Երևան +17°
copy image url
Արտաքին Միտք 4 շաբաթ առաջ - 22:30 14-08-2024

Խինդ և ուրախություն. Ադրբեջանում հրճվում են Ռուսաստանի տարածքային կորուստներով

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Շուրջ երկուսուկես տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը նախորդ շաբաթ նշանավորվեց այն հանգամանքով, որ Ուկրաինայի զինված ուժերը, որոնք մինչև այժմ բացառապես պաշտպանողական մարտեր էին մղում, կարողացան ներխուժել Ռուսաստանի Դաշնության Կուսկի մարզի և տեղի մի շարք բնակավայրեր վերցնել իրենց վերհսկողության տակ։ Ավելի քան 1 շաբաթ շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում տարբեր հաշվարկներով ուկրաինական զինուժին հաջողվել է մոտ 1000 քառակուսի կմ տարածք գրավել, ինչը Ռուսաստանի իշխանությունների համար լրջագույն խնդիրներ է ստեղծել։

Ակնհայտ է, որ ուկրաինական կողմը, Ռուսաստանին անակնկալի բերելով, փորձում է վերջինիս համար այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ՌԴ-ն ստիպված լինի իր զորքերի մի մասը Ուկրաինայից տեղափոխել Կուրսկի մարզ, ինչն էլ ուկրաինական զինուժին թույլ կտա ազատագրել ռուսական վերահսկողության տակ գտնվող իր տարածքների մի մասը։

Այսօր արդեն The Wall Street Journal-ը՝ ամերիկացի անանուն պաշտոնյաներին հղումով, գրեց, որ Ռուսաստանը դուրս է բերում իր զորքի մի մասն Ուկրաինայի տարածքից՝ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը պատասխանելու համար [ռուսական կողմն այս տեղեկությունը չի հաստատել-Դ.Գ.]։ Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր սա առաջին անգամն է, երբ ՌԴ-ն իր զորքերը դուրս է բերում հարևան երկրի տարածքից։

Հայաստանում ուկրաինական զինուժի՝ Կուսկի մարզ ներխուժելու և ավելի քան 1000 քառակուսի կմ տարածք գրավելու վերաբերյալ իրարամերժ գնահատականներ են հնչում. մինչ փորձագետների մի մասը պնդում է, որ Ուկրաինան շարունակելու է զարգացնել իր հաջողությունները և ի վերջո իրեն պարտադրված պատերազմը հաղթական ելքով ավարտելու, որոշ փորձագետներ էլ վստահեցնում են, որ Կիևի հաջողությունները ժամանակավոր բնույթ են կրում, և ՌԴ-ն առաջիկայում կվերականգնի կորցրած բնակավայրերի նկատմամբ վերահսկողությունը։ Ավելին՝ կարծիքներ կան, որ ռուսական կողմն այս կերպ փորձում է առավել մեծ թվով ուկրաինացի զինծառայողների շրջափակման մեջ գցել ու ոչնչացնել, իսկ հետագայում իր հաջողությունները ռազմաճակատի այլ ուղղություններում զարգացնել։

Հատկանշական է, որ Ադրբեջանում հրճվում են Ռուսաստանի ունեցած տարածքային կորուստներով, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները, մեկը մյուսին հերթ չտալով, սեփական բնակչությանն ակնհայտ հակառուսական շեշտադրումներով տեղեկացնում են, թե ուկրաինական կողմը տարածքային ինչպիսի ձեռքբերումներ է ունեցել։ Հաճախ ադրբեջանական լրատվամիջոցները տարածում ու որպես իրականություն են ներկայացնում տարբեր տելեգրամյան ալիքներից ստացված ու չճշտված տեղեկություններ, որոնք շատ դեպքերում անմիջապես հերքվում են։

Օրինակ՝ Ադրբեջանի իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի խոսափողը համարվող «Haqqin.az» լրատվականը «Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանին նոր բռունցք է պատրաստում» վերտառությամբ հոդվածում տելեգրամյան ալիքներին հղումով նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերը Սումիի շրջանում նոր ուժեր և ռեզերվներ են կուտակում՝ Կուրսի մարզում առաջ շարժվելու նպատակով։

«Ուկրաինացի զինվորականները ծանր տեխնիկայի մեծ կուտակմամբ ևս մեկ բռունցք են կազմում Մալայա Ռիբիցա և Միրոպոլիե գյուղերի տարածքում։ Ըստ ամենայնի, զորքերը կմտնեն նաև Կուրսկի շրջանի Սուդժանսկի եւ Կորենեւսկի շրջաններ։

Բուն Կուրսկի շրջանում սահմանամերձ շրջաններում շարունակական ծանր մարտեր են ընթանում։ Ուկրաինայի զինված ուժերը տարբեր աստիճանի հաջողությամբ փորձում են հասնել Լգով և Ռիլսկ քաղաքների սահմաններին։

Եթե Ռուսաստանի զինված ուժերը չկարողանան պահել ճանապարհը, ապա կարող են կորցնել վերջին բնակեցված տարածքը՝ E98 մայրուղու վրա։

Բելգորոդի մարզում, ամենայն հավանականությամբ, դաշնային արտակարգ դրություն կհայտարարվի։ Գլխավոր շտաբը լրջորեն դիտարկում է ռազմաճակատի այլ հատվածներում տեղակայված մի շարք ստորաբաժանումների տեղափոխման հնարավորությունը՝ հնարավոր ներխուժումից պաշտպանվելու համար
»,- գրում է լրատվամիջոցը։

Մեկ այլ հրապարակման մեջ նույն լրատվամիջոցը կրկին չճշտված աղբյուրներին հղումով տեղեկացնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի շրջանի մի շարք բնակավայրեր՝ նշելով, որ խոսքը Լյուբիմովկա, Գոնչարովկա, Լեբեդևկա, Զաոլեշենկա, Կուրիլովկա, Պլեխովո գյուղերի մասին է։

Նշվում է, որ ռուսական ուժերը ուկրաինական զորքի առաջխաղացումը կանխելու նպատակով Կուրսկի մարզի տարածքում սկսել են խրամատների փորել, իսկ Ուկրաինային ամենամոտ խրամատը սահմանից գտնվում 45 կիլոմետր հեռավորության վրա։

Այսպիսով՝ ադրբեջանական լրատվամիջոցներում իսկական խինդ և ուրախություն է տիրում, և հարևան երկրում պարզապես հրճվում են Ռուսաստանի ունեցած տարածքային կորուստներով։ Հրապարակումները գրեթե միշտ կատարվում են հակառուսական շեշտադրումներով և ուշադրություն են հրավիրում հատկապես այն հանգամանքին, որ ռուսական զինուժը գտնվում է բավականին թույլ իրավիճակում և ի զորու չեն պաշտպանել անգամ սեփական երկրի տարածքը։

Նկատենք, որ Ադրբեջանում լրատվամիջոցների մեծամասնությունը գտնվում են իշխանություննների տոտալ վերահսկողության ներքո և առանց վերջիններիս թողտվության նման հրապարակումներ չեն կարող կատարել։ Այս իրողությունը փաստում է, որ Ադրբեջանում իշխող վերնախավը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ոգևորված է Ռուսաստանի տարածքային կորուստներով, ու թեև վերջինս ՌԴ-ի հետ արտաքուստ բարիդրացիական հարաբերություններ է պահպանում, իրականում այդ հարաբերությունները հեռու են դաշնակցային համարվելուց, իսկ նմանաբովանդակ բոլոր մեկնաբանություններն իրականության հետ աղերս չունեն։

Դավիթ Գույումջյան


adv_banner

Ամենից շատ դիտված

14:35 Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը
10:30 Դդումի կուտը միշտ չէ, որ օգտակար է․ ինչպես գցեցին և նստեցրին Առուշ Առուշանյանին
21:35 Ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը
22:14 Երևանում Ford-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը շպրտվել, կրկնակի վրաերթի է ենթարկվել Mazda-ի կողմից և տեղում մահացել. shamshyan.com
14:53 Տրակտորներով կապել, քաշքշում են, բայց շենքը չի քանդվում․ Պարույր Սևակում խառն են
22:47 Հերթական արտակարգ դեպքը՝ Երևանում. հսկայական ծառը արմատախիլ է եղել ու ընկնել մեքենաների վրա. shamshyan.com
09:25 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
19:21 6 եղբայր էին․ Շիրակում ավտովթարից մահացած տղամարդը Ջրաձոր գյուղից էր, ամուսնացած չէր
22:30 Սեփական տուն, հողամասեր, միանվագ խոշոր գնումներ, 119 մլն դրամ եկամուտ․ Արսեն Թորոսյանի և կնոջ ունեցվածքը
14:08 Երևանում Shacman բեռնատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհին կիսակողաշրջված հայտնվել է բետոնե պարսպի վրա. shamshyan.com