-ին հայտնեց, որ առևտրի կենտրոնում ստուգում իրականացվել է 1,5 տարի առաջ․ «Այն ժամանակ վկայականով «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրավառ նյութերի պահեստ չի եղել, միաժամանակ, ստուգման պահին տեսուչը տարածքում պահեստ, հրավառ նյութերի կուտակում պահեստավորում չի հայտնաբերել։ Այնտեղ կար 470-500 առևտրային տաղավար, ամբողջ տարածքում միայն տաղավարներ են, այսինքն՝ վկայականով և վարձակալության պայմանագրերով պահեստային շինություն որպես այդպիսին չկա»։

Հարցին, թե այդ դեպքում 4 տոննա պայթուցիկ նյութը կարո՞ղ էր տաղավարում պահվել, նա պատասխանեց, որ նախաքննությունը կպարզի, թե որտեղ կարող էին պահվել այդ նյութերը։ «Ըստ էության՝ այդ տարածքում չպետք է լիներ նման կուտակում, ու չպետք է լիներ պահեստավորված նման ապրանք»։

Հովակիմյանից փորձեցինք ճշտել, թե առհասարակ Հայաստանում որքան հրագործական պահեստներ կան։ Նա պատասխանեց, որ չի կարող ասել՝ հաշվառում կա, թե ոչ, որովհետև այդ հաշվառումը տեսչական մարմինը չի իրականացնում։

«Հաշվառումը, գրանցումը, փորձաքննությունը, տեսչական մարմնի գործառույթը չէ, դա ԱԻՆ-ի գործառույթն է։ Խոսքը ռեեստորի մասին է, որը գրանցում է, թույլ է տալիս պահեստավորել կամ վաճառել հրագործական նյութեր, դա ԱԻՆ-ի գործառույթն է։ Մենք ամեն տարի ԱԻՆ-ից ստանում ենք վտանգավոր նյութերի պահեստների մասին տեղեկատվություն, որոնք, օրինակ, գրանցվել են ռեեստրում, բայց չեն անցել փորձաքննություն։ Այո, նման օբյեկտներում մենք ստուգում ենք իրականացնում՝ պարզելու համար, այդ օբյեկտները աշխատո՞ւմ են, թե՞ ոչ, փոխե՞լ են իրենց հասցեն, թե՞ օրենք են խախտում ու անհրաժեշտ փորձաքննություն չեն անցել»։

Հովակիմյանը նշեց, որ տարեկան պլանավորած է իրականացնել 500 ստուգում։ 2021 թ․-ին տեսչությունը իրականացվել է 366 սուբյեկտի՝ 396 օբյեկտի ստուգում և 241 օբյեկտի վերստուգում, միաժամանակ 55 ստուգում է իրականացվել՝ քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա։

«Հավելեմ, որ նմանատիպ մոտ 8000 օբյեկտ կա, որոնք ոչ թե պայթյունավտանգ են, այլ բարձր ռիսկայնության են, դրանց մեջ մտնում են և հասարակական տրանսպորտը, և առևտրի կենտրոնները, և օրինակ՝ գազալցակայանները»։

Հարցին, թե ինչու «Սուրմալու»-ում կարգադրագրերի կատարման ընթացքը չի ստուգվել, նա պատասխանեց, որ իրենք պարտավոր են օրենսդրական կարգավորումներով շարժվել։

«Տեսչական մարմինը իր բոլոր գործառույթները կատարում է՝ ելնելով օրենսդրական կարգավորումներից, օրենքի համաձայն ստուգում է իրականացվել, պատշաճ կարգով կազմվել է ակտի նախագիծ, տրվել է կարգադրագիր, սահմանվել է ժամկետ՝ ելնելով նրանից, թե ինչ ծավալի աշխատանք պետք է կատարվի։ Օրինակ, կրակմարիչ տեղադրելը մի քանի օրվա խնդիր է, սակայն հրդեհաշիջման համակարգ շենքում հավաքելն այլ աշխատանք է և բավականին երկար գործընթաց է։ Ստուգումների մասին օրենքով չկա այնպիսի բան, որ 2 ամիս հետո պետք է գնաս ստուգում իրականացնելու, ստուգումից հետո գնում են վերստուգման՝ տրված ժամանակը լրանալուց հետո։ Եթե չեմ սխալվում, վերստուգում նախատեսվել է իրականացնել այս տարվա հոկտեմբերին»։

Հովակիմյանը նաև ընդգծեց, որ «Սուրմալու»-ում տեսչական մարմինը կատարել է հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ ստուգում։

«Իսկ պայթյունը և հրդեհը միմյանցից տարբեր բաներ են։ Օրինակ, անցած տարի ամառը մենք «Սուրմալու»-ում ունեցել ենք հրդեհ, երբ տաղավարներ էին վառվել, բայց մարդկային զոհեր չենք ունեցել։ Կրկնեմ, երբ 1,5 տարի առաջ նման պահեստավորած ապրանք չի եղել էդտեղ, ինչպե՞ս կարող էինք իմանալ, թե որ օրը դրանք կբերվեն՝ կպահեստավորվեն»։

Ի դեպ, ուշագրավ է, որ Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում որպես հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր իրականացնող կազմակերպություն դեռեւս 2019 թ․ մայիսից գրանցված է «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն, որը 116 քմ է վարձակալում վարչական շենքից։ «Հետքը» գրել էր, որ այս ԱՁ-ն 2019թ․ սեպտեմբերին Ֆինանսների նախարարությունում հաշվառվել է։ Համաձայն ՊԵԿ-ի՝ ԱՁ-ն գործող է, զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով: Թեեւ դեռ պաշտոնապես հայտնի չէ, թե որ վարձակալի տարածքում է եղել պայթյունը, բայց ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանի հրապարակած՝ 4 տոննա պայթուցիկ նյութերը տեղավորելը հաստատ մի քանի օրում կամ ամսում չի իրականացվել։ Եւ շատ ավելի վատ է, որ այս պահեստի մասին չեն իմացել ո՛չ ԱԻՆ-ում, ո՛չ տեսչականում։

Փաստացի ստացվում է մի իրավիճակ, երբ պետական մարմինները միմյանց վրա են գցում պատասխանատվությունը՝ ԱԻՆ-ը պետք է հաշվառեր, հայտնի չէ՝ հաշվառել է, թե ոչ, տեսչականը ստուգում իրականացներ, որը չի արել։

Մինչդեռ պատշաճ կարգով հաշվառելու, փորձաքննություն անցնելու, ստուգման դեպքում նման աղետ չէր լինի, քանի որ բազմաթիվ չափանիշներ եւ պահանջներ կան, թե ինչպես պահպանել, շահագործել հրագործական արտադրատեսակները։ Այսքանից հետո հարց է առաջանում՝ քանի՞ պաշտոնյա է պատասխանատվության ենթարկվելու պաշտոնեական լիազորությունները անփութությամբ կատարելու համար, թե նորից մեղքը միայն տնտեսվարողինն է, թող լույս իջնի զոհվածների շիրիմին, իսկ պետությունը շարունակի անտեսել կյանքի ու առողջության սպառնացող առաջնային կարեւորության խնդիրների լուծումը մինչեւ նոր ողբերգություններ: