Երևան +17°
copy image url
Ներքին Սպորտ 9 ամիս առաջ - 23:14 13-08-2022

Մարզաշխարհի ներկայացուցիչները՝ Գաբրիել Սարգսյանի` Փաշինյանի հետ չհանդիպելու որոշման մասին

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանի քայլը հանրային մեծ աղմուկ է բարձրացրել․ շատերը ողջունում են նրա քայլը, որոշներն էլ քննադատում։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին, սակայն հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը չէր ներկայացել Փաշինյանի հետ հանդիպմանը։

Oragir.news-ը թեմայի առնչությամբ զրուցեց մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչների, վետերանների հետ՝ հարցնելով, թե ինչպես են գնահատում Գաբրիել Սարգսյանի քայլը։

Սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը հետևյալ կերպ արձագանքեց մեր հարցին․ «Հալալ է իրեն։ Գիտես՝ ղեկավարը պիտի արժանի ղեկավար լինի, որ գնաս մոտը։ Մալադեց, տղավարի էլ իրեն պահել ա, հալալ լինի։ Շատ ճիշտ է արել, նախ դա պիտի ղեկավար լինի, ոչ թե երկիրը ծախող, կեցցե ինքը, շատ է քեֆս բերել, բա չէ՝ մյուսների նման»։

Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Գուրգեն Ենգիբարյանն էլ է դրական գնահատում Գաբրիել Սարգսյանի քայլը․ «Բա ճիշտ է արել, ո՞վ լիներ, որ գնար։ Բա կարգին տղեն չէր գնա։ Ճիշտ է արել, որ չի գնացել, բա ո՞ւմ մոտ գնար, ինչի՞ համար գնար։ Ես շատ դրական եմ գնահատում, որ ինքը իր քայլը արել ա։ Ինչ, գնա նրա մոտ՝ ի՞նչ անի»,- ասաց Ենգիբարյանը։

Հարցին, թե մարզիկի էթիկայի տեսանկյունից արդյոք խնդիր չկա՞, երբ մերժում են երկրի ղեկավարի հրամանը, Ենգիբարյանն արձագանքեց․ «Դե հիմա էդ մարդը գտել է, որ ճիշտն էդպես ա, ու ես էլ եմ գտնում, որ ճիշտը դա ա։ Նրա հետ հանդիպեր, ի՞նչ աներ։ Դեռ լավ ա, որ ինքն էլ Արոնյանի նման չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության դրոշից, ուրիշ երկրի դրոշի տակ հանդես չի գալիս։ Ես շատ նորմալ եմ գնահատում իր քայլը։ Ես երեկ նայում էի այդ հաղորդումը, կային մարդիկ, որ գնացել էին, բայց դե ամեն մարդ մի ձևով է մտածում, ի՞նչ ասես, բայց իր քայլը շատ ճիշտ էր»։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էլ մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց. «Ցավոք սրտի, մեր հանրության մեծամասնությունը և հատկապես բազմաթիվ հայտնի մարդիկ մինչև հիմա չեն պատկերացնում կամ էլ չեն ուզում պատկերացնել պահի լրջությունը: Ստեղծվել է ոչ ստանդարտ իրավիճակ: Սա լավ ու վատ իշխանության խնդիր չէ, տնտեսական զարգացման դանդաղ տեմպերի մասին չէ, ոչ էլ պետական պարտքի աճի... Ունենք բացառիկ մի իրավիճակ, երբ հայրենիքին անասելի վնաս տված անձն իր խմբակով շարունակում է իշխել Հայաստանում և նորանոր աղետներ բերել երկրի գլխին: Արցախը ծանրագույն վիճակում է, խախտվել է ՀՀ պետական տարածքը, լրջագույն վնաս է հասցվել բանակին, ունենք հազարավոր զոհեր և հաշմանդամներ, բռնաբարվում է սահմանադրությունը… Այդքանից հետո գնալ, հանդիպել և ձեռք սեղմել այդ ամենի գլխավոր հեղինակի, «ճարտարապետի» հետ, մեղմ ասած՝ շատ սխալ եմ համարում: Բոլոր մակարդակներում պետք է մերժել այդ հանցավոր խմբակի ցանկացած ներկայացուցչին և հատկապես դրա պարագլխին: Ինքս 2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո որևէ պետական միջոցառման չեմ մասնակցում՝ լինի Անկախության տոն, Մայիսի 28, կամ մեկ այլ կարևոր միջոցառում, որին ներկա է «քաղաքական էլիտա» կոչվածը: Եվ ողջունում եմ ինչպես Գաբրիել Սարգսյանին, այնպես էլ բոլոր այն մարդկանց, ովքեր նման սկզբունքային դիրքորոշում են որդեգրում: Կարծում եմ՝ դա միակ ճիշտ վարվելաձևն է: Ո՞ւմ են պետք շնորհավորանքները, պատվոգրերը, մեդալները՝ ստորագրված ազգակործան պատուհասի կողմից: Իսկ նրանց համար, ովքեր կասեն, թե սպորտը չպետք է քաղաքականացնել, կարող եմ երկար դասախոսություն կարդալ»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:

Երևանի «Արարատի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանն էլ է ոգևորված Գաբրիել Սարգսյանի քայլով․ «Ես հպարտ եմ Գաբրիել Սարգսյանով, ես խոնարհվում եմ Գաբրիել Սարգսյանի նմանների առջև, որ մեր ազգին շատ Գաբրիել Սարգսյաններ են պետք, ու ես ողջունում եմ իր արած այդ քայլը՝ անկախ ամեն ինչից։ Նա և՛ համաշխարհային աստղ է․․․, մի խոսքով՝ չեմպիոնի տիտղոս նվաճած մարդիկ, հաղթանակներ տոնած մարդիկ, Լևոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի նման մարդիկ մեզ շատ-շատ են պետք։ Սրանց քիթը միշտ պիտի գետնին առնի։ Այո՛, դավաճանների հետ ի՞նչ հանդիպեր, դրանց հետ համագործակցելու ոչինչ չկա։ Ես հպարտանում եմ և՛ իրենով, և՛ իր քայլով»,- մեզ հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին էլ հարցրինք, թե ինչ կարծիք ունի Գաբրիել Սարգսյանի քայլի վերաբերյալ, արձագանքեց․ «Դա պետք է Գաբրիել Սարգսյանից հարցնել»։

Հարցրինք՝ ինքը ինչպես կվարվեր, եթե լիներ գործող մարզիկ, Լպուտյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, եթե ես լինեի մարզիկ, այդ ժամանակ կմտածեի, բայց հիմա ասել չեմ կարող»։