copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 20:00 22-01-2024

Նիկոլ Փաշինյանը գիտակցության մեջ մտցնում է, որ պետություն կարող է և չլինել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ վտանգված է Հայաստանի անկախությունը, իսկ ինքը՝ որպես պետության ղեկավար, պարտավոր է առաջնորդնել ՀՀ անկախության պահպանման շարժումը։ Այս համատեքստում նա բոլորին հորդորում էր միանալ իրեն՝ նշելով, որ եթե ՀՀ մեկ այլ ղեկավար էլ անկախության պահպանման շարժում առաջնորդեր, ապա ինքն անպայման կաջակցեր տվյալ առաջնորդին։

Օրերս էլ Պետական եկամուտների կոմիտե կատարած այցի շրջանականում Փաշինյանը հայտարարեց, որ եթե ցանկանում ես պետություն ունենալ, ապա պետք է հարկեր վճարես։ Նրա խոսքով՝ եթե չկա հարկ, ուրեմն չկա պետություն։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության մեջ մտնելու համար պետք է հոգեբանորեն նույնանալ իր հետ, աշխարհը, մարդկանց, պետությունն իր նման ընկալել։ Նրա խոսքով՝ այստեղ խորը պատճառներ փնտրել պետք չէ․

«Փաշինյանի բոլոր մտածումները և մտքերը փողի, ինչպես նաև Հայաստանին, հայությանը և հայկականությանը հարված հասցնելու շուրջ են պտտվում։ Այստեղ տրամաբանություն շատ պարզ է՝ նորից մտնեն մարդկանց գրպանը, ինչպես ինքն էր ասում, մարդկանց տուգանքի մատերիալ դարձնեն։ Ինքը գտնում է, որ ժողովրդին քիչ զրկանք ու ցավ է պատճառել, հիմա էլ այդպիսի ամպագորգոռ հայտարարություն է անում․ ուզում ես պետություն ունենալ, ապա պետք է հարկ վճարես»։

Նալչաջյանը շեշտում է՝ այնպես չի, որ մարդիկ մինչև այժմ հարկեր չէին վճարում, այդ համակարգն աշխատել է դեռևս Նիկոլ Փաշինյանից շատ առաջ, որովհետև ցանկացած պետության մեջ էլ նման համակարգ գործում է։ Նրա խոսքով՝ Փաշինյանն այստեղ երկնքից աստղեր չի իջեցնում, կամ հայտնագործություն չի անում։

«Բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ պետության այսպիսի վիճակում շեշտը դրվում է նորից փողեր կորզելու վրա։ Ես իհարկե հասկանում եմ, որ ցանկացած օրինապահ քաղաքացի պիտի ենթարկվի իր երկրի օրենքներին ու վճարի հարկերը։ Հիմա ինչ է հեծանի՞վ է հորինում այս մարդը»,- ասաց նա։

Կարինե Նալչաջյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը մեր գիտակցության մեջ կասկած է սերմանում պետություն ունենալու նկատմամբ․ «Մենք պետություն ունեցել ենք, երբ Փաշինյանը դեռ սաղմնավորված էլ չի եղել, պետություն ունեցել ենք պատմականորեն, ու այնպես չի, որ մենք պետություն հասկացությունը կապելու ենք Նիկոլի ու իր տխրահռչակ թիմի անվան հետ։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը կարո՞ղ ենք որպես սպառնալիք դիտարկել, հոգեբանը դրական պատասխանեց։ «Ինքը պետությունն է հարցականի տակ դնում, այլապես ոչ մի հայտնագործություն չի անում։ Ի թիվս այլ պետությունների, մեր պետության քաղաքացիները նույնպես հարկեր վճարել են և շարունակելու են վճարել։ Ինքը պարզապես հարցականի տակ է դնում պետությունը և մեր գիտակցության մեջ մտցնում է, որ պետությունը կարող է նաև գոյություն չունենալ։ Հիմնական մեխը սա է»,- կարծում է նա։

Հոգեբանը նաև հավելեց, որ ամեն ինչ արվեց և դեռևս արվում է հենց պետություն չունենալու համար։ Նրա խոսքով՝ այս համատեսքսում հարյուրերորդական նշանակություն ունի՝ մարդիկ հարկեր կվճարե՞ն, թե՞ չեն վճարի։

«Վճարել են ու կշարունակեն վճարել, և ես հույս ունեմ, որ մենք պետություն կունենանք նաև մինուս Փաշինյան վիճակում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան