Երևան +17°
copy image url
Խոսք Ներքին 9 ամիս առաջ - 20:43 17-08-2022

Ոչ մի բան չի արվում․ էն անհաջողն ինչ ասում է, մեր ղեկավարությունն անում է․ Արամ Իսախանյան

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Oragir.news-ի զրուցակիցը Աղավնոյի բնակիչ Արամ Իսախանյանն է, ով օրերս ստիպված այրեց իր տունն ու լքեց Աղավնոն, քանի որ այն մինչև օգոստոսի 25-ը պիտի հայաթափվի ու հանձնվի Ադրբեջանին։ Արամը 2 որդի ունի՝ 3 տարեկան և 7 ամսական։

-Այս պահին որտե՞ղ եք բնակվում։

-Այս պահին Երևանում եմ բնակվում՝ վարձով։ Ի՞նչ ասեմ, ընկե՛ր։ Էնպիսի բան է, որ բոլորիս էլ պարզ է՝ ինչի համար ենք դուրս եկել, ինչ է եղել։

-Արցախի իշխանություններն ասել էին, որ այն մարդիկ, որոնք իրենց տները կայրեն, փոխհատուցում չեն ստանա։ Դուք չենթարկվեցիք այդ հրահանգին։ Ինչո՞ւ այրեցիք Ձեր տունը։

-Եղբայր, այսպես ասեմ։ Ես պատրեազմին մասնակցել եմ ու ամեն ինչն իմ աչքով եմ տեսել, թե ինչ է կատարվում, ու էնպիսի կորուստներ ունեմ, որ ես թքած ունեմ այդ նյութականի վրա՝ տուն, փոխհատուցում և նման բաների վրա։ Ինձ համար կարևոր են էն տղերքը, որոնք իմ աչքի առաջ զոհվել են, որ մենք էդ հողի վրա ապրենք, բայց չենք կարողանում ապրել, ու չենք կարող ուղղակի, հենց այդպես հանգիստ տները թողնենք՝ գիտակցելով, որ այդ տան մեջ թուրք պիտի ապրի։ Թեկուզ միլիարդներ էլ խոսք տան, ինչ ուզում են՝ խոսք տան, ես չէի կարող ուղղակի թողնել-գնալ, որովհետև այդտեղ իմ հարազատներից հորեղբայրս էլ է զոհվել, իմ կողմից դա իրենց նկատմամբ սխալ քայլ կլիներ, իսկ իմ ինքնասիրությունը ինձ թույլ չի տալիս, որ ես հենց այդպես թողնեի-գնայի։ Պիտի վառեի, որ չգայի, այ այսպես Երևանում նստեի ու լուրերով նայեի, թե ոնց են ադրբեջանցիները մեր տան մեջ ապրում։ Դու քո մեջ մտածում ես, որ քո տան մեջ կարող է ապրի քո եղբոր սպանողը․․․, դա սրբության հարց է։

-Գյուղը լքելուց հետո Ձեր հետագա կյանքը որտե՞ղ եք պատկերացնում՝ Հայաստանո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ։

-Ես իմ կյանքի ամեն վայրկյանն էլ պատկերացնում եմ Հայաստանում։ Առաջ՝ մինչև պատերազմը, միտք ունեի դուրս գալու, մտածում էի՝ դուրս գայի, ինչ-որ բան ստեղծեի, բայց պատերազմից հետո ով կռվել է, կյանք է տվել էդ հողերի համար, բախտը բերել ու ողջ է մնացել, կհասկանա, որ էս հողի համար կյանքեր է գնացել, որ մենք ապրենք։ Մենք պիտի ապրենք, շենացնենք ու իրենց թողած ժառանգությունը շարունակենք։

-Տունն այրելուց ու Աղավնոյից դուրս գալուց հետո եղե՞լ են մարդիկ, որոնք փորձել են Ձեզ օգնել։

-Եղել են։ Իմիջայլոց ասեմ մեր հայությանը, որ ես հպարտանում եմ իրենցով։ Ճիշտն ասած՝ մինչև էս չէի նկատում, չէի տեսել, թաքնված էին այդ հայերը՝ իրոք թասիբով։ Ես բոլորից շնորհակալ եմ, որ ես էդ նեղ պահին, այդ նեղ վիճակում էի, իրենք իմ կողքն էին, աջակցում էին, ոգևորում էին իրենց մեկնաբանություններով, իրենց ֆինանսներով և այլն։ Ես անչափ շնորհակալ եմ մեր հայ եղբայր-քույրերից։ Բայց պիտի ասեմ, որ օգնողների մեջ կան նաև մարդիկ, որ իրենք օգտվում են առիթից ու տանում են դեպի քաղաքական դաշտ։ Ես իրենց չեմ վիրավորում, ուղղակի խնդրում եմ, որ այդպիսի բաներ չանեն, որովհետև դա իմ կողմից արվել է, որ մեր զոհերի հիշատակը չպղծվի, էդ տան մեջ թուրքը չապրի, ուրիշ ոչ մի բան։ Դա քաղաքականության հետ կապ չունի։ Եթե այդպես պիտի անեն, ուրեմն իրենց օգնությունը պետք չէ։

-Ձեր՝ տունը այրելու և Աղանոն լքելու մեղավորն, ըստ Ձեզ, ո՞վ է։

-Ես քաղաքականությունից մի քիչ հեռու եմ, դա այնպես չէ, որ ուղղակի եկան, հաղթեցին, վերցրին։ Դա մեր թուլությունն է, մեր ղեկավարության թուլությունն է։ Մեր ազգը ուժեղ, հզոր ազգ է, ուղղակի ղեկավարությունն է թույլ։ Չգիտեմ՝ ումից է գալիս․ ամենագլխից սկսած մինչև ամենաներքևը։ Մենք սովորություն ունենք՝ մեկս մեկին մեղադրելու․ սկսած ինձնից ու իմ նման տղեքից մինչև ղեկավարության ամենավերևը՝ բոլորս էլ մեղավոր ենք։ Այնպես չէ, որ ես ինչ-որ մեկին ինչ-որ քայլերի եմ դրդում։ Մենք պետք է այնպես վարվենք, որ չտանք, նույնն էլ ղեկավարությունը պիտի այնպես վարվի, որ պիտի չտա ու վերջ։ Թող իրենց ուրիշ տակտիկա մտածեն․ մեր ղեկավարությունը, չգիտես՝ ինչու, կոտրվել է, ու էն էժան մարդը, բերանս էլ չեմ ուզում կեղտոտեմ էդ անունը տալով, ինչ ասում է, անում են։ Արդեն կոտրված, դուխները կոտրված, ինչ ասում է՝ ենթարկվում են, բայց մենք այդ ազգը չենք, մենք ենթարկվող ազգ չենք, մենք ենք միշտ թելադրել, բայց էսօր մեզ են թելադրում, ու մեր ղեկավարությունը շատ հանգիստ, վախը մեջը, թե սա չտանք՝ այսպես կանեն, նա չտանք, այնպես կանեն․․․, ոչ մի բան էլ չեն կարող անել, բա մենք էլ անենք։ Դուք էլ մի բան մտածեք, 2 տարի է՝ կռիվը վերջացել է, այս 2 տարվա մեջ ոչ մի քայլ չի ձեռնարկվել մեր ղեկավարության կողմից։ Գալիս են ստից՝ աղաման, մոխրաման, դիմակ․․․, դրա փոխարեն գնայիք սահմանը կահավորեիք, հակահրթիռային զենքեր գնեիք և այլն։ Ես հոգով հարուստ եմ, բայց ֆինանսապես աղքատ եմ համարում ինձ, բայց ես իմ աշխատանքի հալալ կեսը կտայի, կեսով երեխաներիս կպահեի, կհավաքեինք ու մի տեղ մի ինչ-որ բան կսարքեինք, ու մեր ազգի մեջ կան մեծահարուստ մարդիկ, իրենք էլ կտային՝ ես վստահ եմ, բայց ինքը ոչ մի բան չարեց, էսօր ինչ թելադրում են, անում են։ Ես չեմ ուզում նյարդայնանալ շատ բաներ ասել, բայց դա է, ու այնպես չէ, որ դա միայն ես եմ տեսնում, բոլորն էլ տեսնում են, ամեն օր այդ հարցն է քննարկվում։