Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 09:30 17-08-2022

Աշխատանքը պրոֆեսիոնալ կազմակերպելու դեպքում հնարավոր կլիներ տարածքը մեկ օրում մաքրել, տարհանել մարդկանց՝ նվազագույն կորուստներով

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը եւ հրդեհը, որոնց հետեւանքով զոհվել է 16 մարդ, անհետ կորած է 2 քաղաքացի, շարունակում են մնալ հանրային քննարկումների օրակարգում։ ԱԻՆ աշխատանքի կազմակերպման մասին մի քանի հարց ուղղեցինք ԱԻՆ Փրկարարական վարչության նախկին պետ, գնդապետ Արսեն Արշակյանին։

-Պարո՛ն Արշակյան, ինչքանո՞վ էր օպերատիվ եւ պրոֆեսիոնալ կազմակերպված ԱԻՆ աշխատանքը՝ հաշվի առնելով, որ դեպքից երեք օր անց դեռ կան անհետ կորածներ, դիեր են դուրս բերվում եւ այլն։

-Ես նախ ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Շատ ծանր էր հետեւել, թե ինչ է կատարվում հայրենիքում, եւ թե ինչպես են կազմակերպվում ժամանակին մեր երկրի թիվ մեկ կառույցը համարվող հիմնարկի աշխատանքները։ Միանշանակ է, որ կար որոշում կայացնելու եւ կազմակերպելու խնդիր, ավելին՝ աշխատանքները պրոֆեսիոնալ կազմակերպվելու դեպքում հնարավոր կլիներ տարածքը մեկ օրում մաքրել, տարհանել մարդկանց՝ նվազագույն կորուստներով։

-Ի՞նչն էր սխալ կազմակերպված, ի՞նչ խնդիրներ եք Դուք նկատել, որ կարող եք մատնանշել, հետագայում գուցե վերանայեն, վերլուծեն, դասեր քաղեն։

-Նախ եւ առաջ, երբ դեպքը տեղի է ունենում, ահազանգի դեպքում տարածքը ամբողջությամբ փակվում է, որ ոչ մեկը չկարողանա մտնել, իսկ մենք տեսանք բաց տարածք, մարդիկ այնտեղ ման էին գալիս։ Ահազանգի դեպքում փրկարարները գալիս են, իրավիճակի ուսումնասիրում անում, անմիջապես դեպքի վայրի շտաբի ղեկավար է նշանակվում, իրավիճակին գնահատական է տրվում եւ անմիջապես Երեւանում քաղպաշտպանության ղեկավարը, ով քաղաքապետն է, բոլոր ջրատար, սանսեկտորի մեքենաները, բոլորը բերվում են հարակից տարածք, օպերատիվ իրավիճակ է, ուսումնասիրություն, գնահատական գոյություն ունի, թե ինչ է պետք այդ պահին՝ մարդու քանակ, տեխնիկա, թե ինչ։

-Օրինակ՝ տուժածների հարազատներից ոմանք պնդում էին, որ բավարար տեխնիկա չկա, մարդկային ռեսուրսի խնդիր կա, կամավորներ էին ներգրավել։ Առհասարակ՝ կամավորների ներգրավումը որքանո՞վ է ճիշտ այս պարագայում՝ հաշվի առնելով, որ նրանք հատուկ պատրաստություն չեն անցել։ Գուցե ավելի ճիշտ էր ոստիկաններին, պարեկներին ներգրավելը։

-Միայն մարդկանց բերել, լցնելով չի։ Ինչ վերաբերում է կամավորներին, ամեն անգամ չէ, որ կամավորների ներգրավումը արդյունավետ է լինում, կամավորի սխալ գործողության պատճառով ավելի վատ հետևանք կարող է լինել։ Փլատակներից մարդ դուրս բերելը շատ պատասխանատու գործ է, մի փոքր անգամ սխալ թույլ տալու դեպքում կարող են անդառնալի հետևանքներ լինել։

-Նաեւ նշվում էր, որ տեխնիկայի պակաս կար, կամ հնարավոր էր թեկուզ դրսից ուժեր ներգրավել, հատուկ տեխնիկա, շներ բերել, որպեսզի ողջ մնացած մարդկանց արագ գտնեին։

-Ինչպես հասկացա, լրացուցիչ տեխնիկայի պակաս կար, դա գալիս է նրանից, որ աշխատանքները սխալ են կոորդինացվել։ Յուրաքանչյուր տարածքում պետք է ունենային իրենց տարածքի տեխնիկայի ցուցակներ, թե որ քաղաքացին ինչ տեխնիկա ունի, բեռնատարներ, և այլն, նորից և նորից սխալ կազմակերպում։ Եվս մեկ նկատառում’ ջրատարների պակաս էր նշվում, իսկ ո՞վ ասաց, որ ԱԻՆ-ը պետք է ունենա անսահմանափակ քանակությամբ ջրատար, ո՛չ։ Նախ մոտակայքի հիդրանտները պետք է պատրաստ լինեին ջուր վերցնելու համար, և քաղաքապետարանի սանծառայության ամբողջ անձնակազմը պետք է ջրով մեքենաներով պատրաստ կանգնած լիներ հարակից փողոցներում։ Ամեն ինչ ունեցել է ԱԻՆ-ը՝ որոնողական շներ, անհրաժեշտ տեխնիկա, թե ուր էին, ինչու չէին մասնակցում, իրենց պետք է հարցնեք։Կա մի պատասխան՝ հազար ափսոս Արմեն Երիցյանի ստեղծածը։ Այն ժամանակ յուրաքանչյուր ստորաբաժանում ղեկավարում էր փորձառու մասնագետ, ո՞ւր են հիմա այդ մարդիկ, ինչո՞ւ չկան։ Երբ դեպքի վայրում հայտնվում են մաքուր, կոկիկ հագնված, բայց պատահական պաշտոնում նշանակված մարդիկ, իսկ իրական մասնագետները դուրս են մղվում, սա է լինում արդյունքը՝ կազմակերպչական ցածր մակարդակը։ Ինչպես կարո՞ղ է դեպքից հետո տարածքը երկար ժամանակ բաց լինել, ոստիկանությունը անմիջապես պետք է այն փակեր եւ հնարավորություն տար փրկարարին աշխատելու, իսկ այս դեպքում ով ցանկանում, դառնում էր կամավոր, մարդկային առումով շատ գովելի է, բայց մասնագիտական առումով դա անթույլատրելի է։

-Պարո՛ն Արշակյան, կարծես տարածքը ահռելի չէր, բայց երեք օր շարունակ աշխատանքների տեւելը ինչո՞վ է պայմանավորված, որքանո՞վ է հավանական, որ հնարավոր կլինի տարածքից ողջ մարդկանց դուրս բերել։

- Ցավոք, հավանականությունը շատ քիչ է, որ փլատակներում ողջ մնացածներ կլինեն, բայց, տա Աստված, փրկվեն։

-Պարո՛ն Արշակյան, տարիներ ի վեր՝ ԱԻՆ-ը եղել է երկրի թիվ մեկ կայացած կառույցը, միջազգային բարձր գնահատականների արժանացել, ընդհուպ օգնել այլ երկրներին աղետների դեպքում։ Եթե այս աղետի դեպքում նման սխալներ ենք արձանագրում, ապա սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մեր երկրում մեծ աղետ գրանցվի։ Ի՞նչ եղավ այդ կառույցի հետ։

-ԱԻՆ աշխատանքը, այո՛, տարիներ շարունակ եղել է բարձր մակարդակի վրա թե՛ որակի, թե՛ պատրաստվածության առումով։ Իմ կարծիքով՝ խնդիրը աշխատանքները կազմակերպելու մեջ էր։ Արմեն Երիցյանը այնպիսի ժառանգություն էր թողել, տեխնիկապես հագեցված հիմնարկ, պրոֆեսիոնալ տղաներ, կիրթ, զարգացած․․․ ամբողջ ընթացքում նստած հետեւում էի, ամենայն անկեղծությամբ, հին մասնագետ տղաներից ոչ մեկին այնտեղ չնկատեցի։ Նրանք տիրապետում էին՝ փլատակներից ոնց մարդ հանել, ինչ անել, ամեն շաբաթ գնում էին վարժանքների։ Ես այս օրերին մի մասնագետ չտեսա, սեւ ակնոցներով, փայլուն շորերով դուխով տղերքն էին կանգնած․ չի կարելի, դա մարդկային կյանքերի հետ է կապված։

-Նաեւ լուրջ խնդիրներ, հակասություններ կային հասարակությանը տեղեկատվություն հասցնելու մասով, տարբեր կառույցների խոսնակներ, առանձին պաշտոնյաներ իրենց հայտարարություններով ապատեղեկատվություն էին տարածում՝ սին հույսեր արթնացնելով, փորձելով պաշտոնական լրահոսից առաջ ընկնել։

-Այո՛, այդ խնդիրը եւս նկատեցի, նման դեպքերում տեղեկատվություն տվողը բացառապես ԱԻՆ լրատվականն է, բայց այս դեպքում ես տեսա, որ բոլորը հարցազրույց տվող են, դեպքի վայրում մաքուր, փայփլուն շորերով կանգնում, հարցազրույց են տալիս կամ փրկարարին ցուցում էին տալիս․ ա՛յ տղա, դու նրան կարո՞ղ ես ցուցում տալ, որ ցուցում ես տալիս։ Հարցերին պատասխանում է միայն լրատվականը, ոչ մի աշխատակից չի զբաղվում հարցազրույց տալով, դա անում է միայն լրատվականը։

-Այս օրերին քննարկվում է նաեւ հարցը, թե որքանով էր տեղի ունեցածը անփութություն, այլ հրդեհ, պայթյունների հետ են համեմատում՝ դիտավորություն փնտրելով, նաեւ պաշտոնական տեղեկատվության սղությունն է կասկածների, հեռուն գնացող եզրակացությունների պատճառ, քանի որ դեռ ոչինչ հայտնի չէ։

-Այս ամենը իրավապահ մարմինների դաշտում է, պետք է քննություն իրականացվի, չհիմնավորված կասկածներ տարածելը սխալ է, իրավապահ մարմինները գնահատական կտան։

Հարցազրույցի առաջին մասը՝ հղումով։